«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը
– Պարո՛ն Բադալյան, սույն թվականի օգոստոսի 15-ից մեկնարկած Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի վերաբերյալ ձեր դիտարկումներն եմ խնդրում. կիրառվող տեխնոլոգիաները, քաղաքական ուժերի կարգախոսների և այլ գործիքների մասին:
– Ընտրական գործընթացին մասնակցում են 14 քաղաքական ուժեր՝ 13 կուսակցություն, 1 դաշինք, բոլորը չեն, ըստ մեր դիտարկումների, որ հաղթանակի հույսով են մտել պայքարի մեջ, ինչը բնական է: Քաղաքական ուժերը պետք է բաժանենք երկու մասի՝ ֆավորիտներ ու ոչ ֆավորիտներ: Ֆավորիտների մեջ կարող ենք ընդգրկել այն ուժերին, որոնք այս կամ այն ռեսուրսն ունեն, բայց պետք է նկատի ունենալ, որ ռեսուրս ունենալն ու հաղթանակի հասնելը տարբեր բաներ են: Դու կարող ես ռեսուրս ունենալ, բայց ամբողջովին ձախողել քո քարոզարշավը և շատ ցածր տոկոս քվե ստանալ ու ընդհակառակը:
Այս պահին մենք կարող ենք գնահատել միայն ռեսուրսների տեսանկյունից, իսկ այդ անկյունից, բնականաբար, ամենաշատ ռեսուրս ունեցողը «Քաղաքացիական պայմանագիրն» է, և հավանականությունը շատ մեծ է իհարկե, որ նա անպայման մտնելու է ավագանու կազմ:
Ռեսուրս ունի նաև «Մայր Հայաստան» դաշինքը, որովհետև նրանց աջակցում են այնպիսի քաղաքական ուժեր, որոնք այս կամ այն չափով ռեսուրսային են, ու նրանց քարոզարշավի բովանդակությունը՝ Արցախին վերաբերող, երևանցիների մի մասի մոտ պահանջարկ ունի, նրանք նաև ունեն մեդիառեսուրս:
Ռեսուրս ունի նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը, նրանք լրատվամիջոցներ ունեն, որոնց գործունեությունը լուսաբանում են, տրանսպորտային միջոցներով շրջում են, նրանց կուսակցության փաստացի աջակիցը բավական մեծահարուստ մարդ է, որն Արցախում է ու, ենթադրաբար, ֆինանսական աջակցություն է տրամադրում քաղաքական այս ուժին:
Կան ևս երկու քաղաքական ուժեր, որ ռեսուրս ունեն, մեկը շատ քիչ հայտնի «Հանրային ձայն» կուսակցությունն է, որի ղեկավարներից շատ քչերը Հայաստանում ինչ-որ ճանաչում ունեն, բայց այդ ուժն ունի մի ռեսուրս, որն ԱՄՆ-ում է նստած ու գրեթե ամենօրյա ռեժիմով հաղորդումներ է ունենում ու բավականին մեծ լսարան ունի: Սա ևս ռեսուրս է, բայց ունկնդիրներն ի՛նչ չափով կվերածվեն նաև քվեարկողների, այլ հարց է:
Հինգերորդ ուժը, որը ևս ռեսուրս ունի, նախկին քաղաքապետն է, այլ ոչ թե նրան աջակցող քաղաքական ուժը, որովհետև այդ ուժի անունը շատերն անգամ չգիտեն, բայց քանի որ Հայկ Մարությանը եղել է քաղաքապետ ու այդ ընթացքում ձեռք է բերել որոշակի վարկանիշ, դա ևս ռեսուրս է:
Սրանք ֆավորիտ ուժերն են, իսկ մյուսները ոչ ֆավորիտներն են, որոնք մտել են պայքարի մեջ տարբեր նպատակներով: Այս ուժերն այն ուժերը չեն, որոնց պետք է առանձին-առանձին անդրադառնալ: Ֆավորիտ ուժերից թե որը քանի՛ տոկոս կստանա, այս պահին դժվար է ասել:
Կա նաև մեկ գործոն, որը մշտապես պետք է հաշվի առնել, դա նկարչական ռեսուրսն է, որը եղել է նախկին 30 տարի կայացած բոլոր ընտրությունների ժամանակ, թե իշխանություններն ի՛նչ չափով կնկարեն ընտրությունները, որովհետև դու կարող ես 5 տոկոսի չափով նկարես, ու դա ամբողջովին փոխի ավագանու կազմի քաղաքական պատկերը: Նկարչական ռեսուրսը մշտապես կա, բայց թե ի՛նչ չափով կօգտագործվի, չի օգտագործվի՝ չեմ կարող ասել: Ընդհանուր պատկերը սա է:
Ինչ վերաբերում է տեխնոլոգիաներին. դրանք շատ պարզ ու պրիմիտիվ տեխնոլոգիաներ են. բակից բակ ընտրարշավ են իրականացնում, որտեղ հանդիպում են քաղաքացիների հետ ու ներկայացնում իրենց ասելիքը: Բացի այս ամերիկյան բլոգերի կուսակցությունից, բոլորը նույն տեխնոլոգիան են կիրառում: Քաղաքական այս ուժերի ասելիքը երկու մասի է բաժանվոմ. ՔՊ-ն ընդգծված ներկայացնում է համայնքային խնդիրներ, «Միասնական Հայրենիքը»՝ Արցախի խնդիրները, իսկ «Ապրելու երկիրը»՝ 50/50 հարաբերակցությամբ: Մնացածների պարագայում անորոշ է:
– Իսկ ընտրված կարգախոսներն ինչպե՞ս եք գնահատում:
– Կարգախոսներն ընդհանրապես ընդհանուր ասելիքի սեղմ ձևակերպումներն են, օրինակ՝ «Քաղաքացիական պայմանագիրը»՝ «Ասե՛ք, կանենք», այսինքն՝ համայնքային խնդիրների բարձրաձայնումն է, ի՛նչ խնդիր կա համայնքում, ասեք, որ անենք: Նույնը մյուսներին է վերաբերում: Աշխատողը դա չէ, ինչ կարգախոս ուզում է թող լինի, հարցը բովանդակությունն է, թե հանդիպման ժամանակ ի՛նչ ես ասում: Կարգախոսներն իմաստ էլ չունի անգիր հիշել, դրա վրա ես ժամանակ չեմ կորցնում, կարևորը՝ բովանդակությունն է, որի մասին խոսեցի:
Նկատելի է նաև այն, որ ինչպես սկսվել է քարոզարշավը, այնպես էլ շարունակվում է, բովանդակային կամ գործողությունների որևիցե աճ ոչ մեկի մոտ չի նկատվում, այսինքն՝ ինչ ասել են օգոստոսի 15-ին, նույնությամբ կրկնում են, մեկ էլ՝ իրենց ծրագրային թռուցիկներն են բաժանում, որևէ հարուստ տեխնոլոգիական գործընթացներ չեն իրականացվում: Տպավորություն է, որ մեզ մոտ 1990 թվականն է, ու առաջին անգամ են նման ընտրություններ անցկացվում, որովհետև շատ աղքատիկ տեխնոլոգիաներ են կիրառում բոլորը:
-Պարո՛ն Բադալյան, իսկ ի՞նչ տեխնոլոգիաներ կարող էին կիրառել և ինչու՞ չեն կիրառվում:
– Տեխնոլոգիաները զարգանում են այն երկրներում, որտեղ տեղի են ունենում ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ: Մեզանում 30 տարի գիտենք, թե ինչպես են ընտրություններ անցկացվում, իսկ այդ համակարգում տեխնոլոգիաները հիմնական դերակատարում չունեն, տեխնոլոգիաները չէ, որ ձայն են բերում, վարչական ռեսուրսներն ու 10 հազար դրամն են ձայն բերում, երբ 10 հազար դրամ ես տալիս, ձայնն առնում ես:
Հետո էլ այնպես չէ, որ տեխնոլոգիան երաշխավորված ձայն է բերելու քեզ, կարող ես ամեն բան լավ անել, բայց չհաղթել, իսկ երբ դու 10 հազար դրամ փող ես բաժանում, հարյուր տոկոս հաղթում ես: Քանի որ մեզ մոտ անազնիվ տեխնոլոգիաներով են ընտրություններն անցկացվել, դրա համար էլ մեզանում տեխնոլոգիաները չեն զարգացել, մնացել ենք 90-ականներում, որովհետև այն, ինչ անում են հիմա, արվում է ԽՍՀՄ-ում:
– Կարծում եք՝ գումար կբաժանե՞ն:
– Չեմ կարող ասել, կապրենք, կտեսնենք:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am