«Մի շարք «շնաձկներ» կսկսեն մտածել, որ եթե «Սերժի Վաչոն» է այս միջոցով ազատվում քրեական պատասխանատվութունից, ապա ինչո՞վ են իրենք պակաս նրանից»․ Փաստաբան

Փաստաբան Նորայր Նորիկյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ, Վաչագան Ղազարյանի /Հայտնի է որպես Սերժի Վաչո/ նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ հարուցված քրեական գործի վարույթը՝ կարճվել:

Մարդը վճարել է շուրջ 6 միլիոն ԱՄՆ դոլլար որպես ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով նախատեսված հանցագործության կատարման համար /Հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը/ և նույն օրենսգրքի 189-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված հիմքով ազատվել քրեական պատասխանատվությունից:

Այլևս ավելորդ եմ համարում մանրամասնել ի սկզբանե Վ. Ղազարյանին առաջադրված մեղադրանքի և դրա էության մասին, այդուհանդերձ, ցանկանում եմ արձանագրել, որ այսպես կոռուպցիայի դեմ չեն պայքարում, այսպես առհասարակ վտանգի տակ են դնում կոռուպցիայի դեմ պայքարի ողջ փիլիսոփայությունը և հասարակության վստահությունն այդ գործընթացի նկատմամբ:

Այսպիսի արդյունքները խորքային ադեցություն են ունենալու օրինականության վերականգնման գործընթացի վրա՝ պահպանելով իրավապահ համակարգի նկատմամբ ունեցած անվստահությունը:

Պետք չէ կասկածել, որ այսուհետ մի շարք «շնաձկներ» կսկսեն մտածել, որ եթե «Սերժի Վաչոն» է այս միջոցով ազատվում քրեական պատասխանատվութունից, ապա ինչո՞վ են իրենք պակաս նրանից:

Բարդ է…»։