«Մենք եկել էինք պարզաբանում ստանալու Նիկոլ Փաշինյանի հայտարարությա վերաբերյալ». արցախցի պատգամավոր

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը

Պարո՛ն Գալստյան, Արցախից ինը հոգանոց պատվիրակությամբ երկու օր Հայաստանում էիք ու հանդիպումներ եք ունեցել ՀՀ ԱԺ նախագահի ու արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Ի՞նչ հարցեր եք քննարկել:

-Այդ հանդիպումը ոչ թե ինչ-որ հարցերի քննարկման նպատակ էր հետապնդում, այլ՝ պարզաբանման: Մեզ շատ էր մտահոգել խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը, որում ընդհանրապես անդրադարձ չկար Արցախի վերաբերյալ: Մենք եկել էինք պարզաբանումներ ստանալու այդ հայտարարության մասով, հասկանալու՝ ինչ է սպասում Արցախին: Իշխանության ներկայացուցիչները վստահեցրին, որայս պահի դրությամբ, ցավոք սրտի, չկա որևէ պայմանագիր, որը պետք է ստորագրվի ու դրա միջոցով հնարավոր լինի տարածաշրջանում խաղաղություն ապահովել:

Նրանց խոսքով՝ Հայաստանը չի պատրաստվում Արցախին վերաբերող որևէ փաստաթուղթ ստորագրել՝ առանց Արցախի բնակչության կարծիքը հաշվի առնելու ու առանց Արցախի հետ քննարկելու: Խոսակցության մակարդակում էին այս վստահեցումները, բայց ես ընդգծեցի, որ մեզ պետք են գործնական քայլեր, հուսամ՝ ապագայում դրանք կտեսնենք:

Ըստ ձեզ՝ իսկապե՞ս չկա նման փաստաթուղթ, որի մասին ԱԺ-ում խոսեց Նիկոլ Փաշինյանը:

– Սա առաջին դեպքը չէ, երբ Նիկոլ Փաշինյանի խոսքերը ճիշտ են հասկանում միայն իշխանական պատգամավորները, մնացած բոլորս սխալ ենք հասկանում: Նրանք վստահեցրին, որ Փաշինյանի այդ հայտարարությունը սխալ է ընկալվել, և, որ Արցախին առնչվող որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու առանց Արցախի ժողովրդի կամքը հաշվի առնելու:

Պարո՛ն Գալստյան, Արցախում տեղի ունեցող բողոքի ակցիաները շարունակվելո՞ւ են: Դրանք ինքնաբո՞ւխ ակցիաներ էին, թե՞, ինչպես նշում են ոմանք կազմակերպված էին տարբեր ուժերի կողմից:

– Եթե տարբեր ուժեր ասելով նկատի ունենխորհրդարանական ընդդիմությանը, որոնցից մեկն էլ «Արդարություն» խմբակցությունն է, ապա պետք է ասեմ, որ դա կազմակերպված ակցիա չի եղել, մարդկանց զայրացրել է Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը, ինչի համար էլ նրանք դուրս էին եկել փողոց՝ արտահայտելու իրենց անհամաձայնությունը: Մենք բազմիցս ենք ընդգծել, որ Ադրբեջանի կազմում Արցախն ապագա չի կարող ունենալ և չունի:

-Իսկ այդ հանդիպումից պարզ դարձա՞վ, թե հայաստանյան իշխանությունն ի վերջո ինչ քաղաքականություն է որդեգրել Արցախի հարցում:

-2018 թվականից այս իշխանության քաղաքականությունը հետևյալն էր, որ Արցախը գլխացավանք է, եթե Արցախը չլինի՝ կապրենք ավելի հանգիստ ու խաղաղ, բայց երևի արդեն հասկացել են, որ թշնամին Արցախից հետո պահանջելու է Սյունիքը, Սյունիքից հետո՝ Վարդենիսը, Սևանը և այլն: Հուսով եմ, որ հասկացել են ու անհրաժեշտ հետևություններն արել են ու հիմա փորձում են կամ կփորձեն հրաժարվել այն բոլոր բանավոր պայմանավորվածությունների կատարումից, որոնք տրվել են: Հուսամ՝ իրենք ի վերջո հասկացել են, որ Արցախը կորցնելով՝ չեն կարող փրկել Հայաստանը:

Իսկ իշխանությունն այսօր ունի՞ հնարավորություն խուսափելու այդ պայմանավորվածությունների կատարումից, եթե, իհարկե, կան նման պայմանավորվածություններ:

-Այդ դեպքում կա երկու տարբերակ. կա՛մ, ինչպես ասացի, պետք է ուղղակի հրաժարվի այդ պայմանավորվածությունների կատարումից, կա՛մ, եթե չի կարող դա անել՝ պետք է հրաժարական ներկայացնի:

Պարո՛ն Գալստյան, վերջին օրերին Ռուսաստանի նկատմամբ արտահայտվող դժգոհությունն ավելի է սրացել, անընդհատ հնչում են ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչեր: Արդարացվա՞ծ են այդ դժգոհությունները, ՀԱՊԿ-ից դուրս գալն այսօր Հայաստանին ի՞նչ կարող է տալ:

-Բնականաբար, ՀԱՊԿ-ի արձագանքն այն չէր, ինչ ակնկալում էինք, բայց ես հիմա չեմ ուզում խոր վերլուծություն անել ու դիրքորոշում արտահայտել այդ ամենի մասով: Եկեք չմոռանանք, որ Արցախում այսօր տեղակայված են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք արցախահայության անվտանգության ու ապահովության երաշխավորն են: Հետևաբար, ճիշտ չի լինի, որ ես հիմա խոր մեկնաբանություն անեմ՝ հատկապես, երբ միայն ՀՀ իշխանությունն է բավարար ինֆորմացիայի տիրապետում:

Ստեղծված իրավիճակում Հայաստանի իշխանության քայլերը որո՞նք պետք է լինեն, որպեսզի կարողանան ճնշել թուրք-ադրբեջանական ագրեսիան:

-Ադրբեջանը երբեք չի թաքցրել իր իրական նպատակները թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի նկատմամբ, ու ես չեմ բացառում, որ Ադրբեջանը ավելի լայնամասշտաբ ռազմական գործողություների կդիմի: Իշխանության խնդիրն է նախևառաջ զորացնել ու վերականգնել մեր բանակը, որովհետև ադրբեջանական ագրեսիան կանխելու առաջնային ու վստահելի միջոցը մեր զինուժն է, երկրորդ՝ պետք է կարողանա ճիշտ արտաքին քաղաքականություն վարել՝ հաշվի առնելով պետական ու ազգային շահերը:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am