«Հայաստանը ստիպված է մասնակցում «3+3»-ի քննարկումներին, նրան համոզում են, որ մասնակցի». Տիգրան Գրիգորյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը

Պարո՛ն Գրիգորյան, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումն ինչպե՞ս եք գնահատում: Հանդիպումից հետո Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի հանդիպում է նախապատրաստվում, ժամկետներն ու օրակարգը համաձայնեցվում են: Ի՞նչ նպատակ է հետապնդում այս ձևաչափի ակտիվացումը:

– Բազմիցս ենք ասել, որ տարածաշրջանային խաղացողների՝ Ռուսաստան, Իրան, Թուրքիա, շահերից է բխում այդ հարթակի գոյությունը, ու այդ առումով կրկին փորձ է կատարվում ակտիվացնել այդ ձևաչափի աշխատանքները:

Ինչպես հիշում ենք, նման փորձեր եղել են նաև ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից անմիջապես հետո: Նպատակը հիմնականում մեկն է՝ սահմանափակել արևմտյան ազդեցությունը Հարավային Կովկասում ու միմյանց միջև կոորդինացնել բոլոր կարևոր զարգացումները տարածաշրջանում:

– Իսկ այս փորձը հաջողությամբ կպսակվի՞, կկայանա՞ այս ձևաչափով հանդիպումը:

– Հանդիպումը միգուցե տեղի ունենա, բայց գլխավոր հարցն այն է, թե ինչ կտա այն: Պարզ է, որ Վրաստանը, ամենայն հավանականությամբ, հերթական անգամ կհրաժարվի այդ հանդիպմանը մասնակցելուց, ուստի ճիշտ է խոսել «3+2» ձևաչափի մասին:

Սա ավելի շատ նման է ինչ-որ խորհրդատվական հարթակի, որը թույլ է տալիս պարբերաբար հանդիպել, քննարկել ու կոորդինացնել տարբեր դիրքորոշումներ: Գործնական արդյունքներ ակնկալել, իմ կարծիքով, դժվար կլինի:

Իսկ ռուսական ջանքերը՝ միտված արևմտյան ազդեցության նվազեցմանը տարածաշրջանում, որքանո՞վ են արդյունավետ, եթե նկատի ունենանք, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում իր ակտիվ ներգրավվածությունն ունի նաև Արևմուտքը:

– Ինչպես արդեն նշեցի, խոսքը միայն Ռուսաստանի մասին չէ, այլ նաև՝ Թուրքիայի ու Իրանի: Արևմտյան ներկայություն տարածաշրջանում, իհարկե, կա, ու առնվազն դիվանագիտական առումով վերջին ամիսների ընթացքում տեսնում ենք թե՛ ԱՄՆ-ի աճող ներգրավվածությունը տարածաշրջանում, թե՛ Եվրոպական միության շարունակական ներկայությունը տարածաշրջանում:

Դժվար է խոսել Արևմուտքի ազդեցությունը չեզոքացնելու գործընթացի արդյունավետության մասին, կարծում եմ, ավելի շատ ականատես կլինենք տարբեր ձևաչափերի մրցակցության, որն արդեն իսկ տեսանելի է: Սա ավելի շատ բացասական միտում է, քան՝ դրական տարածաշրջանի հատկապես փոքր երկրների համար:

– Պարո՛ն Գրիգորյան, իսկ ընդհանուր առմամբ «3+3» կամ «3+2» ձևաչափը Հայաստանին ի՞նչ է տալու, ավելի շատ կօգնի՞, թե՞ կխանգարի:

– Չեմ պատկերացնում, թե այս ձևաչափն ինչպես կարող է օգնել Հայաստանին կամ հարավկովկասյան մյուս երկրներին, որովհետև սա մեծ հաշվով փորձ է զրկել այդ երկրներին սուբյեկտայնությունից ու որոշումներ կայացնել նրանց փոխարեն՝ ավելի բարձր մակարդակով: Վստահաբար, սա ո՛չ Հայաստանի, ո՛չ Վրաստանի շահերից չի բխում, Ադրբեջանի դեպքում կարող ենք վերապահումներ անել, որովհետև Թուրքիայի հետ առանձնահատուկ հարաբերություններ ունեն, բայց Հայաստանի մասով պարզ է, որ նա ստիպված է մասնակցում այս քննարկումներին, նրան համոզում են, որ մասնակցի, եթե Երևանը որոշողը լիներ, դժվար թե մասնակցեր նմանատիպ ձևաչափերի:

Գլխավոր համոզողը Ռուսաստա՞նն է:

– Դե այո՛, էլ ո՞վ:

Խաղաղության պայմանագրի հնարավոր կնքման մասին են նաև խոսել արտգործնախարարները, այս առումով ի՞նչ զարգացումներ կարող ենք ակնկալել, օրինակ՝ Ադրբեջանի արտգործնախարարն ասել է, որ Ալմա Աթայի հռչակագիրը լավ հնարավորություն է տալիս դրա համար:

– Խաղաղության պայմանագրի հիմքը ոչ թե այդ հռչակագիրն է, այլ՝ ադրբեջանական հինգ կետից բաղկացած առաջարկության փաթեթը, այդ հռչակագիրն ավելի շատ կարող է հիմք հանդիսանալ պետական սահմանին դելիմիտացիայի գործընթացի համար:

Մինչև տարեվերջ, չեմ կարծում, թե ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի, որովհետև որոշակի բարդություններ են ի հայտ եկել: Այստեղ ևս կա ձևաչափերի մրցակցություն, ու պարզ է, որ ռուսական տարբերակը տարբերվում է սեղանին դրված մյուս տարբերակից, ու դժվար թե Ադրբեջանը համաձայնի այդ տարբերակով առաջ շարժվել:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am