«Ռուսաստանը նախ փորձում է Ադրբեջանի միջոցով լուծել Հայաստանի հարցերը». Արմեն Պետրոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը

-Պարո՛ն Պետրոսյան, որքանո՞վ եք իրատեսական համարում ԼՂ-ում ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատով օժտելը կամ ԼՂ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հնարավորությունը, եթե ՄԱԿ-ի ԱԽ դիմի Ռուսաստանը, ինչպես ակնկալում է Նիկոլ Փաշինյանը: Այս հարցով Ռուսաստա՞նը, թե՞ Հայաստանը պետք է դիմում ներկայացնի:

– Իրականում բավականին բարդ գործընթացի ականատես ենք, ու Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն ավելի շատ քաղաքական հարթությունում են: Ինչու եմ ասում՝ քաղաքական, որովհետև ռուս խաղաղապահների ներկայությունը մեր տարածաշրջանում, որն ապահովեց 44-օրյա պատերազմի հետևանքը, Ռուսաստանի հաջողությունն էր իր տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական մրցակիցների նկատմամբ, այսինքն՝ Ռուսաստանը կարողացավ արցախյան հարցի կարգավորման գործընթացից դուրս թողնել ԵԱՀԿ Մինսկի եռանախագահության իր գործընկերներին ու որոշակի հնարավորություն ընձեռեց Թուրքիային, որովհետև այդ պայմանավորվածությունը տեղի ունեցավ նաև Ռուսաստան-Թուրքիա որոշակի փոխզիջումների արդյունքում: 

Այս պարագայում ռուս խաղաղապահների դերակատարման վերանայման հարցը Հայաստանի կողմից կլինի միանշանակ հակառուսական քայլ, որը կարող է առաջացնել Ռուսաստանի հակազդեցությունը, թերևս այդ համատեքստում էր ՀՀ վարչապետի քաղաքական ակնարկը Ռուսաստանին: Բայց հազիվ թե կարելի է ակնկալել, որ Ռուսաստանը կգնա նման քայլի, որովհետև դա նշանակում է թուլացնել սեփական դիրքերը: Ռուսաստանին անգամ նման խնդրահարույց իրավիճակում միայնակ ներկայությունն Արցախում շատ ավելի ձեռնտու է, քան ավելի ուժեղ խաղաղապահների առկայությունը՝ այլ դերակատարների հետ միասին: 

Հաջորդ հանգամանքն այն է, որ բավականաչափ դժվար կլինի ՄԱԿ-ում Արցախում նոր խաղաղապահ առաքելության տեղակայման որոշակի փոխզիջման հանգել: Դա կարող է լինել Անվտանգության խորհրդի հատուկ մանդատի ներքո, բայց քանի որ աշխարհը ներկայում գտնվում է լրջագույն դիմակայության շրջափուլում, դժվար է կանխատեսել, որ ԱԽ մշտական անդամներից մեկնումեկը վետո չի կիրառի այն բանաձևի օգտին, որը կարող է նպաստել իր աշխարհաքաղաքական հակառակորդի հաջողությանը: Այսինքն՝ սա բավականաչափ բարդ գործընթաց է: Այսօր, բնականաբար, Ադրբեջանի համաձայնությունն ակնկալել ևս պետք չէ, որովհետև նրա գործողությունները ներկայում ուղղված են Արցախի ամբողջական կլանմանը, այդ թվում նաև՝ ռուս խաղաղապահների դուրսբերմանը:

– Ձեր տպավորությամբ՝ ի վերջո միութենական պետությանն անդամակցելու հարց կա՞ օրակարգում, թե՞ ոչ, եթե նկատի ունենանք կողմերի իրարամերժ հայտարարությունները: 

 – Հստակ դիրքորոշում արտահայտել, բնականաբար, չեմ կարող, որովհետև ընթացող բանակցությունների վերաբերյալ շատ քիչ տեղեկություններ կան: Բայց հաշվի առնելով նաև մեր տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականության հիմնական առանձնահատկությունները, որը մշտապես միտված է եղել Հայաստանի միակ փրկիչը լինելուն տարածաշրջանում, այսինքն՝ ուղիղ Ռուսաստանի ազդեցությամբ կամ անուղղակի, մշտապես, երբ Հայաստանի համար ստեղծվել է գոյաբանական խնդիր, Ռուսաստանը դիտարկվել է որպես ամենավստահելի փրկօղակ: 

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ձևավորված իրավիճակը Հայաստանի շուրջ, ադրբեջանական շարունակվող սպառնալիքները, իհարկե Թուրքիայի հովանավորությամբ, նմանատիպ իրավիճակ են ստեղծել ու կարելի է նաև կանխատեսել ստեղծված իրավիճակում Ռուսաստանի լուռ համաձայնությունը կամ որոշակի առումով անգործությունը, հենց միտված են կրկին Հայաստանի համար պատմական ցիկլի վերարտադրմանը, այսինքն՝ Հայաստանի համար գոյաբանական խնդրի գեներացմանը ու դրա լուծման համար Ռուսաստանին՝ որպես միակ փրկօղակի դիտարկմանը: 

Քանի որ մենք ականատես ենք զուգահեռաբար Ռուսաստանի համար լրջագույն աշխարհաքաղաքական խնդիրների ու տարբեր տարածաշրջաններում նրա հակառակորդների ակտիվացման, պարզ է, որ ներկայում Ռուսաստանի շահերից է բխում, որ Հայաստանը մտնի միութենական պետության կազմի մեջ: Դրանով փաստացի Ռուսաստանը կբացառի Հայաստանում իր աշխարհաքաղաքական հակառակորդների ակտիվացման հնարավորությունը: 

Ըստ էության, Ռուսաստանի խաղի տրամաբանությունը Հարավային Կովկասում կարելի է գնահատել այսպես. Մոսկվան օգտագործում է Ադրբեջանին՝ Հայաստանի հարցերը լուծելու համար, այսինքն՝ Ադրբեջանից բխող սպառնալիքներն օգտագործում է Հայաստանին պատին դեմ տալու և միութենական պետության մեջ ներքաշելու համար, որից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակն օգտագործելու է Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու ու նրան ևս սեփական ձևաչափերում ներգրավելու ուղղությամբ, այսինքն՝ միանշանակ է, որ տարածաշրջանն ամբողջովին է կարևոր Ռուսաստանի համար, միայն Հայաստանով չի բավարարվելու, ուղղակի քայլերի հերթականության խնդիր է: 

Թուրքիայի հետ ավելի ինտեգրվելու հնարավորությունը հաշվի առնելով՝ Ռուսաստանը նախ փորձում է Ադրբեջանի միջոցով լուծել Հայաստանի հարցերը, Հայաստանի միջոցով ամրապնդվելուց հետո փորձելու է աշխատել Ադրբեջանի ուղղությամբ: Պարզապես ես հիմա կդժվարանամ ասել, թե ի՛նչ մեխանիզմներով կարող է աշխատել, արդյոք դա տեղի չի՞ ունենա Հայաստանին պարտադրված զիջումներով, թե՞ շատ ավելի կոշտ միջոցներով: Իսկ Հայաստանի կողմից մենք տեսնում ենք բոլոր հնարավոր միջոցներով այդ միութենական պետության պարտադրանքի չեզոքացում, որովհետև, կրկնում եմ, դա որևէ կերպ չի բացառում նաև նոր տարածքային զիջումները մեր թշնամիներին: 

-Իսկ այդ միջակայքում Արցախին ի՞նչ է սպասում, ի՞նչ զարգացումներ են հնարավոր, պարո՛ն Պետրոսյան:

– Ինչպես Ռուսաստանի, այնպես էլ գրեթե ողջ միջազգային հանրության պարագայում կարծես թե միանշանակ ընդգծվում է հետևյալ դիրքորոշումը. 44-օրյա պատերազմի արդյունքներն ընդունել ու որպես դրան հաջորդող տրամաբանական քայլ Արցախն ամբողջությամբ Ադրբեջանի կազմում ինտեգրել: 

Համենայնդեպս, ես այդպես եմ գնահատում առկա իրավիճակը, որովհետև սա մեծ հաշվով 44-օրյա պատերազմի շարունակությունն է արդեն հիբրիդային գործիքակազմի կիրառմամբ, ու եթե ինչպես 2020-ի պատերազմի ժամանակ որևէ, նաև արևմտյան դերակատար ուղիղ ու ավելի ազդեցիկ միջամտություն չունեցավ պատերազմը կանխելու համար, ներկայում էլ նույն իրավիճակն է: 

Իսկ այս ամենը նշանակում է, որ կա լուռ համաձայնություն՝ ընդունել Ադրբեջանի ազդեցությունն Արցախում: Իսկ մեր հակազդեցության ձևաչափն էլ դարձյալ նույնն է, ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ. մենակ ենք պայքարում թուրք-ադրբեջանական օրակարգի դեմ ու փաստացի ականատես ենք 120 հազար մարդու շրջափակման:

– Թե՛44-օրյային, թե՛ հիմա մեր մենակ լինելը ինչի՞ հետևանք է, միայն աշխարհաքաղաքական դասավորությա՞ն, թե՞ նաև իշխանությունների թերացումների:

– Մի շարք գործոնների համադրման, ըստ իս, որովհետև այն, ինչին մենք ականատես ենք, ըստ էության հետևանք է 44-օրյա պատերազմից հետո մեր դիրքերի թուլացման, ապա նաև, իհարկե, տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական իրողությունների: 

Հայաստանի լրջագույն խնդիրը պետք է լիներ ամեն կերպ բացառել 44-օրյա պատերազմը կամ գոնե պատերազմի նման ավարտը: 

Մեր հիմնական սխալը երևի թե այս հարթությունում է, իսկ մնացածում՝ տարածաշրջանային գլոբալ դիմակայությունը, աշխարհաքաղաքական ներկա փոփոխությունները կանխելու հարցում, իհարկե, Հայաստանի հնարավորությունները խիստ սահմանափակ են: 

– Լաչինի միջանցքի ճակատագիրն ի՞նչ է լինելու:

– Բավականաչափ բարդ հարց եք տալիս, որովհետև մենք ականատես ենք ոչ միայն ճանապարհ բացել-փակելու խնդրին, այլև՝ առնվազն տարածաշրջանային, իսկ ինչու ոչ՝ նաև աշխարհաքաղաքական խաղի նոր պարտիայի: Այստեղ միայն Լաչինի միջանցքի հարցը չէ, խաղն ավելի գլոբալ է, նույն Ռուսաստանի ազդեցության թուլացման դեմ է ուղղված, կապված է մեր տարածաշրջանում Արևմուտքի հետաքրքրությունների, Թուրքիայի դիրքերի ուժեղացման հետ: 

Իսկ որ Լաչինի միջանցքը մի օր բացվելու է, միանշանակ է, պարզապես չեմ կարող ասել՝ այդ միջանցքը բացվելու է նո՞ւյն տրամաբանությամբ, որով գործում էր մինչև փակվելը, թե՞ ադրբեջանական վերահսկողությամբ է գործելու: 

Միակ որոշակի բանն այն է, որ մենք ներկայումս գտնվում ենք բավականաչափ անորոշ զարգացումների շեմին, ու ամեն դեպքում պետք է հաշվարկել բոլոր հնարավոր սցենարները ու պատրաստ լինել դիմակայելու դրանցից յուրաքանչյուրին:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am