Պատկերացրեք՝ ի՛նչ կաներ Ալիևը, եթե Հայաստանը շրջափակեր Նախիջևանը. հանցավոր անգործության է մատնված ողջ պետական ապարատը. Սահակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ, քաղաքագետ Հայկ Սահակյանը 

– Պարո՛ն Սահակյան, արդեն մի քանի օր է՝ Արցախի համար սնունդ ու այլ անհրաժեշտ իրեր են հավաքում, այս ակցիային ակտիվ մասնակցում եք նաև դուք։ Կմանրամասնեք՝ ինչո՞ւ նման որոշում կայացրիք, ու ակցիան ի՞նչ խնդիր է փորձում լուծել։ 

– Արցախում մեկնարկած համազգային շարժման ժամանակ գաղափարներ էին գեներացվում, որ չպետք է համակերպվել այս իրավիճակի հետ, ու մեծով թե փոքրով միասին հասնեն Հակարիի կամուրջ ու մարմնով բացեն այդ կամուրջը, որովհետև Ադրբեջանը չունի այն փակելու իրավունք: Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների իշխանությունները համապատասխան կամք, ցանկություն ու վճռականություն չունեն այն որևէ կերպ բացելու, ու միակ ճանապարհն այն է, որ ժողովուրդն իր մարմնով այն բացի։ 

Լսելով այս մեսիջը՝ գրառում արեցի, որ երբ արցախցիները հասնեն Հակարիի կամուրջ, Հայաստանից նրանց պետք է ընդառաջ գնան հարյուրավոր բեռնատարներ՝ պարենով ու այլ անհրաժեշտ ապրանքներով լցված, որպեսզի սա լինի մեր համերաշխությունը նրանց շարժման հետ, ու, բացի դրանից, մարդկային ու նորմալ չէ անտարբեր լինել այն մարդկանց նկատմամբ, որոնց սովի մատնելով փորձում են դրդել քաղաքական որոշումներ կայացնելուն: Մենք չպետք է թույլ տանք, որ նման բան տեղի ունենա՝ անկախ մեր քաղաքական հայացքներից ու պատկերացումներից։ 

Արցախում մարդկանց սովամահ են անում, երեխաներ ու հղի կանայք են մահանում, տարեց մարդիկ են հյուծվում, շուտով մեր բանակը կսկսի հյուծվել, ու մեր 30-35 տարվա բոլոր գործողություններն ու զոհերը, ամեն բան դառնալու են անիմաստ։ Ընդամենը մի քանի հոգի փակել են կամուրջը ու վերջ, մենք էլ՝ որպես ժողովուրդ, հանձնվե՞նք։ 

Իմ այդ գրառումը շատ մեծ տարածում գտավ, ինչն անակնկալ էր, բայց նաև հուսադրող, որ ամեն ինչ դեռ կորած չէ։ Հենց այդ նույն գրառման տակ մարդիկ գրեցին, որ կա «Բացում» շարժում, եկեք միացեք։ Նրանք ամեն օր ժամը 19։00-ին հավաքվում են Ազատության հրապարակում և փորձում են իրենց քաղաքացիական շարժմամբ նպաստել կամրջի բացմանը։ Գնացի, ծանոթացա, իհարկե սկզբում մարդիկ փոքրաթիվ էին, բայց հաջորդող օրերին մեզ ավելի շատ մարդիկ միացան: 

Այնտեղ մենք կոչ ենք հնչեցրել, որ պետք է խոնարհվեն բոլոր կուսակցական դրոշները, որովհետև մեր գերնպատակն այսօր մեկն է՝ արցախահայությունը չպետք է սովի մատնվի, ու Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում: Ես էլ իմ կողմից հավելեմ, որ Արցախը պետք է լինի Հայաստանի կազմում, որովհետև դա է միակ բնական ընթացքն ու զարգացումն այդ գործընթացի։

– Քանի օր է, ինչ այդ ակցիան շարունակվում է, ի՞նչ արդյունքներ եք գրանցել։

– Արդեն շաբաթից ավելի է, որ այդ գործընթացը տեղի է ունենում, մենք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց բավականին շատ պարեն ենք կուտակել, հենց հիմա էլ այդ գործընթացը շարունակվում է, բեռնատարներով պարեն են բերում։ Մենք հավաքում ենք չփչացող սնունդ, մանկական սնունդ ու դեղորայք: 

Դեղորայքի խնդիրը շատ օրհասական է, ես հենց հիմա ձեր միջոցով դիմում եմ նաև բոլոր դեղատուն ունեցող, դեղերի ներկրմամբ զբաղվող անձանց, որ աջակցեն մեզ, որովհետև այդ հարցն իսկապես շատ կարևոր է: Իհարկե մենք փորձում ենք մեր միջոցներով ձեռք բերել, բայց մեր միջոցները շատ սահմանափակ են։

– Ձեզ ճի՞շտ եմ հասկանում, որ հավաքված ապրանքը դուք հասցնելու եք Արցախ այն ժամանակ, երբ արցախահայությունը հավաքվի Հակարիի կամրջի մոտ։

– Դուք ճիշտ եք մեկնաբանում այն, ինչ ասացի, բայց մինչ այդ քաղաքացիական այդ ակցիայի մասնակիցները որոշեցին, որ պետք է ճնշումներ գործադրվեն տարբեր մարմինների ու գերատեսչությունների վրա: Դրանցից մեկը ՄԱԿ-ն է, դիվանագիտական կորպուսի տարբեր ներկայացուցիչներն են Երևանում, ինչպես նաև Կառավարությունը։ 

Առայժմ ընտրվել է ՄԱԿ-ը, երբ շարժումը լայն թափ ստանա, և ունենանք համապատասխան մարդկային ռեսուրսներ, մենք կարող ենք ճնշում գործադրել նաև մնացած բոլորի վրա՝ ստիպելով այդ սնունդը ապահով Երևանից հասցնել Ստեփանակերտ, դա շատ կարևոր է։ Կարևոր է, որ այդ պարենը հասցվի Արցախ, ոչ թե Բաքու-Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը լինի, այլ՝ Երևան-Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը։

– Պարո՛ն Սահակյան, ձեր խոսքում ասացիք, որ ո՛չ Արայիկ Հարությունյանը, ո՛չ Նիկոլ Փաշինյանը բավարար կամք ու ջանք չեն ներդնում այդ ճանապարհը բացելու համար, եթե լիներ այդ կամքը՝ արցախահայությունն այժմ ա՞յլ իրավիճակում կլիներ։

– Իհարկե, դա նրանց առաջնային պարտականությունն է, ոչ թե Արայիկ Հարությունյանը պետք է նստեր վրանում ու նստացույց աներ, դա իմ ֆունկցիան է՝ որպես քաղաքացի, իսկ նա՝ որպես պետության ղեկավար, ունի այլ ֆունկցիա, դրանցով պետք է զբաղվի, ոչ թե վրանի տակ նստի, դա անզորության ու ապիկարության դրսևորում է ու որևէ լավ բանի մասին չի խոսում։ 

– Նիկոլ Փաշինյանն ի՞նչ պետք է անի, որ չի անում։

– Եկեք պատկերացնենք հակառակ իրականությունը, որ, ասենք, Հայաստանը շրջափակած լիներ Ադրբեջանի որևէ տարածք, ասենք՝ Նախիջևանը։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ վայնասուն կդներ Ադրբեջանը: Ամբողջ աշխարհով մեկ իրենց դիվանագիտական կորպուսը ճնշումներ կգործադրեր, ՄԱԿ-ի գրասենյակում ամեն օր կներկայացնեին, որ Հայաստանը խախտում է մարդու իրավունքները, տեռորիստական պետություն է և այլն, և այլն, իրենց ԱԳՆ-ն ուր որ գնար անդադար այդ մասին էր խոսելու, մեզ աշխարհով մեկ խայտառակ էին անելու, ահռելի ուժ ու էներգիա էին գեներացնելու ու ստիպելու էին, որ մենք բացենք այդ ճանապարհը, ու մարդասիրական օգնություն գնար այնտեղ։ Ցանկացած զոհ, որը կլիներ, սարքելու էին դրոշակ, օրը 24 ժամ եթերներով դա էին ցուցադրելու ու հասնելու արդյունքի։ 

Հիմա նույն բանը պետք է Փաշինյանն անի, որպեսզի մարդիկ ճնշումներ գործադրեն ամենատարբեր միջոցներով, որպեսզի Ալիևը բացի այդ ճանապարհը, ինչը փակելու իրավունք ի սկզբանե չի ունեցել։ Նա ուղղակի փակել է, սրանք էլ վախեցել են ու ասում են, եթե փորձենք բացել՝ կարող է պատերազմ սկսվել: Միայն այն, որ կարող է պատերազմ սկսվել, Հայաստանը համաձայն է, որ 120 հազար մարդ սովից մեռնի, ոչինչ, բայց թող պատերազմ չսկսվի։ 

Նմանատիպ հիմար ու անտրամաբանական պատասխաններ են մեզ տալիս: Այսօր մեր գործընկերները ԱԳՆ-ին հարց են տվել՝ ի՞նչ եք անում, որ ՄԱԿ-ի գրասենյակը այդ պարենը հասցնի Արցախ, ասել են՝ Ադրբեջանը խոչընդոտում է, հարցրել են՝ իսկ դուք պաշտոնապես դիմե՞լ եք, պարզվում է՝ ո՛չ, պաշտոնապես չեն դիմել, ուղղակի ենթադրում են, որ Ադրբեջանը խոչընդոտելու է ՄԱԿ-ի գործունեությունը: Սա հանցավոր անգործություն է, մեր ամբողջ պետական ապարատը հանցավոր անգործության է մատնված, ու դրա պատասխանատվությունը, շատ լավ հասկանալի է, թե ում վրա է։ 

Շատ լավ հասկանում ենք, թե ովքեր են պատասխանատու, նրանց ներում-բեկում չի լինելու, նախ մենք թույլ չենք տալու, որ այնտեղ սովամահ լինեն, հիմա չգիտեմ՝ ինչ միջոցներով ու մեթոդներով, բայց կհասնենք այդ խնդրի լուծմանը։

– Երբ ասում եք, որ պետական կառույցները հանցավոր անգործության են մատնված, այդ պարագայում այս քաղաքացիական ակցիաները, ամենատարբեր բողոքի ակցիաները ի՞նչ արդյունք կարող են ապահովել, եթե չկա պետական աջակցություն այդ ամենին։

– Իհարկե, այդ արդյունավետությունը շատ ցածր է, երբ պետական աջակցություն չի լինում, երբ պետական դիմում չի լինում, ու այն, ինչ հիմա մենք անում ենք, ըստ էության քաղաքական անզորության հետևանք է, երբ փաստացի գոյություն չունի պետություն: Այս առումով քաղաքացիները, անզորությունից ելնելով, փորձում են ինչ-որ բան անել իրենց սեփական միջոցներով։ Փորձելու ենք մի կերպ արդյունքի հասնել, բայց պետք է նաև գործենք, որովհետև չի կարելի հաշտվել այն մտքի հետ, որ հազարավոր հայեր սովամահ են լինելու, ինչ է թե այստեղ մի խումբ հայեր որոշել են, որ պետք է ամեն զիջման գնալ, ինչ է թե հանկարծ պատերազմ չլինի։ 

Ալիևից էն կարգի ենք վախեցել, որ աչքներիս առաջ արցախահայությանը կոտորում են, սովամահ են անում, ու մենք դրան ի պատասխան ինչ-որ ֆեստիվալներ ենք անում, գարեջրի փառատոներ ենք կազմակերպում ու չենք նկատում, թե ինչ է կատարվում իրականում։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am