Ա՞ջ, թե՞ ձախ. Կորոնավիրուսային լոքդաունից հետո որտեղ են նախընտրում մեկնել հանգստի հայաստանցիները

Կորոնավիրուսային համավարակի հետևանքով ճգնաժամի ծանր հարվածն ստացած զբոսաշրջային ոլորտը այս տարի կենդանության նշաններ է ցույց տալիս։ Թե՛ ներգնա, թե՛ արտագնա զբոսաշրջությունը, ըստ ոլորտի փորձագետների, սկսել է ակտիվ գործել։

«Երբ հանգստյան սեզոնը բացվեց եւ տուրիստական գործակալությունները սկսեցին տարբեր առաջարկներ ներկայացնել, չէի հավատում, թե կարող ենք երկրից դուրս գալ, վերջիվերջո ծով մեկնել, այնքան մեծ էր դադարը եւ դժվարությունները, որոնք ուղեկցեցին մեզ 2020-ին»,-«Մեդիալաբին» ասում է Երեւանի բնակչուհի 34-ամյա Էլմիրա Հայրապետյանը։ 

Նա նշում է, որ թեեւ իր ծանոթներից շատերը դեռեւս կորոնավիրուսային վարակի հետ կապված նախընտրում են ոչ մի տեղ չմեկնել, բայց իր նման ծովի սիրահարների համար, բացված հնարավորությունը չօգտագործելը «ամենամեծ սխալը կլիներ»։

Կենտրոնական փողոցներում եւ սոցիալական ցանցերում տարածվող հայտարարությունները վաղ գարնանից սկսած «ավետում են», որ ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի օդանավ նստելու ու հանգիստն այլ ափերում անցկացնելու բազմաթիվ հնարավորություններ են բացվել։ 

Տուրիստական գործակալությունների ներկայացուցիչներ հավսատում են՝ Հայաստանի քաղաքացիները, որոնք նախընտրում են իրենց հանգիստն անցկացնել երկրի սահմաններից դուրս, հիմնականում նախընտրում են դեպի Եգիպտոս ուղղությունը։ 

«Երևի ամենամատչելին է, դրա համար էլ ժողովուրդը նախընտրում է հանգիստն անցկացնել Եգիպտոսում։ Օգոստոս ամսվա համար նախատեսված բոլոր չվերթերն էլ այս պահի դրությամբ սպառված են»,- «Մեդիալաբին» ասում են «Բագրատ տուր» տուրիստական գործակալությունից։

Տուրիստական այս ընկերությունը եթե նախորդ տարիներին հայաստանցիներին առաջարկում էր հանգիստն անցկացնել Թուրքիայում, մասնավորապես՝ Անթալիայում, ապա այս տարի փոխել է ծրագրերը՝ 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո դադարեցրել է այդ ուղղությամբ չվերթեր իրականացնել։ 

Հիշեցնենք, որ 2008-ից ի վեր, Անթալիան հայերի համար ամենանախընտրած ուղղություններից մեկն էր, որտեղ ամեն տարի բազմաթիվ հովեկներ էին մեկնում։

«Դեպի Անթալիա չվերթեր չունենք, բնականաբար չենք էլ անելու պատերազմից հետո, քաղաքացիներն էլ այդ ուղղությամբ չեն հետաքրքրվում»,- «Մեդիալաբին» ասում են «Բագրատ տուրից»։

Զբոսաշրջային One Way Tour ընկերությունում ևս արտագնա տուրիզմի ամենապահանջված ուղղությունը, ասում են՝ Եգիպտոսն է, այնուհետև՝ Հունաստանն ու Կիպրոսը։

«Բացի այս ուղղություններից, քաղաքացիները հետաքրքրություն են դրսևորում նաև Իսպանիայի, Մոնտենեգրոյի, Թունիսի նկատմամբ»,- «Մեդիալաբին» ասում է ընկերության ներկայացուցիչը։ 

Փաթեթների արժեքները տարբեր են՝ կախված երկրից, հանգստացողների թվից, ընտրած հյուրանոցից, հանգստյան օրերի քանակից, չվերթերից։ Եգիպտոսի ընտրությունը, բացի գների մատչելիությունը, կապված է նաեւ նրա հետ, որ ի տարբերություն եվրոպական ուղղությունների, վիզայի կարիք չկա, ինչը  կարող է բավականին ժամանակատար լինել։

«Քանի որ ամենատարածված ուղղությունը Եգիպտոսն է, միջինացված գումարը 500 դոլար է մեկ անձի համար, մեկ շաբաթը։ Մնացած ուղղություններն արդեն ավելի թանկ են ստացվում՝ ի տարբերություն Եգիպտոսի»,- ասում են ընկերությունից։

Մեկ այլ՝ Best Tour ընկերությունից էլ «Մեդիալաբին» փոխանցում են, որ իրենց այցելուներն այս պահին Եգիպտոսից բացի նախընտրում են նաև Դուբայում անցկացնել հանգիստը։

«Առաջարկում ենք հիմնականում յոթնօրյա փաթեթային ծառայություններ, և, կախված օրերից, գինը ևս փոփոխվում է։ Եգիպտոսում յոթնօրյա փաթեթը մեկ անձի համար ամենացածրակարգ հյուրանոցում սկսվում է 400 դոլարից»,- ասում են Best Tour-ից։

No photo description available.

ՀՀ զբոսաշրջության կոմիտեի տրամադրած տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում 2021 թ. առաջին կիսամյակում հանգիստն անցկացրել է 239.263 օտարերկրացի, իսկ ՀՀ 115. 546 քաղաքացի էլ մինչ այժմ հանգստացել է Հայաստանի սահմաններից դուրս։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am