«Ցավոք, այո՛, սխալ ըմբռնում եղավ տարբեր մարդկանց կողմից, մենք որևէ գնահատական չենք տվել Ուկրաինայի ու Ռուսաստանի հարաբերություններին». արցախցի պատգամավոր

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանը 

Պարո՛ն Բալայան, Արցախի խորհրդարանական խմբակցությունների տարածած հայտարարությունը, որով կոչ էր արվում ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրներին ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի և Զապորոժիեի օրինակով ճանաչել նաև Արցախի Հանրապետության անկախությունը, ներհայաստանյան շրջանակներում քննարկումների ու քննադատությունների առիթ հանդիսացավ։ Քննադատողներին դուր չէր եկել հանգամանքը, որ բերվել է վերոնշյալ մարզերի օրինակները։ Ինչպե՞ս կարձագանքեք այս քննադատություններին։

– Եթե նկատել եք, մենք չենք անդրադարձել միայն ձեր նշած մարզերին, ավելի շատ ծանրացել ենք Կոսովոյի տարբերակի վրա, ու փաստերը, միջազգային իրավունքից բխող որոշումները հենց հղված են այդ ամենի վրա։ Մեր հայտարարությունը հասցեագրված է թե՛ Արևմուտքին, թե՛ Ռուսաստանին։ Միջազգային իրավունքի սկզբունքները պետք է տարածվեն աշխարհի բոլոր ժողովուրդների վրա, այսինքն՝ հենց ժողովուրդների իրավահավասարության սկզբունքից ելնելով ենք մենք նման հայտարարություն տարածել։

Ցավոք սրտի, այո՛, սխալ ըմբռնում եղավ տարբեր մարդկանց կողմից, մենք որևէ գնահատական չենք տվել Ուկրաինայի ու Ռուսաստանի հարաբերություններին, մեր ասելիքը պարզապես եղել է այն, որ երկակի ստանդարտներ չպետք է լինեն, մանավանդ որ մեր ժողովրդի անցած ճանապարհը՝ պետականության վերակերտման, ազատագրական պայքարի, ըստ էության անթերի է, ու դա հիմնավորված է միջազգային իրավունքի նորմերով, ժողովրդավարական սկզբունքներով և տվյալ ժամանակահատվածում գործող ԽՍՀՄ օրենքներով։

Մեր ասելիքը սա է եղել ու միաժամանակ կոչ՝ ուղղված աշխարհին, տվյալ պարագայում՝ ՄԱԿ-ի անդամ 153 երկրին, որ ճանաչեն Արցախի Հանրապետությունը, որովհետև դա սոսկ ճանաչում չէ, այլ այն ի չիք կդարձնի գոյաբանական առումով առկա սպառնալիքները, որ այսօր կախված են մեր գլխին։

Հավանականությունը, որ ձեր կոչին անսալու են, որքանո՞վ եք գնահատում։

– Ցավոք սրտի, աշխարհը խուլ է ու կույր ինչ-որ առումով, այսօր հարցերը լուծվում են ուժի ու շահերի դիրքերից, բայց պետք է շարունակենք աշխարհին ներկայանալ մեր իրավունքներով և փորձել պաշտպանել հայրենիքում ապրելու մեր իրավունքը։

Պարո՛ն Բալայան, Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն ասել է, որ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանն այլևս չունի ռեսուրս՝ Արցախի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու։ 2020 թվականի պատերազմի ավարտից հետո Հայաստանի ձեր գործընկերներն այս մասին ձեզ ասե՞լ են։

– Հանդիպումների ժամանակ, մանավանդ վերջին հանդիպումների, իրենք վստահեցրել են, թե պատրաստ են պաշտպանելու Արցախի ժողովրդի որոշումները, այսինքն՝ կանգնել այդ որոշումների թիկունքին, բայց իրականության մեջ, որքան էլ ծանր է խոստովանել, Հայաստանը հրաժարվել է Արցախից, ու դա շատ վատ է այն առումով, որ մեր հիմնախնդիրները մենք կարող ենք հաղթահարել միայն միասնությամբ:

Բայց ասվե՞լ է, որ պատերազմից հետո Հայաստանը կորցրել է Արցախի հարցի կարգավորման հարցում ազդեցության լծակները, որովհետև, համենայնդեպս մեզ՝ ԶԼՄ ներկայացուցիչներիս, մինչև վերջերս վստահեցնում էին, թե Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը։

– Դե, մեզ էլ են այդպես վստահեցնում։

– Ստացվում է՝ հակասո՞ւմ են իրենց ասածներին։

– Այո՛, եթե մեկ այդ են ասում, մեկ՝ լրիվ այլ, նշանակում է, ինչ-որ բան այն չէ։

Իսկ իրականությանը համապատասխանո՞ւմ է վարչապետի այն պնդումը, թե Արցախում տեղյակ են այն բոլոր քննարկումներից, որոնք վերաբերում են Արցախին։ Գիտե՞ք՝ ինչ գործընթացներ են տեղի ունենում Արցախի շուրջ։

– Այդպես է ասվում, բայց ես չեմ կարող վստահեցնել, թե ամեն ինչից տեղյակ ենք, որովհետև զարգացումները ու ստացվող ինֆորմացիան իրար չեն բռնում։ Համենայնդեպս, ինչ-որ բան ասվում է, բայց արդյոք մինչև վե՞րջ է ասվում, թե՞ չէ՝ դժվարանում եմ ասել։ Խնդիրն այն է, որ պետք է գործողությունների համատեղ ծրագիր լինի՝ առկա մարտահրավերները չեզոքացնելու ուղղությամբ։

Արցախի իշխանությունը՝ ի դեմս նախագահի, ձեզ վստահեցնո՞ւմ է, որ իրենք իսկապես տեղյակ են բանակցությունների բոլոր մանրամասներին, գոնե Արցախի մասով։

– Նախագահի հավաստմամբ՝ ինչ իրեն փոխանցում են Հայաստանի իշխանությունները, ինքը փոխանցում է մեզ՝ քաղաքական ուժերիս։

Պարո՛ն Բալայան, երեկ նաև քննարկման առիթ հանդիսացավ ևս մեկ իրադարձություն, երբ տարածված տեսանյութում երևում էր, թե ինչպես է Արցախի խորհրդանիշ հանդիսացող հուշարձանի մոտ Ռուսաստանի նախագահի դիմանկարով պոստեր ցուցադրվում՝ վերջինիս ծննդյան օրվա առիթով։ Կմանրամասնեք՝ ո՞ւմ նախաձեռնությունն էր, ինչո՞ւ էր արվել։

– Խնդիրն այն է, որ չպետք չէ ամեն ինչին այդքան էմոցիոնալ արձագանքել, ինչքան քիչ խոսվի, այնքան ավելի լավ կլինի, որովհետև մենք հիմա իսկապես բավականին ծանր իրավիճակում ենք գտնվում, արցախահայությունը հատկապես։ Պետք չէ ամեն բան փնովել, քննադատել, ավելի շատ պետք է լռել, մինչև տեսնենք՝ հետագա ինչ զարգացումներ կլինեն։

Իսկ Արցախում հետագա անելիքների մասով ի՞նչ ծրագրեր կան, որոնք պատրաստվում են անել քաղաքական ուժերը։

– Մեր եղած հնարավորությունների սահմաններում փորձում ենք մեր իրավունքները պաշտպանել, եթե կարճ ասեմ։

Հայաստանի իշխանությունների, համապատասխան գերատեսչությունների հետ համատեղ աշխատանք տարվո՞ւմ է, կա՞ համագործակցություն։

– Որոշ չափով կա, բայց դա բավարար չէ, որովհետև այն դժվարությունները, որ կան, ավելի համարժեք ու համակարգված աշխատանք ու համագործակցություն են պահանջում։

Քրիստինե Աղաբեկյան