Այս վարակը շատ նենգ է, և կողքից քննադատելը, խոսելը միշտ հեշտ է, մանավանդ երբ դու մեջը չես․ Համաճարակաբան

«Մեդիալաբի» հարցազրույցը Երևանի պետական բժշկական համալսարանի համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս Արման Բադալյանի հետ

– Վերջին երկու օրերին կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թվի աճը կարծես քիչ է՝ շուրջ 350, այն դեպքում, երբ դրանից առաջ 700 և ավելի էր։ Ինչո՞վ եք սա բացատրում։

– Որպես մասնագետ՝ առաջին հայացքից կարելի է տեսնել, համեմատել, որ թեստերի քանակը քիչ է, թեպետ դրական արդյունքների տոկոսայնությունը նույնն է մնացել, հետևաբար, եթե շատ թեստ արվեր, քանակը շատ ավելի մեծ կլիներ։

Բացի այդ, հանգստյան օրերից հետո միշտ էլ նվազման միտումը նկատելի է։ Ես միշտ ասել եմ ու մնում եմ իմ կարծիքին, որ թեստավորման քանակը պետք է մեծացնել։

– Ինչ եք կարծում՝ արդյոք դիմակ կրելու մասին իշխանության առաջին դեմքերի կողմից արվող այդ մշտական քարոզը օգտակա՞ր է։ 

– Դիմակը շատ կարևոր է, ինչքան էլ այսօր քննադատեն նման քարոզը։ Ուրիշ ոչ մի պաշտպանիչ միջոց չկա։ Եթե այլ միջոցներ հնարեին, կօգտագործեինք դրանք։

Կա նաև սկաֆանդր, որը հիմա բժիշկներն են օգտագործում՝ ամբողջ օրը քրտնխաշ եղած։ Նույն էբոլայի ժամանակ 50 աստիճան տաքության տակ մարդիկ սկաֆանդրի մեջ աշխատել են։

Դա տանջանք է, որը պետք է հաղթահարենք։ Հիմա եթե մենք էդպես սկաֆանդրով ման գայինք փողոցում, դուք պատկերացնո՞ւմ եք մեր վիճակը։ Բայց դիմակի հետ կապված կան խնդիրներ, օրինակ՝ սելեկտիվ մոտեցումը՝ բաց տարածք -փակ տարածք, երբ հագնես – երբ չհագնես։

Դրանք անվերահսկելի են։ Օրինակ՝ մարդը դնում է դիմակը, բայց հայտնի չէ՝ քանի օրվա դիմակ է, մեկ ուրիշը դիմակը ամրացնում է ձեռքին, վե՛րջ, դա արդեն ապականված է։

Եթե սխալ ենք կրում, դրա էֆեկտիվությունը կորչում է։ Պետք է դիմակը դնել ամենուր ու վերջ։ Պետք է սովորել, ադապտացվել, որովհետև եթե սա չանենք, խնդիրները կմեծանան։ Ուրիշ տարբերակ չկա։

Ինչո՞ւ են շատ դիմում ժողովրդին, որովհետև դա նրա ինքնագիտակցության վրա է։ Ես կարծում եմ՝ չպետք է նահանջել, սա բարդ հարց է, և կարող է տարիներ էլ պահանջի, մինչև մարդիկ սովորեն դիմակին, մի քիչ կարելի է առաջ տալ, օդ շնչել, շարունակել դնել։ Ի՞նչ խնդիր է, չեմ հասկանում։

– Պարո՛ն Բադալյան, երեկ հայտնի դարձավ, որ Կառավարությունը մտադիր է երկարացնել արտակարգ դրությունը։ Դուք՝ որպես մասնագետ, հիմքեր տեսնո՞ւմ եք այն երկարացնելու։

– Այո՛, միանշանակ, ես արտակարգ դրության երկարաձգման հիմքեր տեսնում եմ, որովհետև վարակը տարածվում է, ցուցանիշները բարձր են, դրական թեստերի չափաբաժինը բարձր է, այսինքն՝ շաբաթներ շարունակ ունենք վարակի հանրային տարածում։

Եվ բացի այդ, հիվանդանոցային օղակն է ծանրաբեռնված, ինչը կարող է ավելի մեծ խնդիրներ առաջացնել։ Վիճակի ուժգնացում տեսնում ենք նաև Իսրայելում, ԱՄՆ-ում ու այլ երկրներում։ Այսինքն՝ նորից, էլի գնում են նախորդ վիճակներին, եթե ոչ լոքդաունի։

Եթե հիվանդանոցային օղակը ծանրաբեռնվեց, ապա խնդիրներն անխուսափելի են լինելու։ Մենք չենք խոսում մյուս հիվանդություններով մարդկանց մասին, նրանց վիրահատությունները հետաձգվել են, վիճակը կարող է բարդանալ, ինչը դառնում է կորոնավիրուսով անուղղակի պայմանավորված խնդիր։

Իհարկե, հասկանալի է, որ տնտեսական խնդիր էլ կարող են առաջանալ արտակարգ դրության երկարաձգման հետևանքով, բայց չի բացառվում նաև լոկալ լոքդաուն առանձին վայրերում, ինչպես եղան սկզբնական շրջաններում։ Ինչպես վիրուսն է մեզ հետ խաղում, մենք էլ պետք է շարունակենք նրա հետ խաղը։

– Դուք որ ասում եք՝ վիրուսը հանրային տարածում ունի, դա նշանակում է, որ չկա՞ն օջախներ։ 

– Այո՛, երեք փուլերով է տարածվում վարակը՝ հատուկենտ, այնուհետև՝ խմբային, ինչպես եղավ Հայաստանում, հետո, երբ վարակը շատ է տարածվում, դառնում է հանրային տարածում ունեցող վարակ։ 

– Այսօր լուր տարածվեց, որ Իսպանիայում անցկացված հետազոտությունը կասկածի տակ է դնում կորոնավիրուսի նկատմամբ կոլեկտիվ իմունիտետի հասնելու հնարավորությունը։ Այդ լուրը իր ֆեսբուքյան էջում տարածել էր նաև առողջապահության նախարարը։ Դուք՝ որպես համաճարակաբան, ինչքանո՞վ վտանգավոր եք սա համարում։

– Կորոնավիրուսի նկատմամբ կոլեկտիվ իմունիտետի մասին խոսելը դեռ վաղ է, որովհետև մենք դեռ չգիտենք՝ սա ինչ վիրուս է։ Նախ, ըստ հաշվարկների, դեռ այն թիվը չի ապահովվել, որի հիման վրա կարելի է պնդել, թե կոլեկտիվ իմունիտետ հնարավոր է կամ հնարավոր չէ։ Համավարակի մարելու համար այդ թիվը չի հասունացել, և կոլեկտիվ իմունիտետ ունենալու, ձևավորվելու շուրջ, կարծում եմ, դեռ վաղ է խոսել։ 

– Պատվաստանյութերի, հակավիրուսային դեղամիջոցների մասին է հիմա շատ խոսվում, այսօր էլ նախարարը հայտարարեց, որ ռուսական, ճապոնական կողմի հետ են բանակցում դրանք ձեռք բերելու համար։ Որքանո՞վ հաջողված կամ արդյունավետ եք համարում այդ դեղամիջոցները։ 

– Պատվաստանյութ ձեռք բերելու համար դժվար թե հիմա բանակցություններ վարվեն, որովհետև վերջնական դեռ չի ստեղծվել որևէ պատվաստանյութ․․․

– Հիմա «Մոդեռնա»-ի մասին է խոսվում, և ընդդիմախոսներն արդեն սկսել են կասկածներ հայտնել այդ ընկերության մասին։

– Ընդդիմախոսները կարող են կասկածի տակ դնել այն դեպքում, երբ հրապարակվեն պաշտոնական հետազոտություններ, գիտական վերլուծություններ և այլն։ Այդ ամենը դեռ ընթացքում են։

Պատվաստանյութի ստեղծմամբ զբաղվում են 100-ից ավելի ընկերություններ, որոնցից, պարզ է, մի փոքր մասը կմնա։ Ապրիորի մտածել ճիշտ չէ։ Ինչ վերաբերում է հակավիրուսային դեղամիջոցներին, այսօր հիմնականը «Ռեմդեսիվիրն» է, որը, այո՛, արդյունավետություն ունի, և դա ապացուցված է։ 

– Պարո՛ն Բադալյան, ինչպե՞ս եք գնահատում Կառավարության հակաճգնաժամային գործողությունները, օրինակ՝ ընդդիմությունը հայտարարում է, թե Կառավարությունը ձախողել է կորոնավիրուսի դեմ պայքարը։

– Իհարկե ամեն գործողության մեջ կան թերություններ, եթե հիշում եք՝ Էդիսոնն էր ասում՝ չի սխալվում այն մարդը, որ ընդհանրապես ոչինչ չի անում։ Նման նենգ վարակի դեպքում Կառավարության գործողություններին ընդհանուր գնահատական տալը դժվար է։ Այս վարակը անորոշ վարակ է, նենգ ձևով է տարածվում, եթե մենք սրան վաղուց ճանաչեինք, ձեր հարցի պատասխանը շատ արագ ու հեշտ կտայի, բայց քանի որ սա անորոշ ու անհասկանալի վարակ է, դժվար է։

Մենք այսօր աշխարհում էլ ենք տեսնում, թե ինչ հակասական որոշումներ ու հայտարարություններ են արվում հակահամաճարակային գործողություններում։

Բայց միաժամանակ, ամենասկզբում պետք չէր թեթև վերաբերվել, ճիշտ չգնահատվեց դրա վտանգավորությունը։ Քննդատելը միշտ հեշտ է, կողքից խոսելը միշտ հեշտ է, մանավանդ երբ դու մեջը չես, հազար հարցեր կան վարակի հետ կապված, որոնք հսկողությունը բարդացնում են։

Ես չեմ ընդունում միանգամից քննադատելու տարբերակը, երբ ժամանակը կգա, վերլուծություններ կարվեն, կգնահատվեն մասնագետների կողմից։ Ջրի մեջ օգնություն սպասողին մոտենալիս չպետք է ասել՝ ինչո՛ւ մտար ջուրը, հանի՛ր ջրից՝ հետո կխոսես։ 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am