Կապանի «Հեքիաթ»-ի գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Լիլիա Ասատրյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Սյունիքի մարզ, ք. Կապան):

Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

Մասնավորապես՝

հանրային սննդի օբյեկտն ապահովված չի եղել ձեռքերի լվացման համար նախատեսված լվացարաններով, ախտահանման միջոցներով, տաք և սառը ջրով, չորացման հիգիենիկ սարքերով,

սննդի կառույցն ապահովված չի եղել լվացող և ախտահանող նյութերի՝ սննդամթերքից առանձնացված պահման տարածքով,

հատակը չի ունեցել հարթ մակերես, խոհանոցի պատերի վրա առկա են եղել ճաքեր, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից,

խոհանոցի առաստաղն ունեցել է կեղտի կուտակման, գոլորշու խտացման, անցանկալի բորբոսների աճի և մասնիկների թափվելու հնարավորություն,

պատուհանները չեն ունեցել հեշտությամբ բացվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր,

չի պահպանվել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականությունը,

սննդամթերքի հետ շփվող աշխատակիցը չի ենթարկվել պարտադիր պարբերական բժշկական զննության,

սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը, աշխատանքային մակերևույթները ենթարկված չեն եղել պատշաճ մաքրման ու ախտահանման,

սննդամթերքը պահպանվել է այլ տեսակի սննդամթերքի և ոչ սննդային արտադրանքի հետ՝ հանգեցնելով սննդամթերքի աղտոտմանը:

Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: