«Արդեն 27 տարի ես խալաթով եմ պառկում, վախենում եմ: Մենք ե՞րբ պիտի ապրենք»․ Զառա Ղազարյանն Արցախ վերադառնալ դեռ չի ցանկանում

65-ամյա Զառա Ղազարյանը մինչև արցախյան պատերազմը ընտանիքի հետ բնակվել է Ստեփանակերտում, այժմ՝ պատերազմից հետո, վախն ու անհանգստությունը թույլ չեն տալիս վերադառնալ տուն և շարունակել կյանքն այնտեղ:

«Չեմ ուզում վերադառնալ, ուժեղ վախ կա, տղաս ու ամուսինս գնացել են, համոզում են, ասում են՝ արի, հանգիստ է, բայց հանգիստը ո՞րն ա, նայում եմ վիդեոներով, թուրքերը շրջում են Ստեփանակերտի մեջ, գնալով առաջ են գալիս»,- ասում է Ղազարյանը:

Ղազարյանը դստեր և դստեր անչափահաս երեք երեխաների հետ մնացել է Հայաստանում՝ Էջմիածնում, որտեղ ժամանակավոր կացարան է ստացել։ Ասում է, որ վերջին իրադարձությունների հետևանքով աղջկա համար ապագան ևս անորոշ ու մշուշոտ է․ պատերազմի ժամանակ ամուսինը զոհվել է, չի ցանկանում անչափահաս երեխաների հետ վերադառնալ Արցախ, քանի որ անվտանգ չի համարում այնտեղ ապրելը, վերջին դեպքերը անդրադարձել են նաև նրա առողջության վրա:

«Աղջիկս էնքան վախ տարավ, մինչև վերջ համարյա Ստեփանակերտում է եղել, ինքը էնքան սարսափելի բաներ տեսավ, առողջություն էլ չի մնացել։ Ասում է՝ տեսնեմ, թե ո՞նց եմ անում, ինչ եմ անում, անորոշ դրություն է։ Ես ստեղից ո՞նց գնամ, պետք ա մնամ էստեղ՝ իր կողքին։ Երեք անչափահաս երեխա ունի, հոգեկան վիճակն էլ լավ չի, ուզում եմ մի բանով օգտակար լինեմ, մայր եմ»,- պատմում է Ղազարյանը։

Ղազարյանը մտահոգված նշում է՝ երեխաներն արդեն երրորդ պատերազմը տեսան, ե՞րբ պետք է կարողանան ապրել:

«Ես իմ համար չեմ մտածում, իմ երեխեքի, թոռների համար եմ մտածում, երեք հատ կռիվ տարան երեխեքս, հիմա էլ իրենց երեխաներն են տանում, թոռներիս հասավ։

Ինչքա՞ն մենք սենց ապրենք, մարդ էլ չի մնացել, ամեն ընտանիքում զոհ կա, ո՞նց հանգիստ ապրենք։

90 թվին ես եմ փախել Արցախից, հետո նորից հետ եկել, հիմա էլ՝ նորից: Մինչև այսօր, հավատո՞ւմ եք՝ ես չգիտեմ գիշերանոցն ինչ բան ա, ես խալաթով եմ պառկում, քնում, վախենում եմ շորերս հանեմ, հանգիստ պառկեմ, քնեմ։ 27 տարի ա՝ ես էս վիճակում եմ»,- հուզված ասում է Ղազարյանը։

Ղազարյանն ասում է, որ եթե Արցախին կարգավիճակ տրվի, պատերազմ չլինի, կվերադառնան ու կապրեն այնտեղ։ Կարևորը խաղաղություն լինի, նորից կաշխատեն, կապրեն, բայց քանի դեռ անվտանգ չէ, վերադառնալ չեն պատրաստվում:

«Ո՞վ կուզի իր ապրուստից, իր տնից հրաժարվի, գա ուրիշի տուն։ Մեզ ստատուս ա անհրաժեշտ: Մենք մի բան էլի կանենք, աշխատողը էլի կաշխատի, բայց ստատուս ա պետք:

Կտրուկ բան մեզ ասեն՝ վերջապես ի՞նչ ա սպասում մեզ, ես պատրաստ եմ, թող մի կտոր ցամաք հաց լինի, ջուր ու հաց լինի, մենակ պատերազմ չլինի»,- ասում է Ղազարյանը:

Ղազարյանն ասում է, որ հունվարից հետո ժամանակավոր կացարանից տեղափոխվելու են մեկ այլ կացարան, իսկ հետո՝ ինչ կլինի, դեռ պարզ չէ:

«Մի սպորտսմեն ա տվել այս տունը՝ ժամանակավոր, ասաց՝ ուզում ա մի բանով օգնի, բայց հունվարից հետո պետք ա տեղափոխվենք, մանկապարտեզի տարածք պետք ա գնանք։ Հետո չգիտեմ ինչ կլինի, կարևորը այս պահին աղջկաս առողջականն ա, վերականգնվի, դրանից հետո ուզում ա՝ գնա աշխատանք գտնի, ֆիզիկոս ա, դասախոս ա եղել: Տեսնենք՝ ստացվում է, որ աշխատանքի անցնի, տեսնենք՝ ոնց ենք անում այս դրությունից դուրս գանք»,- մտահոգ ասում է Ղազարյանը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am