Ռադա է բերվել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների դադարեցման բանաձևի նախագիծ

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն խորհրդարան է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության հետ դիվանագիտական հարաբերությունները դադարեցնելու մասին որոշման նախագիծ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Համապատասխան բանաձևի նախագիծը փետրվարի 22-ին գրանցվել է Գերագույն ռադայի կայքում։

«Ուկրաինան պետք է դադարեցնի դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այսօր ես շտապ համապատասխան բանաձև ներկայացրեցի Գերագույն ռադա: Տարեցտարի Ռուսաստանի Դաշնությունը միայն սրում է ագրեսիան Ուկրաինայի դեմ։ Նախ Պուտինը օկուպացրեց Ղրիմը, հետո  պատերազմ է սկսեց Դոնբասում: Եվ հիմա շարունակում է ճնշում գործադրել։ Նա իր խամաճիկներին՝ այսպես կոչված Դոնեցկի և Լուգանսկին, որպես անկախ է ճանաչել: Երեկվա հայտարարությամբ Պուտինը, փաստորեն, ինքն էլ դադարեցրեց դիվանագիտական հարաբերությունները մեզ հետ»,- գրել է Գոնչարենկոն Telegram-ում: Նա առաջարկել է հրատապ քննարկել այս որոշումը։

Իրավիճակը Դոնբասում վերջին օրերին սրվել է, ԿԺԴՀ-ն և ԼԺՀ-ն հայտարարել են Ուկրաինայի անվտանգության ուժերի կողմից գնդակոծությունների մասին։ Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարությունները հայտարարել են քաղաքացիների Ռոստովի մարզ ժամանակավոր տարհանման մասին ՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ։ Տարհանումը առաջին հերթին վերաբերում է կանանց, երեխաներին և տարեցներին։ Ինչպես հայտարարել է ԿԺԴՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շուտով կհրամայի զինվորականներին հարձակում սկսել Դոնբասում, իրականացնել ԿԺԴՀ և ԼԺՀ ներխուժման պլան։ Փետրվարի 19-ին, ԿԺԴՀ-ի և ԼԺՀ-ի առաջնորդները հրամանագրեր են ստորագրել համընդհանուր մոբիլիզացիայի մասին, այնուհետև դիմել են Ռուսաստանին՝ հանրապետությունների անկախությունը ճանաչելու խնդրանքով:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին անվտանգության խորհրդի նիստից հետո դիմել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին և հայտարարել, որ անհրաժեշտ է համարում անհապաղ ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ինքնիշխանությունը։ Նա նշել է, որ աշխարհը գերադասում է չնկատել Դոնբասում տեղի ունեցած սարսափն ու ցեղասպանությունը, ոչ մի օր չի անցնում առանց հրետակոծության, խաղաղ բնակիչների սպանություններն ու շրջափակումը չեն դադարում։ Ինչպես հայտարարել է նախագահը, Դոնբասում հետագա արյունահեղության դեպքում ողջ պատասխանատվությունը կլինի Կիևի վրա։ Նախագահը Կրեմլում հրամանագրեր է ստորագրել Դոնեցկի և Լուգանսկը անկախ ճանաչելու մասին: