«Հանրաքվեներից խրտնում են ֆաշիստները, տգետները, բոլշևիկները, դա ժողովրդի կամարտահայտության բարձրագույն արժեք ունեցող մեթոդ է»․ քաղաքագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Լևոն Շիրինյանը

– Պարո՛ն Շիրինյան, իշխանությունները նախաձեռնել են Սահմանադրությունում փոփոխությունների գործընթաց, որով պետք է դադարեցվեն ՍԴ նախագահի ու անդամների լիազորությունները։ Եվ որոշում է կայացվել հանրաքվեի միջոցով լուծել այդ խնդիրը։ Ի՞նչ սպասել այս գործընթացից։

– Իմ կարծիքը դրական է այս գործընթացի մասին։ Դա նշանակում է, որ ժողովուրդն իր ճակատագիրը իր ձեռքն է վերցնում։ Հանրաքվեները ժողովրդի կամարտահայտության բարձրագույն արժեք ունեցող մեթոդ են։ Դրանից խրտնում են բոլոր ֆաշիստները, տգետները, բոլշևիկները։ 

Արդյո՞ք Սահմանադրական դատարանի ներկա կազմի հարցն այս մեթոդո՞վ պետք է լուծվի։

– Իհարկե, սա ամենաճիշտ ճանապարհն էր։ Եվ ոչ ոք չի կարող ոչինչ ասել։ Ժողովուրդն ինչպես որոշում է, այդպես էլ պետք է լինի, դա ընդհանրապես դեմոկրատիայի օրենքն է։

– Տարբեր մեկնաբանություններ կան ընդդիմադիրների կողմից, որ Սահմանադրական դատարանը շրջանցելով՝ իշխանությունը չի կարող հանրաքվե անցկացնել, դա իրավական տեսանկյունից խախտում է։ 

– Չի կարող տարբեր մեկնաբանություն լինել։ Երբ Հայաստանում հեղափոխություն է եղել, հեղափոխությունը ժողովրդի կամքով վարչապետին պարտավորեցրել է՝ որպես իշխող կուսակցություն երկիրը գողապետությունից ազատագրել։ Եվ նա այդ ճանապարհին է։ 

– Այսինքն՝ սա հեղափոխության շարունակությունն է։

– Այո՛, ես կարծում եմ, որ եթե մենք՝ որպես ժողովուրդ, բանիմաց գտնվենք, հեղափոխության արդյունքը կունենանք լավագույն դեպքում 2-3 տարվա ընթացքում։

– Հնարավո՞ր է այս քայլով իշխխանությունը փորձում է նաև Նիկոլ Փաշինյանի վստահության հանրաքվե անցկացնել, այսինքն՝ հեղափոխությունից երկու տարի անց փորձեն ստուգել, թե ի՛նչ վարկանիշ ունի Փաշինյանը։

– Դա կապ չունի այս հանրաքվեի հետ։ Գիտենք, որ 80 տոկոս ձայն ստացած իշխանություն է, ինչքան էլ լեգիտիմության անկում ունենա, չի կարող վստահության ճգնաժամ լինել։

Ո՛չ, նման բան չկա, եթե մեծ ցնցումներ չլինեն, այս իշխանությունը մինչև հինգ տարի էլ կարող է պաշտոնավարել։ Եվ Աստված չանի՝ մեծ ցնցումներ լինեն։ Սովորական վիճակի մասին է խոսքը, բայց կտեսնենք՝ որտեղ է սխալ, որտեղ է ճիշտ։ Սա ժողովրդի ճնշման արդյունք է, մարդիկ գործողություն են պահանջում։

Ազգային ժողովում այս հարցի շուրջ Նիկոլ Փաշինյանի ելույթը բավական կոշտ էր՝ ուղղված որոշ շրջանակների։ Ի՞նչ էր ուզում նա դրանով հասկացնել։

– Եթե ինքը կուրսը պահի, վստահ եղեք, որ հեղափոխությունն իջնում է երկրի ներս։ Եվ այդ բոլոր զազրախոսություները՝ իշխանափոխության մասին, այն ամենը, ինչ անում են ռոբա-սերժական շրջանակները, բոլորը զազրախոսություն են։ Գողապետության դիմադրությանն ենք մենք ականատես լինում։

Փաշինյանը նրանց ոչ թե հասկացրեց, այլ ուղիղ հայտարարեց՝ ասածներդ անիմաստ են, արածներդ՝ վտանգավոր։ Ես վստահ եմ՝ գողապետության ոչնչացման ճանապարհով է գնալու։

Նա ասաց՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, ձեր բանդաներով պատասխանատվության եք ենթարկվելու։ Եվ դա իշխանության կամքի արտահայտությունն էր՝ Ազգային ժողովի ամբիոնից հնչած։

Եթե հանկարծ այս հանրաքվեն չկայանա, օրինակ՝ անհրաժեշտ քվեներ չստացվեն, ի՞նչ ճանապարհով պետք է լուծվի Սահմանադրական դատարանի հարցը։

– Հեղափոխություն։ Հեղափոխությունը ժողովրդի բացարձակ իրավունքն է, աստվածային իրավունք է։ Հեղափոխությունն ամեն աղբանոց մաքրելու ճանապարհն է։ Ավգյան ախոռներն առաջին հերթին հեղափոխությամբ են մաքրում, ինչպես երկու տարի առաջ եղավ։

– Եվ այստեղ ոչ մի իրավական հարց չի՞ առաջանում։

– Ժողովուրդն է իրավատերը, հեղափոխությամբ ժողովուրդն իրացնում է իր իրավունքը, դա է նշանակում։

Իսկ ովքեր ճանապարհին են հայտնվում, ոտքի տակ ճզմում են, շպրտում-գնում, ինչպես եղել է։ Հայաստանը կողոպտածների համար ամենաանվտանգ տեղը բանտախցերն են, որովհետև դուք տեսնում եք, որ արդեն իրենք իրենց են հոշոտում։

Իրենց մերձավորներին ոչնչացնում են, դրա համար մերձավորներին պետք է ասել՝ եկեք և ցուցմունք տվեք, նրանք ձեզ ծախելու են, խփելու են։ Խցերում ավելի անվտանգ է, եթե, օրինակ՝ Հայկ Հարությունյանը նստած լիներ, ոչ ոք չէր կարող խփել։

Համենայնդեպս, խցերում ավելի անվտանգ է, քան դրսում ֆռֆռալը, որովհետև երևում է, որ գողապետությունն իր ամենանվիրյալ զավակներին է ոչնչացնում, որովհետև նրանք ամենաշատ ինֆորմացվածն են և ամենակեղտոտ գործերն են արել։ Վկաներ պետք չեն հանցագործությունից հետո։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am