Լրատվականները մանիպուլացնում են Պուտինի խոսքը․ FIP.am

Ռուսական պետական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը սեպտեմբերի 29-ին, անդրադառնալով Սոչիում կայացած՝ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպմանը, գրել էր, որ ՌԴ նախագահը դրական է գնահատել Թուրքիայի ազդեցությունը Ղարաբաղում։ 

«Պուտին․ Ղարաբաղում իրավիճակի վրա Թուրքիայի ազդեցությունը նպաստում է հաշտեցմանը տարածաշրջանում»,- նշվում էր ենթավերնագրում։

Նույնժամ, նմանատիպ հրապարակումներ արեցին նաև ռուսական խոշոր այլ լրատվականներ՝ «Իզվեստիան»News.ru և Lenta.ru կայքերը, ինչպես նաև պետական «Դումա ԹՎ» հեռուստաընկերությունը։

Ժամեր անց, արդեն նմանատիպ վերտառությամբ հրապարակումները հայտնվեցին ադրբեջանական և հայկական մամուլում։ Այս մասին գրել են tert.amnews.ammamul.amlragir.ampolitik.amlurer.com կայքերը, ինչպես նաև Radio Aurora-ն, «5-րդ ալիքը» և «Առաջին լրատվականը»։ 

«Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է հանդիպման ամբողջական տեսանյութը և ՌԴ նախագահի պաշտոնական կայքում հրապարակված՝ հանդիպման սղագրությունը և պարզել, որ լրատվականները մանիպուլացրել են Պուտինի խոսքերը։

Իրականում, Վլադիմիր Պուտինը խոսել է ոչ թե թուրքական ազդեցության, այլ ռուս-թուրքական միջազգային համագործակցության հաջողությունների մասին՝ այդ համատեքստում գնահատելով Ակնայում (Աղդամ) գործող ռուս-թուրքական համատեղ դիտորդական կենտրոնը, և հայտնել, որ այս համագործակցությունը կայունության և համաձայնեցման երաշխիք է հանդիսանում կողմերի երկխոսության համար։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանին հրադադարի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնը ակտիվ գործունեություն է ծավալում, և այդ համագործակցությունը տարածաշրջանում կայունությանը և հաշտեցմանն ուղղված հետագա քայլերի շուրջ կողմերի դիրքորոշումների համաձայնեցման լուրջ երաշխիք է»,- մեջբերված է Պուտինի խոսքերը Կրեմլի կայքում։

Բացի այդ, որոշ լրատվականներ, այդ թվում՝ Tert.am կայքը, վերափոխել էին «ՌԻԱ»-ի կողմից Պուտինին վերագրվող խոսքը և այնտեղ ավելացրել «Լեռնային Ղարաբաղ» անվանումը։ Սակայն Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Պուտինը չի օգտագործել Լեռնային Ղարաբաղ անվանումը. նա նշել էր, որ  Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին ակտիվ գործում է հրադադարի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնը (այն տեղակայված է Ակնայում (Աղդամ)- խմբ.)։ 

Հատկանշական է, որ օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կոչ էր արել ՄԱԿ-ի անդամ երկրներին այլևս չօգտագործել Լեռնային Ղարաբաղ անվանումը։ 

Այսպիսով, կարող ենք փաստել, որ ՌԴ նախագահի խոսքը մանիպուլացվել է մի շարք լրատվամիջոցների կողմից։ 

Փաստերի ստուգման հարթակ