Ընտրողական արդարադատություն. փորձագետների կարծիքով Սողոմոն Քոչարյանի գործը նախադեպ չի դառնա

Ընտրողական արդարադատություն. փորձագետների կարծիքով Սողոմոն Քոչարյանի գործը նախադեպ չի դառնա
Ընտրողական արդարադատություն. փորձագետների կարծիքով Սողոմոն Քոչարյանի գործը նախադեպ չի դառնա

Ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանի գործը հետաքննած լրագրող Զարուհի Մեջլումյանը չի կարծում, որ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդության հիմքով ազատ արձակումը ցմահների համար կարող է նախադեպ դառնալ։ Քոչարյանից բացի օրերս մահացավ մեկ այլ ցմահ դատապարտյալ ևս. Կարեն Բոյաջյանը հոգեկան խնդիրներ ուներ։ Նա, ի տարբերություն Քոչարյանի, ազատ չէր արձակվել ծանր հիվանդության հիմքով։

Հետաքննող լրագրողը, ով զբաղվում է անդառնալի, ճակատագրական դարձած դատական սխալների լուսաբանմամբ, ասում է՝ եթե հանրային մեծ արձագանք չլիներ, Սողոմոն Քոչարյանը ևս կմահանար բանտախցում, ինչպես նրա բախտակից շատ այլ բանտարկյալները։

1995 թվականին Իրանի քաղաքացու սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Քոչարյանը մահացավ ազատ արձակվելուց երկու շաբաթ անց։ Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ցմահ բանտարկյալը ազատվեց պատժի հետագա կրումից: Նրա մոտ ախտորոշվել էր կառավարության 825-Ն որոշմամբ հաստատված պատժի կրման հետ անհամատեղելի սրտի իշեմիկ հիվանդություն, 3-րդ աստիճանի սրտային անբավարարություն և արագ զարգացող լիմֆոմա` քաղցկեղ:

«Սողոմոն Քոչարյանի դեպքը չի կարող նախադեպ դառնալ, որովհետև դա համառ լրագրողական, նաև հանրային պայքարի արդյունք էր։ Եթե չլիներ այդ մեծ հանրային ռեզոնանսը, Սողոմոն Քոչարյանը կմահանար բանտախցում, և դա կլիներ շարքային դեպք։ Որևէ մեկը չէր իմանա, թե ով է Սողոմոն Քոչարյանը, ինչ հանգամանքներում է դատապարտվել, ինչ ճանապարհ է անցել, պատերազմի մասնակից է, թե՝ ոչ, ավանդ ունի հայրենիքին մատուցած, թե՝ ոչ»,- «Մեդիալաբին» ասում է Մեջլումյանը, ով լրագրողական հետաքննության արդյունքում պարզել էր, որ մահապատժի դատավճիռը եղել էր ՀՀ գլխավոր դատախազության վրա Իրանի դեսպանի կողմից քաղաքական ճնշման հետևանք: 

Իր կատարած հետաքննությունը Մեջլումյանին թույլ է տալիս պնդել, որ 20 տարի բանտում անցկացրած Սողոմոն Քոչարյանը պետք է վաղուց ազատության մեջ լիներ։

«Հանցագործության որակումն է սխալ եղել, հստակ նշված է, որ հարվածը եղել տուժողի արմունկին, նա վայր է ընկել, և դատաբժիշկը իր եզրակացությամբ հաստատված է համարում, որ մահը վրա է հասել ոչ թե կրակոցից, այլ գանգուղեղային վնասվածքից, որը վրա է հասել ընկելուց։ Եվ այս հիմքը արդեն իսկ բավարար էր, որ 1995-ին նա դատապարտվեր ոչ թե մահապատժի, այլ 10 կամ 15 տարվա ազատազրկման։ Խիստ չափազանցված պատիժը պայմանավորված էր Իրանի կողմից քաղաքական ճնշմամբ»,- ասում է լրագրողը։

Իրավապաշտպաններն ու փաստաբանները պնդում են, որ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդության հիմքով ազատ արձակումը խիստ ընտրովի է կիրառվում արդեն իսկ տարբեր պատժաչափերի դատապարտված անձանց նկատմամբ, ուր մնաց ցմահների։

Նոյեմբերի 9-ին հիվանդանոցում մահացած Կարեն Բոյաջյանը (ով 1992-ին դատապարտվել էր մահապատժի, ինչը հետագայում փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ), վերջին տարիներին հոգեկան առողջության լուրջ խնդիրներ է ունեցել և նույնիսկ չի էլ գիտակցել, թե որտեղ է ինքը գտնվում։ Թեև նրա հիվանդությունը  ևս ընդգրկված է կառավարության 825-Ն որոշման հավելվածում (կայուն բնույթի քրոնիկ հոգեկան խանգարումներ՝ փսիխոզներ և թուլամտություն, անձին զրկող հնարավորությունից գիտակցելու իր գործողությունների (անգործության) բնույթը և հասարակական վտանգավորության աստիճանը), սակայն նա պատժի կրումից չի ազատվել, նույնիսկ չի տեղափոխվել հոգեբուժարան։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ընդգծում է՝ եթե իրավասու մարմինները պայմանական վաղաժամկետ ազատ արձակումը կիրառում են ընտրողաբար, ապա ծանր հիվանդության հիմքով պատժից ազատելու պրակտիկան խիստ ընտրողաբար է կիրառվում։

«Եվ դա պայմանավորված է նրանով, որ չկա մշակված ընթացակարգ։ Ընդամենը հիվանդությունների ցանկի սահմանման մասին կառավարության որոշում կա, բայց թե բժշկական հանձնաժողովը ինչպես պետք է այդ հարցերը քննարկի, ինչ ընթացակարգով և այլն, այս ամեն ինչը չկա, չի կարգավորված, թողնված է որոշողների հայեցողությանը։ Իսկ իրավական կարգավորումների որոշակիության բացակայությունը պարարտ հող է կոռուպցիոն ռիսկերի համար»,- ասում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարը, ով ծանր հիվանդություններ ունեցող դատապարտյալների նկատմամբ այս մոտեցումը համարում է անմարդկային վերաբերմունքի դրսևորում։

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի վիճակագրության համաձայն՝ 2012-2014 թվականներին Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում մահացել է 85 դատապարտյալ, որոնցից 14-ն ունեցել է պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդություն, այսինքն  ենթակա էին ազատ արձակման։

Սաքունցը վերհիշում է 2012-ին դատապարտյալ Հովհաննես Դոխոլյանի հոսանքահարվելու միջոցով ինքնասպանության դեպքը։ Դոխոլյանի դեպքի մասին բարձրաձայնել էր քրեակատարողական հիմնարկներում հասարական դիտորդական խումբը՝ մի քանի հրատապ զեկույցների և մամուլի հաղորդագրությունների միջոցով շեշտելով, որ նա ենթակա է պատժից անհապաղ ազատման հիվանդության հիմքով։ Սակայն բժշկական հանձնաժողովը այնքան էր երկարաձգել ազատման համար քննարկումները, որ ծանր հիվանդ, ինքն իր մասին հոգ տանել չկարողացող դատապարտյալը գերադասել էր ինքնասպան լինել։ Դոխոլյանը դատապարտված էր երկու անձի սպանության համար։

«Պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդության առկայության հիմքով ազատման կիրառումը մեծապես կախված է անձի կողմից  հանցագործության բնույթից։ Այսինքն հանցագործության բնույթը վճռորոշ նշանակություն ունի նման ինստիտուտների կիրառման համար՝ այն դեպքում, երբ դա որևիցե նշանակություն պիտի չունենա։ Ես դա համարում եմ արժանապատվությունը նվաստացնող անմարդկային վերաբերմունք»,- ասում է Սաքունցը։

Միևնույն ժամանակ ՔՀԿ հասարակական դիտորդական խմբի ներկայիս ղեկավար Ռուբեն Սարգսյանը նկատում է, որ վերջերս 825-Ն որոշման իրականացման առումով դրական առաջընթաց կա։

«Դա գործընթացը կարգավորող հիմնական փաստաթուղթն է, և որոշակի դրական տեղաշարժեր կան։ Նախկինում այսպես էր՝ ոչ ֆորմալ հրաման կար, դատապարտյալը ազատվում է, եթե երկու օր ուներ ապրելու ազատության մեջ։ Դիտորդական խումբը արդեն 4-5 նման գործ է վարել, օրինակ, առաջին գործի դեպքում դատապարտյալը ազատություն ստացավ և բարեբախտաբար, մինչ օրս ապրում է, շարունակում է բուժվել։ Դրանից հետո մի էլի մի քանի դեպքեր եղան, որ ոչ թե մահվան եզրին էին ազատում, այլ հնարավորություն կար գոնե ինչ-որ ժամանակահատված ազատության մեջ անցկացնել, ոչ թե երկու օր ապրել»,- ասում է Սարգսյանը։

Հասարակական դիտորդական խմբի ղեկավարը ևս ընդգծում է այս գործընթացի համար սահմանված կարգերի անկատարությունը։

«Դրանք այնքան լպրծուն են, ժամկետներ չկան, այսինքն բժշկական հանձնաժողովը կարող է հանգիստ որոշում կայացնել մի տարվա ընթացքում։ Մեկ այլ խնդիր է 825-Ն որոշման երկրորդ հավելվածում հիվանդությունների ցանկը, որն արդի չէ, հին մոտեցումներով է կազմված ցանկը, կան հիվանդություններ, որոնք ներառված չեն ցանկում, բայց մեր կարծիքով պետք է ներառված լինեին»։

Սաքունցը կարծում է, որ այդ ընթացակարգը ավելի կիրառելի դարձնելու համար լավագույն լուծումը կլիներ այն, որ ՔԿՀ-ներում  բժշկական ծառայության ինստիտուտը առանձնացվեր Քրեակատարողական վարչությունից և գործեր կամ առողջապահության նախարարության ենթակայության ներքո կամ լիներ անկախ մարմին։

Ու մինչ ոլորտի պետական պատասխանատուները ժամանակ առ ժամանակ այս թեմայով քննարկումների են մասնակցում, ընթացակարգը կատարելագործելու առումով գործուն քայլեր չեն կատարվում։ Դա է փաստում նաև օմբուդսմենի գրասենյակի վերջին զեկույցը, որում նշված է՝ «Պաշտպանի Բռնությունների կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները հանդիպել են բազմաթիվ հիվանդ ազատազրկվածների, որոնք ունեցել են բուժսպասարկման և բուժօգնության տրամադրման տարբեր խնդիրներ»։

«Լիարժեք չեն եղել, իսկ որոշ դեպքերում` բացակայել են Բժշկական աշխատանքային հանձնաժողովի (ԲԱՀ) աշխատանքների չափորոշիչները և ընթացակարգերը: Կարգավորված չէ նաև ԲԱՀ-ի կողմից ազատազրկված անձի մոտ կառավարության որոշմամբ հաստատված կարգով նախատեսված հիվանդության ախտորոշման դեպքում Միջգերատեսչական բժշկական հանձնաժողովին դիմելու ընթացակարգը, ժամանակահատվածը, նշված ընթացակարգերի թափանցիկության բարձրացման նպատակով բողոքարկման մեխանիզմը: Նշենք, որ 2010թ. Առողջապահության միջազգային կազմակերպության (ԱՄԿ) կողմից հաստատվել է հիվանդությունների դասակարգման նոր սանդղակ: Պարզվել է, որ Կարգի 2-րդ հավելվածում առկա հիվանդությունները չեն համապատասխանում ԱՄԿ կողմից հաստատված հիվանդությունների դասակարգման նոր սանդղակին։ Բացի դրանից՝ դեռևս սահմանված չեն պատժի կրման հետ անհամատեղելի համարվող հիվանդությունների հստակ ցանկն ու դրանց կանխատեսելի և հստակ չափորոշիչները»,- ասված է զեկույցում։

Լրագրող Զարուհի Մեջլումյանն էլ կարծում է՝ արդարադատության համակարգում այս և այլ խնդիրներ լուծելու համար առաջին հերթին անհրաժեշտ է, որ ոլորտի պատասխանատուները գիտակցեն՝ իրենք անսխալական չեն։

«Թեպետ կան պետական բոլոր մարմինները, որոնք լիազորված են ինչ-ինչ գործառույթներ կատարել, բայց փաստորեն ստացվում է, որ օրենքի կիրառման նախադեպ ենք ստեղծում մենք, և ասում ենք՝ ինչ լավ է մեր երկրում օրենքը կիրառվեց։ Օրենքը մեր երկրում մշտապես կիրառվում է ընտրովի։ Ընտրովի է արդարադատությունը, ում կուզեն կդատեն, ում չեն ուզի, չեն դատի, ում կուզեն կհամարեն տուժող, ում կուզեն մեղադրյալ։ Աշխարհը գնում է հին գործերը վերաբացելու ճանապարհով։ Անգամ ամենազարգացած դատաիրավական համակարգ ունեցող երկրներում ընդունում են, որ հավանական են սխալները, մենք ասում ենք՝ չէ՛, ինչպես կարող է դատավորը սխալվի, պետական համակարգը, դատական իշխանությունը սխալվի»,- ասում է Մեջլումյանը։

Նաիրա Գեւորգյան

Լուսանկարում Զարուհի Մեջլումյանը եւ Սողոմոն Քոչարյանը (hetq.am)

© Medialab.am