«Ծառուկյանը գիտեր, թե ինչ նյութեր կան իր դեմ, և հայտնի հայտարարությունն անելիս կռահում էր, թե իրադարձություններն ինչպես կարող են զարգանալ». Սուրեն Սահակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Քաղաքացու որոշում» ՍԴ կուսակցության քարտուղար, տնտեսագետ Սուրեն Սահակյանը

Պարոն Սահակյան, ինչպե՞ս եք գնահատում այսօր ԱԱԾ-ի կողմից Գագիկ Ծառուկյանի առանձնատանը կատարված խուզարկությունը և արված բացահայտումները:

– Ինձ մոտ հարց է առաջանում՝ արդյոք ի հայտ եկած հանգամանքները նո՞ր են ի հայտ եկել։ Ես խոր կասկածներ ունեմ, որ դրանք 2018 թվականին՝ ԱԺ ընտրությունների ժամանակ են ի հայտ եկել։ Եվ եթե իմ կասկածները ճիշտ են, ապա այսօր հրապարակված թուղթը մի փոքր ու անմեղ կտորն է ընտրակեղծարարության մասին ի հայտ եկած ամբողջ գործից։ 

Առերևույթ կատարված հանցագործությունները բացահայտելը իհարկե լավ է։ Լավ չի լինի, եթե պարզվի՝ դրանք քաղաքական նպատակահարմարությունից ելնելով են բացահայտվում, այսինքն՝ եթե քաղաքական նպատակահարմարությունը չլիներ, վաղուց բացահայտված այդ փաստերի մասին ավելի ուշ կիմանայինք։ Հուսանք, որ այդպես չէ։ Հուսանք, որ ի հայտ եկած ամբողջ ծավալից միայն այդ մի խեղճուկրակ թուղթը չի, որ կտեսնենք։

– ԲՀԿ-ն պնդում է, որ տեղի ունեցողը քաղաքական հետապնդում է, մինչդեռ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդվարդ Աղաջանյանը նշում է, որ Ծառուկյանը և նրա թիմը, ըստ էության, կառավարող ուժին սկսեցին քննադատել այն ժամանակ, երբ արդեն մտահոգված էին մի շարք քրեական գործերով, որոնք վերաբերում են փողերի լվացմանը, ընտրակեղծիքներին և այլն: Դուք ո՞ւմ ասածին եք ավելի հակված հավատալու: 

– Այդ երկու հայտարարությունները կարող են միաժամանակ տեղի ունենալ, դրանք մեկը մյուսին բացառող չեն։ Ես վստահ եմ, որ Գագիկ Ծառուկյանը գիտեր, թե ինչ նյութեր կան իր դեմ, և հայտնի հայտարարությունն անելիս կռահում էր, թե իրադարձություններն ինչպես կարող են զարգանալ։ 

Ինչպես արդեն նշեցի, ես հիմնավոր կասկածներ ունեմ այն մասին, թե որտեղից, երբ և ինչպես են ձեռք բերվել այսօրվա իրադարձությունների հիմք դարձած փաստերը։ 

Միաժամանակ, ոչ մի փաստ չունեմ պնդելու, որ ոչ թե առերևույթ հանցանքների մասին վկայող ակնհայտ փաստերով գործի քննությունն է շատ երկար տևել, այլ դրա արդյունքներն ի հայտ են եկել այն ժամանակ, երբ դրա քաղաքական նպատակահարմարությունն առաջացել է։ Այդ պատճառով ձեռնպահ կմնամ տեղի ունեցածը քաղաքական հետապնդում անվանելուց։


– ՔՈ կուսակցությունը ի սկզբանե ընտրություններից հետո էլ քննադատում էր օլիգարխ սեփականատիրոջ խորհրդարանում հայտնվելը և կառավարող ուժին՝ այս գործողություններն ուշացնելու համար: Ձեր կարծիքով՝ այսօր տեղի ունեցող գործընթացները ուշացա՞ծ են, թե՞ ոչ:

– Քրեական հանցագործություններին պետք է իրավական գնահատական տալ և գործընթաց հարուցել անմիջապես, երբ դրանց մասին հայտնի է դառնում։ Մեզ համար ակնհայտ էր դարձել Գագիկ Ծառուկյանի պատգամավորի մանդատի անհամատեղելիության փաստը, և մենք դրա մասին բարձրաձայնել ենք։ Դիմել ենք բոլոր մարմիններին, որոնք այդ հարցը կարող էին լուծել՝ ԱԺ խմբակցություններին, ԱԺ նախագահին, ՀՀ գլխավոր դատախազություն, Էթիկայի հանձնաժողով։ 

Այս բոլոր մարմինները այս կամ այն կերպ մերժել են իրավական գործընթաց հարուցելու առաջարկը։ Մենք այդ մերժումներից մեկը բողոքարկել ենք դատարան, և գործն այժմ ՀՀ Վերաքննիչ դատարանում է։ 

Այնուամենայնիվ, մինչ այժմ Գագիկ Ծառուկյանին մեղսագրվող արարքները ոչ մի կապ չունեն մեզ հայտնի դարձած խախտումների հետ։ Քաղաքականության և բիզնեսի տարանջատման հեղափոխական օրակարգի հրամայականը դեռ օդում կախված է։ Այսօր տեղի ունեցածը ոչ մի կապ չունի նշված օրակարգի հետ։ Դրանք նույնացնելու փորձերը մանիպուլյատիվ են։

– Հաշվի առնելով, որ ԲՀԿ-ի պահանջը նույնն է, ինչ Վանեցյանինը, Միքայել Մինասյանինը, ՀՅԴ-ինը, որքանո՞վ է հնարավոր նրանց միջև դաշինք ձևավորվի, և արդյոք այն կարող է հաջողել:

– Անկեղծ ասած, այդ օրակարգը ինձ բացարձակ հետաքրքիր չէ։ Հետաքրքիր չեն նաև այդ օրակարգով միացող ուժերի առօրյան ու հետագա ճակատագիրը։ Նույնիսկ Սերժ Սարգսյանին հեռացնելու դեպքում ինձ համար ավելի էական նշանակություն ուներ, թե ինչ է լինելու դրանից հետո։ Դրա հետ կապված՝ մենք 5 կետից բաղկացած քաղաքական օրակարգ ունենք, որով էլ մինչ օրս առաջ ենք շարժվում։ 2 տարի անց այդ օրակարգից ոչ մի կետ իրականություն չի դարձել։ 

Հաջողություն ունենալու առումով կարող եմ ասել, որ մեր քաղաքական մտքի զարգացման խոչընդոտը հանդիսացող հերթական կարծրատիպն է, թե պահի կառավարչի հեռանալով մեր հարցերը կարող են լուծվել։ 

Սերժ Սարգսյանի մասին էլ, Լևոն Տեր-Պետրոսյանի մասին էլ, Քոչարյանի մասին էլ ասում էին, թե նրանք երկրի զարգացման միակ խոչընդոտն են։ Պարզվեց՝ այդպես չէ, և արդեն կարելի է կանխատեսել պատասխանս՝ նույն մտածողությամբ, նույն մարտավարությամբ ու նույն գործիքակազմով աշխատելու դեպքում այլ արդյունք հնարավոր չէ պատկերացնել։ Մինչև այժմ այդպես աշխատող բոլոր նախաձեռնությունները տապալվել են։

– Մամուլը գրում է, որ քաղաքական որոշում է կայացվել Ծառուկյանին զրկել անձեռնմխելիությունից և կալանավորել: Ինչի՞ կարող է դա հանգեցնել:

– Դա կարող է հանգեցնել նրան, որ Գագիկ Ծառուկյանը հայտնվի բանտում։ Գագիկ Ծառուկյանը այս կամ այն կերպ մշտապես մասնակցել է երկրի պետական կառավարման համակարգը յուրացնելու գործին և երբեմն նույնիսկ էական դերակատարություն է ունեցել դրանում։ Լեգիտիմ ակնկալիք կա, որ ոչ միայն Գագիկ Ծառուկյանը, այլ նմանատիպ մասնակցություն ունեցած բոլորի տեղերը պահված են քրեակատարողական հիմնարկներում՝ ի տես բոլորի, որ այդպես անել չի կարելի։

Մանե Հարությունյան

MediaLab.am