Եղավ այն, ինչ կատարվել էր 90-ական թվականներին՝ բարձր ստացող երեխան ավելի դաժան ձևով դուրս մնաց բուհից․ Սերոբ Խաչատրյան

«Մեդիալաբի» հարցազրույցը կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ

– Պարո՛ն Խաչատրյան, արդեն երկու օր է՝ բազմաթիվ դիմորդներ, որ բուհ չեն ընդունվել, բողոքի ակցիաներ են կազմակերպում։ Ձեր վերլուծությունը ի՞նչ ցույց տվեց՝ ի՞նչ էր տեղի ունեցել։

– Խնդիրն այն է, որ այս տարի ընդամենը մեկ քննություն է եղել, և քանի որ քննությունը մեկն էր, մրցակցայնությունը բարձրացել էր։

Երբ երեք քննություն եք հանձնում, կտրվողների, ցածր ստացողների թիվը հավանականության տեսությամբ ավելի մեծ է, բայց երբ մեկ քննություն է, միավորները արհեստականորեն ավելի բարձր են լինում։

Երկրորդ գործոնն այն էր, որ «Հայոց պատմություն» առարկայից այս տարի բավական բարձր միավորներ են ստացել։ Օրինակ՝ ես առնվազն մի 70 հոգի եմ տեսել, որ 20 միավոր են ստացել, անցյալ տարի «Հայոց պատմությունից» ամբողջ հանրապետությունում 20 միավոր էր ստացել 22 դիմորդ։

Իսկ այս տարի միայն իրավագիտության ֆակուլտետում 50 դիմորդ 20 միավոր է ստացել, նույն ֆակուլտետում 150 դիմորդ 19-20 միջակայքում միավոր է ստացել։ Այսինքն՝ ստացած միավորները բարձր են։

Երրորդ գործոնն էլ այն է, որ քննությունն անցկացվել է բացառապես առաջին հայտի գերակայությամբ։ Այսինքն՝ մինչև առաջին հայտով դիմած բոլորը չեն ընդունվել, հաջորդող մյուս հայտերը չեն աշխատել։

Ավելի պարզ ասեմ՝ մինչև առաջին հայտով դիմած 7,5 ստացողը չի ընդունվել, 18 ստացողը չի կարողացել այդ տեղին հավակնել։ Երեք գործոնները գումարվեցին, ու տեղի ունեցավ մի բան, որը նաև 90-ական թվականներին էր մեզ հայտնի՝ բարձր միավորներով դուրս էին մնում բուհերից։ Հիմա նորից նույն բանը եղավ՝ ավելի դաժան ձևով, որովհետև ունենք դեպքեր, որ 18․75 միավորով բուհ չեն ընդունվել։

– Սա բարեփոխո՞ւմ էր ըստ ձեզ՝ հաշվի առնելով այն, որ նախարարությունը բացատրում է՝ գերխնդիր ունեին համալրել աշխատաշուկայի համար անհրաժեշտ մասնագիտությունները։

– Դա վատ չէ, այսինքն՝ երբ մարդուն առաջին հայտով ես ընդունում, դա իսկապես, վատ չէ, դա նշանակում է, որ դու հարգում ես նրա մասնագիտական ընտրությունը։ Բայց այստեղ խնդիրն այն է, որ այդ ամենը համեմվեց մեկ քննության հետ և համեմվեց բարձր միավորների հետ։ Դիմորդները բարձր միավորներ են ստացել։

– Ի՞նչ է ստացվում, պարո՛ն Խաչարյան, մեզանում երկար տարիներ հեղինակավոր համարվող մասնագիտությունները, ֆակուլտետները շարունակում են պահանջարկ վայելել։ 

– Այո՛, այո՛, միշտ էլ էդպես է եղել, ուղղակի հիմա տեղեկատվական տեխնոլոգիաների առումով մի քիչ իրավիճակը փոխվել էր, և այդ մասնագիտության համար էլ ավելի հավակնություններ կային։ Բայց, ընդհանուր առմամբ, այո՛, ցավոք, շատ քչերն են ցանկանում դառնալ ուսուցիչ ու գիտնական։ Այն մասնագիտությունները, որոնք ավելի գիտնականի ու ուսուցչի աշխատանք են ապահովում, այդքան պահանջված չեն։ 

– Լավ, ինչպե՞ս եք պատկերացնում խնդրի լուծումը։

– Երկու լուծում կա, մեկը՝ կարճաժամկետ լուծումն է․ այդ ոլորտների համար պետք է որոշակի լրացուցիչ արտոնություններ լինեն, և երկրորդ լուծում այն է, որ այդ խմբերի նկատմամբ հասարակության վերաբերմունքը պետք է փոխվի։

Այսինքն՝ մարդիկ չեն ուզում ուսուցիչ ու գիտնական դառնալ ոչ միայն այն պատճառով, որ աշխատավարձը ցածր է, այլև, ասենք, այդ աշխատանքը, այդ խավը այդքան էլ գնահատված չեն հասարակության մեջ։

Իսկ դա ցավալի է։ Հենց հիմա, տեսեք՝ աշխարհը ումի՞ց է կախված։ Գիտնականներից։ Ո՞վ պետք է այդ պատվաստանյութը ստեղծի։ Գիտական լաբորատորիաները։ Բայց, ցավոք սրտի, կոնկրետ Հայաստանում գիտությունն այդքան էլ հարգված չէ։ 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am