«Մի՛ կատարեք այն, ինչ կատարել են ֆաշիստները». Նախկին ոստիկանը Կապանում հացադուլ է հայտարարել

«Մի՛ կատարեք այն, ինչ կատարել են ֆաշիստները». Նախկին ոստիկանը Կապանում հացադուլ է հայտարարել
«Մի՛ կատարեք այն, ինչ կատարել են ֆաշիստները». Նախկին ոստիկանը Կապանում հացադուլ է հայտարարել

Արդեն մի քանի օր է՝ Կապանում` Սյունիքի մարզպետարանի շենքի մոտ, «Մի՛ կատարեք այն, ինչ կատարել են ֆաշիստները» ցուցապաստառով հացադուլ է անում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Կապանի պահպանության բաժնի ավագ ոստիկան Աշոտ Մկրտչյանը, ով չորս երեխայի (երեք տղա և մեկ աղջիկ) հայր է, բայց արդեն մեկ տարի է՝ մնացել է առանց աշխատանքի։

Աշոտ Մկրտչյանը «Մեդիալաբին» պատմեց, որ 1999 թվականից աշխատել է ոստիկանությունում, և հիմա, երբ արդեն պետք է թոշակի անցներ, ըստ իր խոսքերի, ապօրինի հեռացվել է աշխատանքից։ Նա նշեց, որ իր ընտանիքն ապրում է սոցիալական ծանր պայմաններում.

«Միայն 46 հազար սոցիալական անապահովության փող են տալիս, ինձ էլ չեն թողնում աշխատել։ Այսօր տանս արդեն ուտելու բան չկա, վաղը էլեկտրիկները գալու են լույսս անջատեն, գազը կանջատեն։ Մարզպետին դիմեցի, որ սննդով գոնե ապահովեն։ Պատասխանեց՝ երբ որ լինի, էն ժամանակ կտամ։ Ես չհասկացա, էրեխեքին ասեմ` սոված մնացեք, մինչև…»,- ասաց Աշոտ Մկրտչյանը։

Նա նշեց, որ իր հացադուլի հիմնական պահանջն իրեն աշխատանքում վերականգնելն է, որ մի քանի ամիս էլ աշխատի ու անցնի թոշակի։ Ավելին, նա պատմեց, որ իր փաստաթղթերը կեղծել են, նշված է, որ պատերազմում կռվել է, կոնտուզիա ստացել, բայց իրականում պատերազմի չի մասնակցել։

Նա պատմեց, որ իրեն աշխատանքից ազատման հրամանում նշված է, որ հոգեկան խնդիրների պատճառով են հեռացրել.

«Բժշկական հանձնաժողովը իր եզրակացությունում գրել է, որ ինձ մոտ առկա է պարանոիդ խանգարում։ Ինձ ազատել են իմ պետ Արտաշ Մարտիրոսյանի սխալ բնութագրի հիման վրա, մինչդեռ դա նրանց համար պատրվակ է եղել»,- պատմեց նախկին ոստիկանը, հավելելով, որ պետն իր դեմ երկու զեկուցագիր է գրել, նախ` որ ինքը աշխատանքի չի ներկայանում, իսկ երկրորդ զեկուցագրում նշել է, որ ոչ ադեկվատ պահվածքի համար իրեն ուղարկել են նյարդաբժշկական կենտրոն հետազոտության:

Մկրտչյանը պատմեց, որ նախորդ տարի իրեն վիրահատել են, վիրահատությունից հետո հիվանդանոցից դուրս գրվելուց հինգ օր հետո կանչել են աշխատանքի և հեռացման հրամանը տվել։

Բժիշկները մինչև վիրահատվելը նրան սխալ բուժում են նշանակել, ատամները հանել են, սկսվել է թարախային պրոցես, որի պատճառով ստիպված է եղել շարունակել բուժումը։ Իսկ հետագայում առողջական վիճակն այնքան է բարդացել, որ անհապաղ վիրահատության են ուղարկել։ Արդյունքում` նա չի կարողացել արձակուրդից հետո ժամանակին աշխատանքի ներկայանալ, և նրա նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել:

Նա պատմեց, որ կինն էլ առողջական լուրջ խնդիրներ ունի. «Ուռում է և պետք է ողնաշարի վիրահատության ենթարկվի, սակայն դրա համար միջոցներ չկան»,-եզրափակեց նա։

Խնդրի վերաբերյալ ոստիկանությունից «Մեդիալաբին» տեղեկացրին, որ բուժհաստատության կողմից տրվել է ախտորոշում-եզրակացություն հիվանդության վերաբերյալ, որոնց դեպքում քաղաքացին, ըստ գործող օրենսդրության և կարգի, չի կարող ծառայել ոստիկանությունում:

Մանե Հարությունյան

MediaLab.am