Գերմանացի գործչի խոսքով՝ Գերմանիան ճնշում է գործադրում Թուրքիայի վրա Հայոց ցեղասպանության հարցով

Գերմանիան ճնշում է գործադրում Թուրքիայի վրա, որպեսզի թուրքական իշխանությունները ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ, գերմանական Յենա քաղաքի նախկին քաղաքապետ (2006-2018 թթ.) Ալբրեխտ Շրյոտերը:

Շրյոտերի տեղեկություններով՝ գերմանացի և թուրք քաղաքական գործիչների միջև յուրաքանչյուր միջոցառման կամ հանդիպման ժամանակ գերմանական կողմը բարձրացնում է Հայոց ցեղասպանության հարցը: Գերմանացի գործիչը կարծում է, որ Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ Գերմանիայի գործադրած ջանքերը կնպաստեն Թուրքիայի կողմից ցեղասպանության ընդունմանը:

Յենայի նախկին քաղաքապետին հուսադրում է նաև այն փաստը, որ գնալով աճում է այն թուրք գիտնականների, գրողների, արվեստագետների, հասարակական գործիչների թիվը, ովքեր սկսել են հետաքրքրվել Հայոց ցեղասպանության պատմությամբ և դրան առնչվող փաստերով:

«Մենք պետք է աջակցենք այս մարդկանց Թուրքիայում, ուստի ես կարծում եմ՝ Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը կարող է լինել շարժում ներքևից՝ ստիպելու կառավարության ճանաչել հայերի ցեղասպանությունը», – նշեց գերմանացի գործիչը:

Ալբրեխտ Շրյոտերը երկրորդ անգամ է այցելում Հայաստան: 2016 թվականին, երբ Հայաստանի Հանրապետությունը տոնում էր իր անկախության 25-ամյակը, նա Երևան էր բերել Յենայի Ֆիլհարմոնիկ նվագախմբին՝ համերգ տալու Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Այս անգամ Շրյոտերը եկել է մասնակցելու Մեծ Եղեռնի զոհերի ոգեկոչման միջոցառումներին: Ապրիլի 24-ին նա բարձրացել է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ասում է, որ իր համար դա շատ կարևոր է, քանի որ որպես գերմանացի ինքը մեղավորություն է զգում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության տարածքում հայերի զանգվածային կոտորածներին Գերմանիայի մեղսակցության համար: Ալբրեխտ Շրյոտերը շեշտում է գերմանացիների կողմից այդ մեղքի գիտակցումն ու ընդունումը նույնիսկ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո:

«Ինչպես գիտեք՝ Գերմանիան այն ժամանակ Օսմանյան կայսրության դաշնակիցն էր: Դա սարսափելի մեղք է: Ես սրտի մեծ ցավով եմ վերաբերվում դրան եւ կարծում եմ, որ մենք՝ գերմանացիներս, պետք է ընդունենք այդ մեղքը: Ուստի ինձ համար սա ուխտագնացության պես մի բան է՝ խորհելու իմ ժողովրդի այդ մեղսակցության մասին», – բացատրեց գերմանացի գործիչը: