Երևանում դպրոցներում կարող են սահմանափակել բջջայինների օգտագործումը

Երևանի քաղաքապետարանը քննարկում է դպրոցներում բջջային հեռախոսների և այլ էլեկտրոնային սարքերի օգտագործման սահմանափակումը։ Նախաձեռնության համաձայն՝ 1-6-րդ դասարանցիները դասաժամերին, միջոցառումների և անգամ դասամիջոցների ընթացքում չեն կարողանա օգտագործել հեռախոս։ Աշակերտները կարող են բերել այն դպրոց, սակայն դասի սկզբում կհանձնեն դասղեկին և կվերցնեն միայն ավարտին։ 7-12-րդ դասարանների համար նախատեսվում է սահմանափակված օգտագործման կարգ։ Սահմանափակումները վերաբերում են ոչ միայն հեռախոսներին, այլև պլանշետներին, խելացի ժամացույցներին և այլ թվային սարքերին։

Ծրագրի առաջին փուլում այն նախատեսվում է գործարկել 15 դպրոցում։ Առաջիկա օրերին նախագիծը կուղարկվի հաստատման, իսկ տարեվերջին կգնահատվեն արդյունքները՝ աշակերտների ֆիզիկական, սոցիալական և հոգեբանական ցուցանիշների, ինչպես նաև առաջադիմության որակի հիման վրա։

«Հնարավոր է, որ աշակերտները սկզբում դժգոհեն այս սահմանափակումներից, սակայն համոզված եմ՝ դրանք դրական ազդեցություն կունենան կրթության որակի, առօրյայի և նույնիսկ երեխաների երջանկության վրա»,-շեշտել է Տիգրան Ավինյանը։