Կանանց ռեսուրսային կենտրոնի հայտարարությունը կացնահարման դեպքի կապակցությամբ ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:
2016թ. հուլիսի 8ին Երևան քաղաքի Շենգավիթ համայնքում տեղի ունեցած ահասարսուռ հանցագործության զոհերից մեկը՝ Թագուհի Մանսուրյանը, դեռ հունվար ամսին ահազանգել էր «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ին կից գործող Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի թեժ-գծին:
Ամուսնալուծված լինելով՝ Թագուհին շարունակական կերպով հետապնդվում էր նախկին ամուսին՝ Վլադիկ Մարտիրոսյանի կողմից, ով մշտապես ծեծել և նվաստացրել էր կնոջը, անգամ այն ժամանակ, երբ վերջինս հղի էր: Ամուսնալուծվելուց հետո Վլադիկը կրկին անհանգստացնում էր թե՛ Թագուհուն և թե՛ Թագուհու ծնողներին. ներկայանում էր Թագուհու աշխատանքի վայր, աղմուկ բարձրացնում, հայհոյում իրեն իր գործընկերների ներկայությամբ:
Համատեղ ամուսնությունից նրանք ունեն որդի, ով թերևս շահարկման առիթ էր հաճախ լինում հոր կողմից: Չարաբաստիկ «Կիսաբաց լուսամուտներ» շոու ծրագրի ժամանակ Վլադիկը կարծես վստահեցնում էր, որ իր շարունակական հետապնդումների միակ դրդապատճառը որդուն տեսակցելն էր և որդու խնամքը ստանձնելն էր: Հարկ է նշել նաև, որ Թագուհին անգամ տեղեկացված չէր հաղորդման հեռարձակման մասին: Ավելին, այդ ամբողջ ընթացքում Թագուհին միայնակ էր հոգում երեխայի բոլոր կարիքները, քանզի հայրը հրաժարվել էր անգամ վճարել դատարանի կողմից սահմանված ալիմենտները:
Շարունակական բռնության և հետապնդումների զոհ Թագուհին բազմակի անգամ ոստիկանություն դիմելով՝ այդպես էլ չարժանացավ պատշաճ պաշտպանության պետության կողմից: Ավելին, Վլադիկի դեմ հարուցված քրեական գործով, որի հետևանքով նա պետք է ազատազրկվեր և մինչ օրս լիներ քրեակատարողական հիմնարկում, դատավորի «բարի կամքի» արդյունքում Մարտիրոսյանը ստացավ միայն պայմանական ազատազրկում: Այսպիսով, Վլադիկը՝ օգտվելով անպատժելիության մթնոլորտի կողմից տրված բոլոր հնարավորություններից, շարունակեց իր հանցավոր վարքագիծը: Հուլիսի 8ին Վլադիկը կացնահարելով սպանեց Թագուհու մորը, ծանր մարմնական վնասվածքներ պատճառեց Թագուհուն և նրա տարեց հորը:
Հարց է ծագում՝ որտե՞ղ էր այն հոգատար հոր կերպարը, երբ Վլադիկը երկամյա փոքրիկի ներկայությամբ կացնահարում էր երեխու մորն ու հարազատներին:
Իսկ վլադիկասեր մեր հասարակությունը չհապաղեց մեկ անգամ ևս ապացուցել, որ մարդկային կյանքն ու արժանապատվությունը մեր երկրում այլևս արժեք չեն:
Մարդկային բանականությունը կարծես դադարում է գործել, երբ հայտնվում են մեկնաբանություններ, որ «կինն արժանի էր», կամ «մորը պետք էր 100 մասի կտրատել»: Զավեշտալին այն է, որ՝ տարիներ շարունակ աշխատելով բռնության ենթարկված կանանց հետ, հանրային նման դրսևորումների հետ բախվում ենք ոչ առաջին, և ոչ էլ՝ կարծում ենք, վերջին անգամ:
Արդյո՞ք «հանրային դատավորներիցդ» մեկը գոնե նման իրավիճակներին երբևէ փորձել է նայել կնոջ աչքերով. այն կնոջ աչքերով, ով տարիներ շարունակ չեր կարողանում հանգիստ տանից դուրս գալ, որովհետև անվտանգ չէր՝ պաշտպանված չէր, որովհետև իրեն անընդհատ դրսում սպասում էր բռնարար տղամարդը: Ինչու՞ է այս հասարակությունը մշտապես արդարացնում բռնարարին և էլ ավելի քարկոծում զոհին:
Ընդ որում ամբողջ իրավիճակի անհեթեթությունը հասկանում ես այն ժամանակ, երբ այն բուժքույրը, ով խնամում է գլխին կացնով բազմակի հարվածներ ստացած, կյանքի ու մահվան կռիվ տվող Թագուհուն, արհամարհական ձևով նայում է կնոջ վրա և կողքինի ականջին շշնջում՝ «սաղ էսի էր մեղավոր, թող չհրահրեր»:
Ամբողջ իրավիճակի զավեշտալիությունը հասկանում ես այն ժամանակ, երբ գիշերվա 4-ին հարևանները լսում են, թե ինչպես են կացինով սպանում երեք մարդու, լսում են նրանց օգնության կոչերը, սակայն էլ ավելի խորն ընկղմվում իրենց բարձի մեջ: Եվ, ի վերջո, հանգստացնում և արդարացնում իրենց արարքը, մտածելով՝ «դա իմ գործը չէ»:
Ամբողջ իրավիճակի ցավը հասկանում ես այն ժամանակ, երբ Թագուհին տեսնում է կազմակերպության ներկայացուցչին և հարցնում, թե մայրն ինչպես է, իսկ դու պատասխան չունես:
Այս երկու օրերի ընթացքում Թագուհին պայքարում էր կյանքի համար. երեկվանից նա արդեն ավելի ստաբիլ վիճակում է ու թերևս դեռ ապաքինման և վերականգման համար շատ ջանքեր պետք է գործադրվեն, բայց արդյոք հոգու ցավը հնարավոր կլինի երբևէ բուժել:
«Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության փաստաբանը ներկայացնում է Թագուհու և նրա հոր շահերը: