Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնություններն Ազգային ժողովում իրենց ներկայացուցիչն ունենալու խնդիրն են վեր հանում, մինչդեռ իշխանությունները պնդում են, որ նրանց խնդիրները առանց այդ էլ լուծվում են:
Փոքրամասնությունների ներկայացուցիչները որպես լուծում առաջարկում են հատուկ քվոտավորված մեկ տեղ հատկացնել իրենց, այդպիսով կպաշտպանվեն իրենց շահերը, այլ ոչ թե այն կուսակցության, որի անդամ Հայաստանում բնակվող այլազգին կարող է լինել:
ԱԺ 2012-ի ընտրություններին մեծամասնական կարգով առաջադրված ազգային փոքրամասնության ներկայացուցիչ չկա, իսկ կուսակցությունների՝ համամասնական ցուցակներում ընդգրկված 7 այլազգի թեկնածուներից միայն մեկն է համեմատաբար անցողիկ տեղ զբաղեցնում՝ Հանրապետական կուսակցության անդամ, ազգությամբ հույն Էդուարդ Շարմազանովը:
Հանրային խորհրդի ազգային փոքրամասնությունների հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչ Սլավա Ռաֆայելիդիսը նույնպես հույն է ու կարծում է, որ առաջադրված պատգամավորության բոլոր թեկնածուներից միայն համամասնական ցուցակում 14-րդ տեղում գտնվող Շարմազանովը կարող է անցնել, քանի որ անցողիկ դիրքերում է, իսկ ՀՀԿ-ն ըստ սոցհարցումների, ուժեղ դիրքեր ունի:
«Մենք, իհարկե, դեմ չենք, որ ազգային փոքրամասնության ներկայացուցիչը դառնա կուսակցության անդամ, բայց ուզում ենք, որ անկուսակցական ներակայացուցիչ ունենանք, որ մեր շահերը պաշտպանի ու ոչ թե՝ կուսակցության»,- ասում է Ռաֆայելիդիսը:
Մինչդեռ Շարմազանովը խորհրդարանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցչի անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ նախ՝ Հայաստանում ապրողների 98 տոկոսն էթնիկ հայեր են, եւ երկրորդ՝ «փոքրամասնությունները բացարձակապես ոչ մի խնդիր չունեն»:
«Նրանք լիարժեք ինտեգրված են մեր հասարակության մեջ եւ ունեն լայն իրավունքներ ու կարիք չկա Ազգային ժողովում ներկայցուցիչ ընդգրկելու: Այլ բան է՝ եթե նրանք ընդգրկվեն կուսակցություների մեջ ու ներկայացուցիչներ ունենան կուսակցություններում»,- «Մեդիալաբին»պարզաբանում է Շարմազանովը:
Սակայն, հանրապետական կուսակցության հույն ներկայացուցչի հետ համաձայն չեն Հայաստանում բնակվող մյուս այլազգիները: Նրանք նշում են, որ իրենք սփռված են հանրապետության ողջ տարածքով, որն արդեն իսկ անհնար է դարձնում իրենց մուտքը Ազգային ժողով, եթե պայքարեն օրենքով սահմանված հավասար պայմաններում:
«Եզդի խանա» թերթի խմագիր Խդր Հաջոյանը դրական առաջընթաց կհամարեր, եթե ազգային փոքրամասնությունները ու, հատկապես եզդիները, որոնք ամենամեծ համայնքն են Հայաստանում, ունենային իրենց ներկայացուցիչը խորհրդարանում:
«Նա կբարձրացներ եւ կանդրադառնար մեր խնդիրներին, որոնցից մեկը կրթական համակարգում ցածր աշխատավարձերն են, ինչ հետեւանքով էլ շատ եզդի ուսուցիչներ դուրս են գալիս աշխատանքից, իսկ երեխաները մնում են առանց մայրենի լեզվի դասերի»,- ասում է Հաջոյանը:
Մարդահամարի տվյալներով՝ ազգային փոքրամասնությունները Հայաստանի բնակչության 3 տոկոսն էլ չեն կազմում՝ 80000 մարդ, որոնցից հստակ առանձնացված են 11 ազգություն: Ամենամեծ համայնքը եզդիականն է, պաշտոնական տվյալներով, մոտ 45000 մարդ, ըստ եզդիների՝ 65000: Նրանց հետեւում են ռուսները, քրդերը, գերմանացիները, ասորիները, բելառուսները, ուկրաինացիները, հրեաները եւ մյուսները:
Հայաստանի պետբյուջեից յուրաքանչյուր համայնքի ամեն տարի հատկացվում է 10 միլիոն դրամ: Պետությունը նրանց համար նաեւ դասագրքեր է տպագրում, կազմակերպում է միջոցառումներ:
Այս ամենով, սակայն, փոքրամասնությունների խնդիրները չեն լուծում, քանի որ պատգամավոր չունեն, իսկ պետական տարբեր մարմիններում իրենց ներկայացուցիչները շատ փոքր տոկոս են կազմում:
«Մենք պետք է գնանք Ազգային ժողով, որ բարձրաձայնենք այն խնդիրը, որ եզդիական համայնքը ամենամեծն է, բայց բոլորին պետությունը հավասարաչափ գումար է տրամադրում: Պետական ապարատում հազվագյուտ են աշխատում ազգային փոքրամասնության ներակայացուցիչները: Օրինակ, Արմավիրի մարզում 10000 եզդի կա, իսկ մենք մարզպետարանում գոնե մեկ ներկայացուցիչ էլ չունենք: Շիրակի, Արարատի մարզերում մարդ չկա, Երեւանում մեկ հոգի է աշխատում: ՀՀ կառավարությունում միայն մեկ մարդ կա»,- վրդովվում է ԱԺ մարդու իրավունքերի պաշտպանության եւ հանրային հարցերի փորձագետ, ազգությամբ եզդի Սիաբանդ Բաքոյանը:
Հայաստանի կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչության պետ Վարդան Ասցատրյանը, հակադարձելով Բաքոյանին, հայտնում է, որ ամեն ինչ այդքան էլ վատ վիճակում չէ, քանի որ տարբեր մարզերում տեղական ինքնակառավարման մարմնիններում ներգրավված ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ կան, իսկ հայերը հանդուրժող են նրանց նկատմամբ:
«Դրա համար մենք առաջարկում են, որ իրենք գոնե ներգրավված լինեն տեղական ինքնակառավարման մարմիներում կամ ԱԺ աշխատակազմում, ու միշտ ենք ասում, որ պատրաստի կադրեր ունենալու դեպքում պատրաստ ենք աջակցել ու առաջնահերթության իրավունք տալ» ,- «Մեդիալաբին» ասում է Ասցատրյանը:
Խորհրդարանում փոքրամասնություններին տեղ տալու խնդիրն անհանգստացնում է նաեւ միջազգային կազմակերպություններին: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մարդու իրավունքների ծրագրի ղեկավար Վլադիմիր Չունտուլովն, օրինակ, կարծում է, որ Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ձայները միայն քվե ապահովելու համար չպիտի օգտագործվեն.
«Այս մարդկանց համար պետք է սահմանվի հատուկ տեղ ԱԺ-ում եւ ոչ թե բոլորի համար համընդհանուր պայմաններով մրցակցություն»:
Կարինե Իոնեսյան
Լիլիթ Առաքելյան
© Medialab.am