Թուրքերի ու որոշ հայերի շրջանում եղած խուճապի մասին․ Սարո Սարոյան

Քաղաքագետ Սարո Սարոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

Թուրքերի ու որոշ հայերի շրջանում եղած խուճապի մասին

Երեւի միայն միամիտ հայերի շրջանում է մնացել այն պատկերացումը, որ սա հայ-ադրբեջանական պատերազմ է: Իրականում սա հայ-թուրքական երկրորդ պատերազմն է եւ ռազմաքաղաքական նշանակության մի էական կետում զուգահեռ անցկացնելն այսօր հրատապ է դարձել:

Հայտնի փաստ է, որ 1920 թ. երբ սկսվեց պատերազմը, Առաջին Հանրապետության բանակը լավ զինված էր ու իր մեջքին ուներ անառիկ Կարսի բերդի հզորությունը: Օլթիի ու Սարիղամիշի ճակատներից նահանջող Հայոց բանակի համար կար ռազմական հստակ առաջադրանք՝ թուրքերին կանգնեցնել Կարսի բերդապարիսպների տակ ու հզոր հարվածներով կոտրել այդ բանակի մարտունակությունը: Դրանից հետո թուրքերին ջախջախելը ժամանակի հարց էր դառնալու: Սակայն եղավ այն, ինչը հայ ժողովրդին դարեր շարունակ ուղեկցել է. հայի ներքին տականքը, տարված լինելով ապազգային գաղափարներով, տուրք տալով արտաքին ուժերի հովանու տակ պաշտպանություն գտնելու պատրանքներին, առաջնորդվելով այդ նույն օտար ուժերի միջոցով Հայաստանում քաղաքական իշխանությանը տիրանալու մարմաջով, հանրության ու բանակի մեջ տարածում էին լուրեր, որ իրենց դեմ կռվում են հեղափոխական թուրքերը, որոնք նույնքան խաղաղասեր են, որքան հայ ժողովուրդը, տարածում էին, որ պատերազմելն իմաստ չունի, մեր փոխարեն ամեն ինչ որոշված է, որ միայն Թուրքիայի ու բոլշեւիկյան Ռուսաստանի հետ հաշտությունը կարող է խաղաղություն բերել երկրին։ Այդ քայքայիչ գործունեության գագաթնակետը եղավ Կարսի բերդը լքելու, չդիմադրելու, անիմաստ չկռվելու մասին համոզմունքի ստեղծումը հայության շրջանում:

Ներկա պատերազմում նույն այդ միտումները մենք ամեն օր զգում ու տեսնում ենք հանրային-քաղաքական օրակարգում: Շուշին մեր արեւելյան պաշտպանական ժայռապարիսպն է, ինչպես Կարսն էր 1920 թ.: Շուշին թուրքերը գրավել չեն կարող ռազմական ոչ մի ճանապարհով, եթե միայն հայերը պարզապես չհանձնեն այն, ինչպես Կարսը 100 տարի առաջ: Մեր բանակը հարյուրավոր դիվերսանտների չեզոքացման խնդիրն է լուծում այս օրերին Շուշիի շրջակայքում: Ու դա կատարում է հստակ, պրոֆեսիոնալ բանակին հարիր արհեստավարժությամբ: Ընդ որում, թուրքերը երբեք չեն կարող հասնել Շուշիին իրենց տանկերով կամ այլ զրահամեքենաներով: Տասնյակ կիլոմետրեր կտրել անցնելով՝ թուրքական հատուկ ջոկատայինները անտառների միջով հասնում են բերդապարսպի տակ ընդամենը նրա համար, որպեսզի մագլցեն ժայռերը ու մի որեւէ շենքի վրա բարձրացնեն դրոշակ: Ալիեւն էլ նոյեմբերի 9-ին՝ Դրոշի օրվա կապակցությամբ, ցուցադրի թուրքական հանրությանը, թե նորօրյա Կարսի բերդն ընկել է, իսկ Հայաստանն էլ՝ ծնկի բերվել: Ի դեպ, չմոռանանք, որ թուրքերը Շուշին գրավելու առաջին հարվածը փորձել են իրականացնել Կարսի անկման օրը՝ հոտեմբերի 30-ին:

Մեզանում շատ են այն շրջանակները, ովքեր պատրաստ են հիստերիկության ամենաբարձր նոտաներով փորձեն գուժել Շուշիի անկման լուրը՝ միայն թե կարողանան համոզեն դիմացինին, որ ամեն ինչ վերջացած է, դիմադրությունն անիմաստ է, մեր փոխարեն որոշել են օտարները, չենք լսել արտաքին աշխարհի քեռիներին եւ քաղում ենք դրա պտուղները եւ այլն: Ու այս ամենը կատարվում է՝ ելենելով այդ մարդկանց մեջ եղած իրական խուճապից: Ո՞րն է այդ խուճապը:

Հստակ քաղաքական շրջանակներ կան, որոնք տեսնում են, որ այս օրերին Հայոց բանակի իրականացրած Շուշիի պաշտպանության օպերացիան արդեն ավարտվում է, եւ թուրքական դիվերսիոն ջոկատները լիակատար ջախջախվում են: Այդ մարդկանց մոտ եղած խուճապն այն բանից է գալիս, որ զրկվում են Շուշիի կորստի վտանգը գուժելու փաստարկից ու այլեւս չեն կարողանա համոզել մարդկանց, որ մենք պարտության ճանապարհին ենք կանգնած, պետք է իրենց հանձնենք երկրի բանալիները, լսենք իրենց հանճարեղ մտքերը, վազենք օտարների դուռը եւ այլն:

Իհարկե, մեզանում բազում սխալներ, թերացումներ կան: Իհարկե, այդ ամենի մասին պետք է բարձրաձայնել ու շտկել: Իհարկե, մեզանում պետք է ի վերջո գործի ռազմական տրիբունալը: Իհարկե, շատ պաշտոնյաներ պետք է կանչվեն պատասխանատվության ու շատ դեպքերում կանգնեն ռազմական տրիբունալի առաջ: Սակայն դրա հետ մեկտեղ, բոլորս պետք է ամուր մնանք մեր բանակի ուժի գնահատման հարցում:

Շուշին ընդմիշտ լինելու է Հայաստանի արեւելյան ժայռապարիսպը ու ամուր կանգնած է մնալու՝ կսկիծ ու վիշտ պատճառելով թուրքին ու քաղաքական խաղեր տվող հայ տականքին: