«Ես ուզում եմ լավատես լինել, բայց դրա համար պետք է ամբողջ ժողովուրդը դուրս գա փողոց». Վալերի-Աշխեն Գործունյան

«Ես ուզում եմ լավատես լինել, բայց դրա համար պետք է ամբողջ ժողովուրդը դուրս գա փողոց». Վալերի-Աշխեն Գործունյան
«Ես ուզում եմ լավատես լինել, բայց դրա համար պետք է ամբողջ ժողովուրդը դուրս գա փողոց». Վալերի-Աշխեն Գործունյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ֆրանսահայ գործարար Վալերի-Աշխեն Գործունյանը:

– Տիկի՛ն Գործունյան, ինչպե՞ս եք գնահատում Երևանում տեղի ունեցող քաղաքական զարգացումները, երբ պայքարի ելած ուժերը միացել են իրար, նախօրեին էլ ցուցարարները ներխուժել էին Հանրային ռադիոյի շենք։ Հիմք տեսնո՞ւմ եք պայքարի հաջողության համար և ի՞նչ ակնկալիքներ ունեք։

– Ես չգիտեմ, թե իրենք որքանով կկարողանան փոփոխությունների հասնել, բայց ընդդիմության միավորվելը շատ լավ է։ Սակայն ես խիստ կասկածում եմ, որ Հայաստանում հնարավոր կլինի ինչ-որ բան փոխել այն պարագայում, որ Ռուսաստանը չի ուզում որևէ փոփոխություն լինի Հայաստանում։ Մյուս կողմից՝ եթե ամբողջ ժողովուրդն ուզենա փողոց դուրս գալ, անշուշտ, ոչ ոք չի կարող նրա դեմ դուրս գալ, լինի Հայաստանում թե մեկ այլ երկրում։ Այդ դեպքում մեծ հույս կունենամ, որ կարող է բան փոխվել, բայց պետք է այդ փոփոխությունը խորքային լինի։ Ոչ միայն Սերժ Սարգսյանը չդառնա վարչապետ, այլև ամբողջ կառավարությունը փոխվի։ Այսինքն՝ ոչ թե միայն Սերժ Սարգսյանի հարցը դրվի, այլ ավելի խորքային ձևով նայեն խնդիրների լուծմանը։ Սերժ Սարգսյանը կարող է մեկ ուրիշին ներկայացնել վարչապետ ու ստվերային ձևով կառավարել ամբողջ երկիրը։ Դրա համար պետք է փոփոխությունը խորքային լինի։ Հուսամ, որ ամբողջ ընդդիմությունը այդ ամենը շատ լավ հասկանում է, որ մեկ անձի փոփոխությամբ հարցը չի լուծվելու։ Պետք է համակարգը փոխվի, պետք է կառավարման ձևը, տրամաբանությունը փոխվեն, դառնա ժողովրդին ծառայող պետություն։ Ինձ ուրախացնում է, որ Երևանում հանրահավաքներին շատ մարդ է գալիս, և հույս ունեմ՝ հաջողություն կգրանցվի։

– Այս անգամ նկատվում է, որ ոստիկանությունն է բավականին հանդուրժող և բռնության չի դիմում։ Ձեր կարծիքով՝ ինչ-որ բա՞ն է փոխվել նրանց մեջ։

– Ես դրա վրա շատ եմ զարմանում։ Հնարավոր է Եվրամիության հետ համաձայնագիր են ստորագրել, դրա համա՞ր են վախենում բռնությունների դիմելուց։ Սա ոչ միայն զարմանալի է, այլև կասկածելի։ Գուցե եվրոպական կառույցներից զգուշացում են ստացել, որ չի կարելի ժողովրդի հետ վատ վարվել, հատկապես որ այս տարի Երևանում տեղի է ունենալու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը։

– Իսկ ինչպե՞ս է ֆրանսահայ համայնքը գնահատում Երևանում տեղի ունեցող փոփոխություններն ու զարգացումները։

– Այսօր էլ Ֆրանսիայում ցույց կար ի պաշտպանություն Հայաստանում բողոքի հանրահավաքների։ Նույն մարդիկ են հետաքրքրված Հայաստանով, նրանց թիվը չի ավելանում, ինչը մեծ դժբախտություն է։ Եթե իսկապես Հայաստանում այս պայքարը շարունակվի, և սկսեն ինչ-որ բաներ փոխվել, գուցե այդ ժամանակ այստեղ էլ մի քիչ մարդիկ կփոխվեն։ Ցավոք, այս պահին սփյուռքում ես մեծ փոփոխություն չեմ տեսնում։

– Հայաստանի դատախազությունը ոստիկանությանը հանձնարարել է նյութեր նախապատրաստել Նիկոլ Փաշինյանի և իր աջակիցների կողմից ԵՊՀ-ի և Հանրային ռադիոյի շենքերում իրականացված գործողությունների փաստերի առթիվ և չի բացառել, որ քրգործ հարուցվի։ Հնարավո՞ր է, որ այս տարբերակով փորձեն ճնշումներ գործադրել պայքարող անձանց վրա։

– Իհարկե հնարավոր է, ես զարմանում եմ, որ մինչև հիմա ոչ մի բան չեն արել։ Հույս ունեմ, որ կմնան օրենքի շրջանակներում, որ չկարողանան ազդել իրենց վրա։ Ինչ էլ լինի, թեկուզ մեկ տոկոսով, բայց ԵՄ-ի հետ համաձայնագիրը պետք է որ դրական ազդեցություն ունենա մեր ոստիկանության գործողությունների վրա, պետք է խանգարի նրանց դիմելու ոչ ժողովրդավարական մեթոդների։ Եթե որևէ վատ զարգացումներ լինեն, մենք անպայման այստեղից մեր ձայնը կբարձրացնենք։

– Եթե վարչապետ դառնա Սերժ Սարգսյանը, տնտեսության մեջ ավելի վա՞տ ցուցանիշներ ենք արձանագրելու, հաշվի առնելով, որ մասնագիտությամբ տնտեսագետ չէ։ Կկարողանա՞ նա խնդիրներին լուծում տալ։

– Արդեն 23 տարի այդ մարդը պետական կառավարման մեջ է, 10 տարի է՝ ղեկավարում է Հայաստանը։ Այս ընթացքում ի՞նչ է փոխվել Հայաստանում, որ հիմա ակնկալենք, որ կփոխվի։ Ես մեկ վայրկյան անգամ դրան չեմ հավատում, և դա շատ վատ է Հայաստանի համար, որովհետև Հայաստանի տնտեսական վիճակն այսօր շատ մտահոգիչ է։

– Բոլոր դեպքերում դրակա՞ն եք համարում, որ Հայաստանում ժողովուրդն արթնացել է։

– Մինչև հիմա կարծում էինք, որ Հայաստանի ժողովուրդն ամբողջովին անտարբեր է, ընդհանրապես չի ուզում պայքարել։ Լավ է, որ հիմա ժողովուրդը մի քիչ արթնացել է, չի վախենում, դուրս է գալիս փողոց և պայքարում իր իրավունքների համար։ Նորմալ չէ, երբ մարդը խոստացել է, որ երրորդ ժամկետ չի լինելու երկրի ղեկավար, բայց հիմա ուզում է դրժել խոստումը, դա նորմալ չէ։

– Ձեր կարծիքով՝ ի՞նչ հաջողություն կգրանցի այս շարժումը։

– Ես ուզում եմ լավատես լինել, բայց դրա համար պետք է ամբողջ ժողովուրդը դուրս գա փողոց։ Ես հույս ունեմ, որ ժողովուրդն այս անգամ կարթնանա, և չենք ձախողի։ Որովհետև, եթե այս անգամ էլ ձախողենք, չգիտեմ՝ այլևս պայքարելու ջիղ կմնա՞ մեր մեջ, թե ոչ։ Մի օր ժողովուրդը պե՞տք է շահի այս պայքարից և իր ու իր երեխաների համար լավ ապագա կերտի։

Մանե Հարությունյան

MediaLab.am