«Հայաստանի կառավարությունը պետք է բացի նաեւ հոկտեմբերիկների ակումբներ». Հայրենասիրական ակումբների շուրջ

«Հայաստանի կառավարությունը պետք է բացի նաեւ հոկտեմբերիկների ակումբներ». Հայրենասիրական ակումբների շուրջ
«Հայաստանի կառավարությունը պետք է բացի նաեւ հոկտեմբերիկների ակումբներ». Հայրենասիրական ակումբների շուրջ

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը կարծում է, որ եթե անգամ Հայաստանի պետական բյուջեում միջոցները բավարար լինեին, 65 մ իլիոն դրամ տրամադրել մարզերի դպրոցներում «Պատանին երկրապահների» հայրենասիրական ակումբեր ծրագիր ֆինանսավորելը նախ եւ առաջ գաղափարի տեսանկյունից անհեթեթություն է:

«Մեդիալաբի» հետ զրույցում Արթուր Սաքունցն ասում է, որ նախ, հայրենասիրություն ասվածով ոչ թե Երկրապահը կամ պաշտպանության նախարարությունն է զբաղվելու, այլ կրթության համակարգը:

Հիշեցնենք, որ 2015 թվականի պետական բյուջեից 65-66 միլիոն դրամ կհատկացվի մարզերի դպրոցներում «Պատանի երկրապահ» ակումբներ ստեղծելու համար:

Խորհրդարանում եկող տարվա բյուջեի ներկայացմանը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հայրենասիրություն սերմանող ակումբների անհրաժեշտությունը պայմանավորել էր կա սահմանային լարվածության ավելացումը մատնանշելով:

«Կրթության համակարգը պետք է դա ապահովի՝ առաջին հերթին երեխային  մտածել սովորեցնի, գիտելիքներ տա, որպեսզի երեխան ապագայում կարողանա դրսեւորվել: Սա ես համարում եմ ռազմական շարժ, պետության կոնցեպտի շրջանակներում ծրագիր, որովհետեւ հայրենասիրություն սովորեցնողները զինվորականներն են»,-«Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը:

Իրավապաշտպանի խոսքով, ստացվում է, որ Հայաստանում բժիշկը, ուսուցիչը, գիտնականը կամ արհեստավորն այլեւս հայրենասեր չեն համարվում: Արթուր Սաքունցն ասում է, որ Սահմանադրության ընկալումն ու այնտեղ ամրագրված իրավունքներն են այն կարեւոր հենքը, որը պետք է սերմանել ՝ անկախ  նրանից, թե որ երկրում ես ապրում, իսկ նման մեթոդներով, հայրենասիրություն չեն ձեւավորում:

Շարունակելով թեման, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն ասում է, որ Հայաստանի ներկայիս պայմաններում այդ  միջոցներով կարելի է դնել օրինակ Միկոյանի, Աթարբեկյանի եւ մնացած չեկիստների արձանները, նորից վերադարձնել Դերժինսկու անունը դպրոցներին КГБ-ի առջեւ դնել նրա արձանը, Լենինի արձանը նորից դնել Մայր Հայաստանի փոխարեն:

«Ծախսելու շատ ճանապարհներ կան, մեր կառավարությւոնը շատ արագ կգնահատի այդ կարեւորությունները»,-«Մեդիալաբին» ասում է կինոռեժիսորը:

Նրա խոսքով, Հայաստանի կառավարությունը ողջ ուժով ու հնարավորություններով փորձում է արագացնել ինտեգրացիայի՝ ռուսականացման կամ ավելի ճիշտ՝ սովետականացման գործընթացը: Խզմալյանի խոսքով, այդ ակումբերները հենց նման քարոզչության են ծառայելու:

«Հայաստանի կառավարությունը պետք է բացի նաեւ հոկտեմբերիկների ակումբներ ,  պիոներական կազմակերպություններ: Քաղաքական միավորումներ Գյումրիում եւ Երեւանում արդեն կան եւ հայրենասիրականը խիստ անհրաժեշտ է, ուղղակի պետք է հասկանալ, թե որ հայրենիքի համար է սա արվում: Որքան ինձ հուշում է բանականությունն ու տրամաբանությունը, մեզ մոտ նորից մեկ հայրենիք է՝ Մոսկվա մայրաքաղաքով»,-նշում է Տիգրան Խզմալյանը:

Նշենք, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հատկացման կարեւորությունն ընդգծելու համար այսպես էր դիմել պատգամավորներին.

«Երեխաները կարող են լինել ժողովրդավար, մոնարխիստ, անարխիստ, լիբերալ, բայց նրանք պարտավոր են լինել հայրենասեր։ Այն հանգամանքը, որ դրանով զբաղվում է հանրապետական Աշոտյանը, բայց ոչ որպես հանրապետական, այլ որպես նախարար, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ գեներալ Մանվել Գրիգորյանը՝ որպես ԵԿՄ ի ղեկավար, ոչ որպես ՀՀԿ -ական, Սեյրան Օհանյանը՝ որպես Պաշտպանության նախարար, պետք է ձեզ վստահություն ներշնչի, որ այս խնդիրը, ինստիտուցիոնալ կայացման ճանապարհին, խոչընդոտներ հաղթահարելով, լուծվելու է»:

Տիգրան Խզմալյանը կարծում է, որ նման քաղաքականություն իրականացնելու հրահանգներն իրականում հնչում են Հայաստանի ստվերային կառավարությունից, որը ըստ նրա, իրականում Հայաստանում ՌԴ դեսպանատունն է:

«Պարոն Աշոտյանն ու այլ պարոնայք բարեխղճորեն կատարում են այդ հրահանգը»,-վստահ է Տիգրան Խզմալյանը:

Լուսանկարում հոկտեմբերի 10 Վանաձոր, լուսանկարը` civilnet.am 

Էմմա Քալաշյան

© Medialab.am