Եթե Արցախի իշխանությունները փորձեն սասանել պետականության հիմքերը, ընդդիմությունը ավելի կտրուկ քայլերի կդիմի. Հակոբ Հակոբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը

– Պարո՛ն Հակոբյան, շրջափակված Արցախում կյանքն ինչպե՞ս է ընթանում։

– Արդեն հինգերորդ ամիսն է, որ Արցախը գտնվում է շրջափակման մեջ, ու այդ շրջափակումն ամեն օր իր հետ բերում է նոր բարդություններ, նոր խնդիրներ, կենսական անհրաժեշտության յուրաքանչյուր խնդիր դառնում է գրեթե անլուծելի, թեև իշխանությունները փորձում են այս կամ այն կերպ մեղմել այդ ամենը, բայց ասել, թե դա նրանց հաջողվում է, չի կարելի, քանի որ բազմաթիվ այլ խնդիրներ են առաջացել, որոնք սկսում է մարդկանց տարանջատել՝ սկսած սննդի համար հերթերում վեճերից ու տարաձայնություններից։ 

Մարդիկ Արցախի համար այս բախտորոշ ժամանակահատվածում ավելի շատ մտածում են սնունդ, վառելիք հայթայթելու մասին, քան ընդհանրապես այն բարդագույն երևույթների, որոնց առջև այսօր կանգնած է Արցախը։

– Այդ իրավիճակից դուրս գալու ելքն արցախցին ինչպե՞ս է տեսնում։

– Որ Արցախի Հանրապետության իշխանությունները կարողանան սթափ գնահատել իրավիճակն ու կարողանան հանդես գալ որպես հիմնական շահառու, կարողանան կատարել ինքնուրույն գործողություններ, որոնք միտված կլինեն այս իրավիճակից Արցախին դուրս հանելուն, այլ ոչ թե սկսեն ավելի շատ ենթարկվել Հայաստանի Հանրապետության իշխանությունների հրահանգներին կամ մանիպուլյացիաներին։ 

Ցավոք սրտի, այսօր Արցախի իշխանությունները չեն կարողանում իրենց վրայից թոթափել Հայաստանի իշխանությունների ճնշումը, որի ուղղությունն ու հետևանքները բոլորիս համար պարզ են։

– Լիահո՞ւյս եք, որ ամենավճռորոշ պահին Արցախի իշխանությունները չեն ենթարկվելու ՀՀ իշխանության ճնշումներին, ինչպես ասում եք։

– Այսօր շատ վտանգավոր իրադարձություններ են տեղի ունենում Արցախում իշխանությունների կողմից։ Տարատեսակ խորհուրդներ են հիմնում, որը ևս Հայաստանի իշխանությունների կողմից պարտադրված գործողություններ են, քանի որ այդ տարատեսակ «լայն լիազորություններով» խորհուրդներն ու կոմիտեները խարխլում են Արցախի Հանրապետության պետականության հիմքերը։ 

Բոլորի համար պարզ է, որ այս իրավիճակից դուրս գալու միակ ելքը պետականության հիմքերի հնարավորինս պահպանումն է, սակայն իշխանությունները մի ձեռքով հայտարարում են, թե պետք է պետականության հիմքերը պահպանել, այդ հիմնավորմամբ են բացատրում Արցախի Հանրապետության նախագահի՝ հրաժարական չներկայացնելու փաստը, իսկ մյուս ձեռքով քանդում են այդ պետականության հիմքերը՝ ստեղծելով տարատեսակ կոմիտեներ ու խորհուրդներ, որոնք կարծես թե պետք է փոխարինեն պետական կառույցներին, որոնք արդեն երեսուն տարի շարունակ գործում են։ Այլ բան է, որ հիմա այդ կառույցները պատշաճ կերպով չեն գործում, որովհետև երկրի իշխանություններն այսօր չունեն կամք ու պոտենցիալ, որպեսզի այդ կառույցները պատշաճ աշխատեն։ 

– Այսինքն՝ այդ խորհուրդները ստեղծվում են պետականությունը խարխլելու նպատակո՞վ, ըստ ձեզ։

– Անկախ նրանից, թե ինչ նպատակ են դրել այդ խորհուրդները ստեղծելու հիմքում, միանշանակ է մի բան, որ նախագահին կից ամենօրյա ռեժիմով նոր խորհուրդների ստեղծումը անվստահության ցուցանիշ է պետական կառույցների նկատմամբ, ու իրենք իրենց իսկ ձեռքով մեծացնում են ժողովրդի մոտ առկա անվստահությունն իշխանության նկատմամբ։ Այսինքն՝ եթե դու ստեղծում ես վերստուգող ու տարատեսակ ինչ-որ խորհուրդներ, նշանակում է, որ ինքդ, իշխանություն լինելով հանդերձ, հայտարարում ես, որ քո պետական կառույցները ճիշտ չեն աշխատում, ու սրանով իսկ ժողովուրդը տեսնում է, որ իշխանություններն էլ չեն հավատում իրենց պետական կառույցներին։

– Պարո՛ն Հակոբյան, վստահաբար ծանոթ եք Ադրբեջանի ղեկավարի նախօրեին հնչեցրած ելույթներին, որ Արցախում ապրող հայերը կա՛մ պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կա՛մ ապրելու համար այլ վայր գտնեն, որ Հայաստանը պետք է վերջապես հայտարարի, թե Արցախն Ադրբեջանի մաս է և այլն։ Այս ու նմանատիպ հայտարարություններին թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի իշխանությունների կողմից վճռական, գործուն քայլեր տեսնո՞ւմ եք, որով իրենք հակազդում, պայքարում են, որ Իլհամ Ալիևը նման հայտարարություններ չհնչեցնի։

– Թերևս մինչև այս պահը Արցախի Հանրապետության իշխանությունները լուռ են, ու մենք չենք տեսնում որևէ գործուն քայլ, իհարկե իրենք բազմիցս հայտարարել են, որ դա իրենց համար անընդունելի է, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում և այլն, բայց դրանք հիմնավորված չեն իրենց գործողություններով։ Իսկ Հայաստանի իշխանությունների մասով կարող եմ ասել, որ երեկ Ալիևի այդ հայտարարությունների ֆոնին շատ ցայտուն էին նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որոնք կարծես թե համահունչ էին: Փաշինյանը երկրի թիվ մեկ ամբիոնից հայտարարում է, որ որևէ ձև հնարավոր չէ, որ Արցախն ունենա ինքնորոշման իրավունք և այլն։ 

Հայաստանի իշխանությունը՝ հանձինս Նիկոլ Փաշինյանի, հաստատեց մեր հնչեցրած այն միտքը, որ Նիկոլ Փաշինյանն այլևս բանակցությունների կողմ չէ, այլ՝ բանակցությունների առարկա, որի մասին ինքը պարզ ասաց, որ ինքն այս ընթացքում որևէ բանակցություն չի վարել ու ինքը բանակցություններին մասնակցում է որպես առարկա։ Փաշինյանը տառացիորեն ջանում էր հայկական կողմի 30 տարվա բանակցությունների փաստարկները ժխտել, իսկ նման բան անում է միայն թշնամի կողմը։

– Ինչո՞ւ է ուշանում խաղաղության պայմանագրի կնքումը, եթե Նիկոլ Փաշինյանը, ինչպես ասում եք, անում է այնպիսի քայլեր, որը կանի միայն թշնամի կողմը։

– Պատճառը, համենայնդեպս Նիկոլ Փաշինյանը չէ, որովհետև երբ դրան պատրաստ կլինեն բանակցության կողմ հանդիսացող բոլոր երկրները, նրանք դա դնելու են Նիկոլ Փաշինյանի առաջ, ու վերջինս ստիպված է լինելու ստորագրել այդ։ 

– Ստեղծված իրավիճակը բեկելու համար ի՞նչ է անում ընդդիմությունը, որովհետև հանրության մոտ տպավորություն է, որ ընդդիմադիր բևեռը միայն արձանագրողի ու լուռ դիտորդի դերում է, հասարակությունը ձեր գործուն քայլերը չի տեսնում։

– Այն, որ Արցախում պետականության հիմքերը պետք է ամուր պահել, որովհետև մեր միակ հենման կետն Արցախում գործող պետական կառույցների ամրությունն է, ամենալավը հասկացել է ընդդիմությունը, դրա համար էլ այսօր իր գործունեության ընթացքում փորձում է հնարավորինս ավելորդ ցնցումների չտանել երկիրը, ուստի աշխատանքները հիմնականում սահմանադրական կարգի շրջանակներում են իրականացվում, բայց, կարծում եմ, եթե այսպես շարունակվի, ու Արցախի Հանրապետության իշխանությունները իրենք փորձեն սասանել պետականության հիմքերը, ապա ընդդիմությունը ավելի կտրուկ քայլերի կդիմի, որպեսզի թույլ չտա նույն իշխանություններին քանդել Արցախի պետականության հիմքերը։ Հուսով ենք, բանը դրան չի հասնի։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am