Կրկին անկման դեպք է արձանագրվել Երեւանի կենդանաբանական այգում։ Այգու հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ։
«Պատահարներն ու անցանկալի իրադարձությունները համառորեն չեն լքում մեզ վերջին շրջանում:
Թունավորման հետևանքով զեբրի անկման, մյուս կենդանիների անկման հետ կապված ցավալի դեպքերի՝ դեռևս իրավապահների կողմից չպարզված հանգամանքների ֆոնին, այսօր առավոտյան դժբախտ դեպք է տեղի ունեցել նաև բեզոարյան այծերից մեկի հետ: Վերջինս հայտնաբերվել է սատկած վիճակում:
Բեզոարյան այծի այս առանձնյակը երկուշաբթի օրը հայտնվել էր իր ազատավանդակից և Կենդանաբանական այգու սահմաններից դուրս, սակայն այգու աշխատակիցների ջանքերով նորից վերադարձել էր այնտեղ:
Կենդանին այդ ազատավանդակում բնակվում էր 2013 թվականից՝ ծնվելու օրվանից: Թե ի՞նչն է դարձել պատճառ, որ կենդանին փախնի տարածքից, ինչպես նաև՝ կենդանու անկման պատճառը, հանգամանալից ուսումնասիրությունը կպարզի:
Փաստ է սակայն, որ վերջին շրջանում այգու շուրջ ծավալված իրադարձությունները շարունակվում են, և անհնար է դրանցում չնկատել հետևողականություն և ցանկալիին հասնելու պայքար:
Պատահական չենք համարում, որ հերթական միջադեպը տեղի ունեցավ այգու տնօրենի վերջին հարցազրույցից հետո, որը հրապարակվել է irates.am-ում. :
Համոզված ենք, որ քանի դեռ իրավապահ մարմինները ամբողջ ուժով և ծավալով չեն զբաղվել վերջին շրջանում Կենդանաբանական այգում տեղի ունեցած իրադարձություններով և դրանց մեղավորները չեն պատժվել, այս իրավիճակը, ցավոք, շարունակական է լինելու:
Ի դեպ, այս դեպքը կրկին մատնացույց է անում Կենդանաբանական այգու տնօրինության բազմիցս բարձրացրած՝ այգու ամբողջական տարածքի ցանկապատման խնդրի ակտուալությունը:
Այնուամենայնիվ, ուրախությամբ նշենք, որ Կենդանաբանական այգում այժմ կա 12 բեզոարյան այծ, որոնցից երեքը այս տարի են ծնվել և մեր այգում»: