«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը
– Պարո՛ն Բաղդասարյան, մարտի 1-ի ողբերգությունից 14 տարի է անցել: Ձեր դիտարկմամբ՝ «Մարտի 1»-ն ամբողջությամբ բացահայտվա՞ծ է:
– Իհարկե ամբողջովին բացահայտված չէ, ու չեմ էլ կարծում, թե այս իշխանությունների օրոք կբացահայտվի:
– Ինչո՞ւ է ձեզ մոտ նման կարծիք ձևավորվել, ինչո՞ւ այս իշխանության օրոք չի կարող բացահայտվել «Մարտի 1»-ը:
– Երկու հիմնական պատճառով. նախևառաջ՝ «Մարտի 1»-ը բացահայտելու համար պետք է ամբողջական քննություն տարվի՝ պարզելու համար, օրինակ՝ ովքեր են այն դատավորները, որոնք մարտի 1-ից հետո իշխանություններին հաճո դատավճիռներ են կայացրել, իսկ այդպիսի դատավորներ, այս իշխանությունների լեզվով ասած՝ «պատերի տակ վնգստացող դատավորներ», նաև իրենց են պետք, դրա համար էլ այս իշխանությունները չեն գնա այդ ամբողջական համակարգի բացահայտմանը:
Երկրորդ պատճառն այն է, որ այս իշխանությունները վաղ թե ուշ հանգելու են նույն խնդրին, ինչ 2008-ին գործող իշխանությունը, այսինքն՝ վաղ թե ուշ փողոցային պայքար է սկսվելու, և իշխանությունները, վստահ եմ, անհրաժեշտության դեպքում նույնպես զորք կհանեն ժողովրդի դեմ:
Դրա համար էլ այս իշխանություններին պետք չէ ամբողջովին բացահայտել «Մարտի 1»-ի գործը, դրանով իսկ նախադեպ ստեղծել, որ մարտի 1-ի համար պատասխանատու են երկրի ամենաբարձր պաշտոնյաները, դրա համար էլ այս իշխանությանը պետք է առկախ պահել այդ վիճակը, որպեսզի անհրաժեշտության դեպքում իրենք նույնպես մարտի 1-ի մեթոդներով կրակեն սեփական ժողովրդի վրա:
– Պարո՛ն Բաղդասարյան, եթե, ինչպես ասում եք, այս իշխանությանը պետք չէ բացահայտել մարտի 1-ի դեպքերն ամբողջությամբ, այդ դեպքում ի՞նչ էր ընդհանուր գործից առանձնացված «Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով» դատական գործընթացը:
– Պետք էր թարմ պահել այդ թեման, որպեսզի այդ մեղադրանքները դամոկլյան սրի պես միշտ կախված լինեն նախկին իշխանությունների, բարձրաստիճան պաշտոնյաների գլխին, որպեսզի նրանք այդ վտանգը մշտապես աչքի առաջ ունենալով՝ չփորձեն կտրուկ քայլերի դիմել, վախենալով, որ այդ քնած կամ կիսաքնած գործերը կարող են արթնանալ:
– «Դիմում եմ զոհերի հարազատներին, որ նրանք իմանան՝ մարտի 1-ի մարդասպաններին պատժելու գործը իմ անձնական գործն է, իմ կյանքի գործն է, և ես մինչև վերջ պայքարելու եմ, որ բոլոր մարդասպանները կանգնեն դատարանի առաջ՝ առանց համաներման իրավունքի»,- այս խոսքերն ասել է Նիկոլ Փաշինյանը 2009 թվականի հուլիսի 1-ին ՀՀ գլխավոր դատախազություն ներկայանալիս: Ինչո՞ւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չպայքարեց մինչև վերջ, ինչպես ասում էր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, ու մարտի 1-ի սպանությունների համար պատժվողներ չեղան նրա ղեկավարության արդեն 4 տարվա ընթացքում:
– Մարտի 1-ը միակ դեպքը չէ, որ նա այդպես է գործում, համարյա բոլոր ոլորտներում ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը մի բան էր ասում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այլ: «Մարտի 1»-ը մինչև վերջ չբացահայտելու և այսպես առկախ պահելու կոնկրետ շահեր ունի Նիկոլ Փաշինյանը, որոնց մասին արդեն ասացի:
– «Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով» Սահմանադրական դատարանի որոշումից հետո տեսակետներ հնչեցին, թե Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, արդարացրեց Ռոբերտ Քոչարյանին՝ ազատելով նրան մարտի 1-ի իրադարձությունների պատասխանատվությունից: Համակարծի՞ք եք:
– Ես չեմ կարծում, թե Նիկոլ Փաշինյանը կարդարացնի կամ կմեղադրի, նրան պետք է անընդհատ բաց թողնել այդ հարցը, դա նրա շահերից է բխում, դրա համար էլ ո՛չ կոնկրետ կդատապարտի, ո՛չ էլ պաշտոնապես կփակի այդ գործը, նրան այս առկախված վիճակն է պետք:
– Պարո՛ն Բաղդասարյան, իսկ հակառակ կողմի մեղադրանքը, որ հենց Նիկոլ Փաշինյանն է մարտի 1-ի դեպքերի հիմնական մեղավորն ու պատասխանատուն, ձեզ համար ընդունելի՞ է:
– Ընդունելի չէ, որովհետև չեմ կարծում, թե ընդդիմությունն էր մեղավոր մարտի 1-ի համար: Երկրորդն էլ՝ մարտի 1-ից հետո իշխանությունները 10 տարի ժամանակ ունեին այդ մեղադրանքները հիմնավորելու համար, բայց իրադարձությունները ցույց տվեցին, որ իշխանությունը չկարողացավ հստակ մեղադրանքներ առաջադրել ընդդիմության առաջնորդներին, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին, հետևաբար, հետին թվով հնչող մեղադրանքներն անլուրջ են ու ընդամենը հակադարձում են Նիկոլ Փաշինյանի թիմից հնչող մեղադրանքներին:
– Նկատի ունենալով, որ 14 տարի անց, ըստ էության, չկան պատիժ կրողներ մարտի 1-ի իրադարձությունների համար, գործն ամբողջությամբ բացահայտված չէ, ինչ եք կարծում, ինչպիսի՞ իշխանության պարագայում կբացահայտվի այս գործն ու արդյոք կբացահայտվի՞:
– Հայաստանում դրա համար պետք է լինի այնպիսի իշխանություն, որն ընդհանրապես իր մտքի ծայրով անգամ չի կարող անցկացնել, որ երբևէ ինքն էլ կարող է զորք հանել սեփական ժողովրդի դեմ, ընդ որում՝ ոչ միայն զորք, այլև իրենց հավատարիմ օլիգարխներին կամ, ինչպես հիմա է ընդունված ասել՝ բարեխիղճ գործարարների թիկնազորին համազգեստ բաժանել: Եթե որևէ իշխանություն իր համար բացառի, որ ինքը երբևէ այդպիսի բան կանի, որևէ խոչընդոտ չեն ունենա ու կբացահայտեն «Մարտի 1»-ը:
Կոնկրետ այսօրվա իշխանությունները, ես վստահ եմ, որ պատրաստ են, այո՛, զորք էլ, ոստիկանություն էլ հանել սեփական ժողովրդի դեմ, դրա համար էլ իրենք այս գործը չեն բացահայտի, և որևէ իշխանություն, որ պատրաստ կլինի ցանկացած գնով պահպանել իր իշխանությունը, երբեք այդ գործը մինչև վերջ չի բացահայտի:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am