Ֆրանսիայի Սենատի նախագահը հուսով է, որ ԱՄՆ նախագահը կճանաչի Հայոց ցեղասպանությունը

Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեն հուսով է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշում կկայացնի՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լարշեն այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովում՝ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի հետ համատեղ հայտարարությանը:

«20 տարի է անցել այն օրվանից, երբ նախագահ Ժակ Շիրակը հրապարակեց ընդամենը 8 բառից, 1 հոդվածից բաղկացած օրենք, որով Ֆրանսիան պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը»,-ասաց նա:

Սենատի նախագահի կարծիքով՝ կենդանի հիշողությունը լավագույն պատվարն է պատմության ողբերգական էջերի կրկնության համար:

«Մենք բոլորս հուսով ենք, որ ԱՄՆ նախագահն ի վերջո որոշում կկայացնի՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը»,-ասաց Լարշեն:

Նա հիշեցրեց, որ ԱՄՆ-ում Սենատը, Ներկայացուցիչները պալատն ընդունել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր: «Մի բան, որը ցույց է տալիս, թե ինչքան կարևոր դեր են խաղում խորհրդարանները՝ ոչ միայն հիշողության պահպանման, այլ նաև ամենակարևոր արժեքների պահպանության առումով»,-ասաց Ֆրանսիայի Սենատի նախագահը:

Ամերիկյան, միջազգային մամուլը գրում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է ապրիլի 24-ին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն է: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն՝ Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիայի Հանրապետությունը, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Իտալիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ուրուգվայը, Ֆրանսիան, միջազգային հեղինակավոր կազմակերպություններ: