Նախանշաններ կան պնդելու, որ Ադրբեջանը հերթական ռազմական սադրանքն է պատրաստում. Փաշինյան

Բոլոր նախանշանները կան պնդելու, որ Ադրբեջանը հերթական ռազմական սադրանքն է պատրաստում, այդ թվում՝ ԼՂ-ում: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իրադրության զարգացումները հրատապ պատասխանի սպասող հարցեր են բարձրացնում ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված:

Պիտի անկեղծ ասեմ, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայության համոզված կողմնակիցն է և այդ ներկայության ջատագովը, բայց մեզ համար անընդունելի է ԼՂ հայաթափման լուռ վկա դառնալու ՌԴ խաղաղապահ զորախմբի ավելի ու ավելի տեսանելի դարձող գործելակերպը:

Ամեն դեպքում մենք այս հարցերի պարզաբանման շուրջ պիտի սերտորեն աշխատենք Ռուսաստանի և մեր մյուս միջազգային գործընկերների հետ՝ իրադրության հետագա սրում թույլ չտալու և համապարփակ կարգավորումների հասնելու համար»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանը նաև վերահաստատեց Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու, սահմանների դելիմիտացիան ավարտին հասցնելու, տարածաշրջանային կոմունիկացիաները բացելու Հայաստանի պատրաստակամությունն ու հաստատակամությունը: