Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ միջազգային հարաբերությունները մտնում են նոր փուլ, որտեղ առաջնայինը դառնում է ոչ թե իրավունքի գերակայությունը, այլ ուժի գերակայությունը։
Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում Euronews-ին տված բացառիկ հարցազրույցում Ալիևը նշել է, որ աշխարհը փոփոխության փուլում է։ «Միջազգային հարաբերությունները մտնում են նոր դարաշրջան, մի դարաշրջան, որտեղ իրավիճակը կառավարում է ոչ թե օրենքի գերակայությունը, այլ ուժի գերակայությունը»,– ասել է նա։
Ալիևի խոսքով՝ յուրաքանչյուր պետություն պետք է իր ռազմավարությունն ու քաղաքականությունը կառուցի սեփական ներուժի հիման վրա։
Անդրադառնալով Հարավային Կովկասում և Ադրբեջանի շրջակայքում առկա իրավիճակին՝ նա հույս է հայտնել, որ այն չի վատթարանա։ «Հույս ունեմ, որ յուրաքանչյուր երկիր իր ներդրումը կունենա տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման գործում»,– նշել է Ադրբեջանի նախագահը՝ հավելելով, որ իրենք մտահոգված են Իրանում արձանագրվող որոշ ապակայունացնող զարգացումներով։ Նրա խոսքով՝ տարածաշրջանում կայունությունն ու կանխատեսելիությունը Ադրբեջանի համար ամենամեծ արժեքներից են։
Միաժամանակ Ալիևը հայտնել է, որ Ադրբեջանը սկսել է բնական գազի մատակարարումներ Գերմանիա և Ավստրիա։ Նրա խոսքով՝ ներկայում Ադրբեջանը գազ է մատակարարում 16 երկրի, որոնցից 10-ը Եվրամիության անդամ են։ «Խողովակաշարային գազի աշխարհագրական ընդգրկմամբ Ադրբեջանը աշխարհում առաջին տեղում է»,– հայտարարել է նա։



















