Խոչընդոտներ. Թուրքիայում «ԳԱԼԱ» հեռուստաընկերության աշխատակիցների աշխատանքները կասեցվել են

Թուրքիայում հայ լրագրողների համար ստեղծված դժվարությունները և աշխատանքների անհապաղ կասեցումը ենթադրաբար կապվում է հայ-թուրքական կնճռոտ հարաբերությունների հետ:
Նոյեմբերի 19-ին Թուրքիայի Կարս քաղաքում բերման են ենթարկվել Գյումրու «ԳԱԼԱ» անկախ հեռուստաընկերության լրագրողները:
«Այս վերաբերմունքի պատճառ կարող է լինել,  օրինակ` հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս փուլը»,- «Մեդիալաբին» ասում է «ԳԱԼԱ» հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը:
Ինչպես «Մեդիալաբին» տեղեկացրել են «ԳԱԼԱ»-ի լրագրողները Թուրքիայից, քաղաքի նախկին հայաբնակ թաղամասերից մեկում նկարահանումներ կատարելիս իրենց են մոտեցել քաղաքացիական հագուստով մի քանի ծառայողներ և արգելել նկարահանումները:

Այնուհետև հինգ հոգուց բաղկացած խմբին ուղեկցել են ազգային անվտանգության բաժանմունք՝ փաստաթղթերը ստուգելու:

Ծառայության աշխատակիցները տեղեկացրել են, որ հեռուստաընկերության աշխատանքային խումբը, առանց համապատասխան կառույցների թույլտվության, իրավունք չունի նկարահանումներ կատարելու Կարսում և, ընդհանրապես, Թուրքիայի Հանրապետության տարածքում:

Հեռուստաընկերության աշխատակիցները հակադարձել են, որ թույլտվություն ստանալ հնարավոր չէր, քանի որ նրանց Բայրամ տոնական օրերին պետական ատյաններում պատասխանատու որևէ անձ գտնելը գրեթե անհնար էր:

Ազգային անվտանգության աշխատակիցները մի քանի անգամ հեռախոսով խոսել են իրենց վերադասի հետ, այնուհետև տեղեկացրել, որ պետք է տուգանք վճարել: Նախ նշել են, որ մեկ անձի տուգանքի չափը 250 թուրքական լիրա է, ապա, այսպես կոչված` «լավության կարգով», նույն գումարի չափը սահմանել են ամբողջ խմբի համար:

Ի վերջո, մոտ երկու ժամ խմբին պահելուց հետո անվտանգության ծառայության աշխատակիցները լրագրողներին բաց են թողել:

«ԳԱԼԱ» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանը «Մեդիալաբին» հայտնել է, որ լրագրողները Թուրքիայից Հայաստան են վերադառնում:

Ընդ որում, ամբողջ օրը, ժամը ութից սկսած, նրանք գտնվել են Թուրքիայի ազգային անվտանգության աշխատակիցների աչալուրջ հսկողության տակ: Հայ լրագրողներին արգելել են որևէ նկարահանում կատարել:

«Մեր բոլոր ծրագրերը համարում եմ ձախողված, որովհետև այդքան գումար ենք ծախսել, այդքան ճանապարհ կտրել, եկել-հասել ենք այստեղ, որ ծրագիր անենք, և մեր աշխատանքները խոչընդոտել են»,- «Մեդիալաբին» Թուրքիայից հաղորդել է Կարինե Հարությունյանը:

Նրա տեղեկացմամբ` թուրքերը նրանց հետ վատ չեն վարվել և բավական քաղաքավարի են եղել:

«Եղել թուրքերին բնորոշ դիվանագիտությամբ, ժպիտով, ամեն ինչ շատ սիրալիր: Բայց ամեն դեպքում այն, որ մեզ մի քանի ժամ պահել են այնտեղ` ասելով, թե մենք թույլտվություն չունենք»,- ասում է Կարինե Հարությունյանը:

«ԳԱԼԱ» հեռուստաընկերության աշխատակիցներն այնուամենայնիվ կատարվածի մեջ հակահայկական միտում են տեսնում: «ԳԱԼԱ» հեռուստաընկերության` Թուրքիայում նկարահանող նախագծի խմբագիր Էդուարդ Մխիթարյանի կարծիքով` հակահայկական տրամադրվածության մասին է վկայում այն փաստը, որ հայ լրագրողներին անվտանգության ծառայությունները չափազանց երկար են պահել:

«Ինչ-որ միտում մենք տեսնում ենք նրանց այդ արարքի մեջ, քանի որ կարող էին այդ գործընթացը շատ արագ կազմակերպել, կարելի էր ընդամենը 10 րոպեում անել: Իսկ մեզ այնտեղ երկու ժամ անիմաստ պահեցին»,- «Մեդիալաբին» ասել է նախագծի խմբագիր Էդուարդ Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ` սեպտեմբերի 13-ին, Թուրքիայի իմիգրացիոն ծառայությունները հատուկ ստուգման և հարցապնդման էին ենթարկել Հայաստանից ժամանած մոտ երկու տասնյակ ուղևորների, ներառյալ լրագրողների:

Լիաննա Խաչատրյան

© Medialab.am