ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 2-ին ընդունել է Ռումինիայի նորանշանակ դեսպան Կորնել Իոնեսկուին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։
Շնորհավորելով Կորնել Իոնեսկուին և մաղթելով հաջողություն իր պատասխանատու առաքելությունում՝ ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր հետևողական ջանքերով կարևոր ներդրում կունենա փոխադարձ հարգանքի և դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-ռումինական հարաբերությունների առավել զարգացման և խորացման գործում։
Այս համատեքստում երկուստեք բարձր է գնահատվել հայ համայնքի կարևորությունը Ռումինիայի հասարակական-քաղաքական կյանքում և կամրջող դերակատարությունը երկու երկրների հարաբերություններում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ռումինիայի միջպետական հարաբերությունների ներկա վիճակի, տարածաշրջանային անվտանգության և մարտահրավերների, ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն գործընկերության շուրջ:
Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից