Տարածաշրջանում սահմանները պետք է պահպանվեն. Աբդոլլահիանը` Գրիգորյանի հետ հանդիպմանը

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանն Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը շեշտել է, որ «3+3» ձևաչափը առանց արտատարածաշրջանային ուժերի միջամտության տարածաշրջանային խնդիրների լուծման արդյունավետ մեխանիզմ է:

Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է երկրների տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների պահպանման անհրաժեշտությունը` հավելելով, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանային երկրների կողմից:

Նա նաև իր գոհունակությունն է հայտնել Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների զարգացման առնչությամբ:

«Հուսով եմ, որ ապրանքաշրջանառությունը կհասնի տարեկան 3 միլիարդ դոլարի, ինչը պահանջում է համագործակցության մասին համընդգրկուն և երկարաժամկետ համաձայնության կնքում»,- ասել է նա:

ՀՀ ԱԽ քարտուղարն իր հերթին, բարձր է գնահատել Իրանի դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության հարցում` հայտարարելով, որ Երևանը վճռական է Թեհրանի հետ կապերի ընդլայնման հարցում: Նա նաև նշել է, որ Հայաստանը Հարավային Կովկասի զարգացման, տարածաշրջանում կայուն խաղաղության պահպանման հարցում Իրանի դերը կարևոր ու կառուցողական է համարում:

Երևանում Իրանի դեսպանությունն էլ հայտարարել է, որ արդեն իսկ Հայաստան` Սյունիք է հասել Իրանից ուղարկված հումանիտար օգնության առաջին խմբաքանակը: