Քլորացված ջուրը կկուրացնի դելֆինների՞ն. դելֆինարիայում շարունակվում են ներկայացումները, իսկ բնապահպանները շարունակում են իրենց պայքարը

Մինչ փողոցներում, տրանսպորտում, ռադիոյով և հնարավոր մյուս միջոցներով գույնզգույն հայտագրերը, պաստառներն ու ցուցանակները հրավիրում են «հաղորդակցվել հրաշքին» և այցելել Երևանի առաջին դելֆինարիումը` «ջրային հրաշքների աշխարհ», բնապահպանները դատական հայց են պատրաստում և հայտարարում, թե շարունակելու են պայքարել կենդանիների ազատության և «արդարության վերականգնման համար»:
«Դա բանտ է կենդանիների համար, շահագործման կրկես, և մենք չենք դադարելու մեր պայքարը»,- «Մեդիալաբին» ասում է «Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանը, որը գլխավորում է 50 հասարակական կազմակերպություններից կազմված Էկոդաշինքի պայքարն ընդդեմ դելֆինարիայի: – Մոտ ժամանակներս մենք դատական հայց կներկայացնենք և կպայքարենք մինչև միջազգային ատյաններ»:

Չնայած բնապահպանների պարբերական բողոքի ակցիաներին և սուր քննադատությանը` ուկրաինական «Ներում» ընկերության կողմից Երևանի դելֆինարիան կառուցվել է բավականին սեղմ ժամանակահատվածում, իսկ դեկտեմբերի վերջին` հանդիսավոր բացումից հետո, շաբաթվա մեջ վեց օր 900 հանդիսատեսի համար կառուցված սրահը օրական առնվազն երեք անգամ հյուրընկալում է հանդիսատեսին:

Թեև առաջին օրերին տոմսի գինը 2-3 հազար դրամ էր` կախված աշխատանքայի՞ն, թե՞ հանգստյան օր է, սակայն կարճ ժամանակ անց, պայմանավորված հանդիսատեսի մեծ թվով, բարձրացավ 2,5-3,5 հազար դրամի: Սակայն նույնիսկ բարձր գները շատերին հետ չեն պահում ծովային կենդանիների մասնակցությամբ ներկայացումներից:

«Հետաքրքրությունը շատ մեծ է,- «Մեդիալաբին» ասում է «Նեմո» դելֆինարիայի տոմսավաճառը: – Մարդիկ պատրաստ են ժամերով սպասելու, եթե մյուս ներկայացման համար տոմսերը սպառված են լինում»:

Սակայն բնապահպաններն ու իրավապաշտպանները համոզված են, որ հետաքրքրությունը չարժե կենդանիների անխնա շահագործմանը:

«Չէինք ուզենա Հայաստանը դասվեր այն երկրների շարքը, որտեղ կենդանիների հետ նման կերպ են վարվում,- «Մեդիալաբին» ասում է «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» հիմնադիր տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:

Նա ասում է, որ ծովային կենդանիները սովոր են ծովային ջրին, մինչդեռ դելֆինարիումում ծովային ջուր ստանալն անհնար է, իսկ դելֆիններին պահում են քլորացված ջրում, ինչը չափազանց վտանգավոր է:

«Քլորացված ջուրը ամիսների ընթացքում դելֆինների մոտ կարող է կուրացման պատճառ դառնալ, չհաշված սուլիչների ձայնն ու խիստ սահմանափակ տարածքը, ինչը տանում է սթրեսների,- ասում է Խաչատրյանը: – Այս դեպքում նրանք երկար չեն ապրի, իսկ մենք չենք էլ իմանա` արդյոք նրանց փոխարինե՞լ են, ի՞նչ բերեցին, ո՞ւր տարան, քանի որ ոչ մի գրանցում չկա»:

Բնապահպանները պնդում են, որ ստեղծված իրավիճակը բավական վտանգավոր է կենդանիների համար, և որ կառուցումն ու շահագործումն իրականացվել են առանց պահանջվող փաստաթղթերի և փորձաքննության:

«Դելֆինարիայի տնօրինությունը չի դիմել և կառուցապատման փաստաթղթերը չի ներկայացրել ՀՀ բնապահպանության նախարարություն` շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եզրակացություն ստանալու համար,- նշված է ՀՀ էկո դաշինքին ուղղված բնապահպանության նախարարության հոկտեմբերի 19-ի պատասխան նամակում:

«Նեմո» դելֆինարիայի տնօրեն Լիլիթ Սահակյանը սակայն պնդում է, որ իրենց փաստաթղթերը կարգին են:

«Մեր բոլոր փաստաթղթերը նորմալ են»,- «Մեդիալաբին» ասում է Սահակյանը:

Քլորացված ջրի մասին տնօրինությունը մեկնաբանություններ չի տալիս:

Դելֆինարիայի դահլիճ մտնելուն պես ավազանի կապույտի ու դելֆինների թռիչքների հետ պարուրում է քլորի սուր հոտը: Մինչ ներկայացման վարողը լեփ-լեցուն դահլիճում ներկայացնում է ծովային կենդանիներին, դելֆինները ցատկեր են կատարում` միանգամից հասնելով շրջանաձև փոքր ավազանի մի պատից մյուսը:

«Ես նման հրաշք չեմ տեսել, սա իսկական նվեր է իմ երեխաներին»,- ասում է հանդիսատեսներից մեկը, որը եկել է իր երկու մանկահասակ երեխաների հետ:

Սակայն բնապահպաններն ասում են, որ փակ տարածքները, երբ կենդանիները նույնիսկ հանգստանալու տեղ չունեն, դելֆիններին հասցնում են սթրեսների և ագրեսիայի:

Ռուբեն Խաչատրյանն ասում է, որ դելֆինարիա ունենալը պատիվ չի բերում Հայաստանին: Նա ասում է, որ բացի դատական հայցից, պատրաստվում են նաև քարոզարշավ սկսել:

«Մենք մտածում ենք դպրոցներում կրթական ծրագիր սկսել և երեխաներին ֆիլմերի, տեղեկությունների միջոցով բացատրել, թե ինչ տանջանքների են ենթարկվում այդ կենդանիները,- ասում է Խաչատրյանը: – Այդ դեպքում հենց երեխաները կհրաժարվեն դելֆինարիա այցելելուց»:

Մարի Ներսեսյան

© Medialab.am