Վարդան Պետրոսյանի փաստաբանները դիմել են ՄԻԵԴ` նրան ապօրինի կալանքի տակ պահելու համար

Վարդան Պետրոսյանի փաստաբանները դիմել են ՄԻԵԴ` նրան ապօրինի կալանքի տակ պահելու համար
Վարդան Պետրոսյանի փաստաբանները դիմել են ՄԻԵԴ` նրան ապօրինի կալանքի տակ պահելու համար

Շուրջ մեկ տարի կալանքի տակ գտնվող դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբանները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) նրան «ապօրինի կալանքի տակ պահելու համար»: Նրանք դերասանին կալանքի տակ պահելու դատարանի որոշումը համարում են ապօրինի, քանի որ հանցագործությունը ապացուցված չէ, իսկ Վարդան Պետրոսյանը, ազատության մեջ գտնվելով, չի կարող խոչընդոտել դատաքննությանը:

Ի սկզբանե, ինչպես պնդում են Պետրոսյանի փատաբանները, նախաքննությունը և դատաքննությունը ընթացել են «բացթողումներով ու թերացումներով»:

«Քննչական գործողությունների ժամանակ փոխվել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, ինչից ելնելով մեղադրող կողմը պնդում է, որ դեպքը տեղի է ունեցել ոչ թե ճանապարհի երթևեկելի մասում, այլ կողակում: Այսինքն՝ փոխվել են գործի հանգամանքները: Նախաքննությունը, իսկ հետո դատաքննությունն ընթացել են ոչ թե ճշմարտությունը պարզելու և արդարությունը վերականգնելու, այլ Վարդան Պետրոսյանին մեղավոր ճանաչելու և կալանքի տակ պահելու համար», – այսօր «Մեդիա կենտրոնում» կայացած մամլո ասուլիսին հայտարարեց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

Փաստաբանները, համարելով դատարանի՝ Պետրոսյանին կալանքի տակ պահելու որշումը, ապօրինի արդեն դիմել են ՄԻԵԴ: «Եվրոպական դատարանը, հուսով ենք, որ շուտով կարձագանքի, և մեր իշխանությունները, մեր դատական համակարգը ստիպված կլինի ընդունել, որ նրանք առանց հիմքի և ապօրինի պահել են Վարդան Պետրոսյանին կալանքի տակ», – հույս հայտնեց Նիկոլայ Բաղդասարյանը:   

Հիշեցնենք, որ 2013թ. հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Եղվարդ-Երևան ճանապարհին՝ բախվել էին «ՎԱԶ 2121» և BMW մակնիշի ավտոմեքենաներ: BMW մակնիշի մեքենայի ղեկին Վարդան Պետրոսյանն էր: Վթարի հետևանքով «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղևորներից երկուսը՝ Էդգար և Էդուարդ Հակոբյանները, մահացել էին:

Պետրոսյանի գործով դատաքննության փուլն արդեն ավարտվել է: Մեղադրող կողմը ողբերգական պատահարի պատճառը համարում է վարորդի ինքնավստահությամբ պայմանավորված անզգուշությունը: Արդյունքում դատախազը միջնորդել է Վարդան Պետրոսյանին մեղավոր ճանաչել մեղսագրված հոդվածով և նրան դատապարտել 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման՝ 3 տարով զրկելով տրանսպորտային միջոցը վարելու իրավունքից և բռնագանձել շուրջ 500 հազար ՀՀ դրամ:

Փաստաբանները Վարդան Պետրոսյանի գործով նախաքննության և դատաքննության բացթողումների մեջ տեսնում են միտում: Նրանց կարծիքով նախաքննության ժամանակ կոծկվել է հանցագործությունը, և չեն պարզվել դեպքի հանգամանքները:

«Դատարանն էլ չի անցկացրել փորձաքննություն ճշմարտությունը պարզելու համար», – նշեց նա:  

Փաստաբանների պնդմանը, որ պետք է անցկացնել փորձաքննություն դեպքի հանգամանքները և իրական տեղը պարզելու համար, դատավորը պատասխանել է, որ իրենք դա կքննարկեն խորհրդակցական սենյակում:

«Խորհրդակցական սենյակում այդ հարցերը պարզել ուղղակի հնարավոր չէ տեխնիկական պատճառներով», – պնդում է Բաղդասարյանը:

Վերջինս մեղադրողի կողմից պահանջած պատժաչափը համարում է ոչ էական, քանի որ, նրա կարծիքով, երբ նախաքննությունն ու դատաքննությունն ընթանում են սխալ, պատժի չափը դադարում է հետաքրքրել: «Այս դեպքում դատախազը կպահանջի 6, թե 10 տարի, արդեն էական չէ», – հավելեց նա:   

Ֆրանսիայից ժամանած Վարդան Պետրոսյանի դատապաշտպան Մարի Դոզեն հակված է այն կարծիքին, որ մեկ տարի տևած նախաքննությունն ու դատաքննությունն անիմաստ էին: Նրա համար անհասկանալի է, թե ինչու էին մեկ տարի շարունակ անցկացվում դատական նիստեր, եթե Պետրոսյանին արդարացնող որևէ փաստարկ հաշվի չի առնվել:

«Մեղադրական ճառն ի սկզբանե ներկայացված մեղադրական ակտի ուղղակի կրկնությունն է: Մեղադրական ճառի մեջ որևէ հիմնավորում չկա, թե ինչու է պահանջվում հենց այդ պատժաչափը: Դատական նիստերը կարծես թե անց են կացվել տպավորություն ստեղծելու համար», – հայտարարեց Մարի Դոզեն:

Փաստաբանները հուսով են, որ հունվարի 23-ին նախատեսված դատական նիստի ժամանակ հնարավոր կլինի դրական տեղաշարժ արձանագրել Վարդան Պետրոսյանի գործում: Ամեն դեպքում ինչ պատիժ էլ սահմանվի, փաստաբանների կարծիքով, Պետրոսյանը կրելու է այն «բաց ռեժիմով»:

«Մեր օրենսդրությունն այնպես է կառուցված, որ անզգուշությամբ առաջացած հանցագործությունների ժամանակ, մեղադրյալը չի ազատազրկվում: Նրա վրա են տարածվում բոլոր համաներումները, և, սովորաբար, մեկ տարվա ընթացքում ամեն ինչ ավարտվում է», – պարզաբանեց Նիկոլայ Բաղդասարյանը:

Ասուլիսի ավարտին Մարի Դոզեն լրագրողների խնդրանքով ներկայացրեց, թե ինչպես կվարվեր Ֆրանսիայի արդարադատությունը նման իրավիճակներում:

«Ես ունեցել եմ ճանապարհատրանսպորտային պատահարի գործ: Ուղղակի այդ դեպքում վարորդը, ի տարբերություն Վարդան Պետրոսյանի, եղել է ալկոհոլի և թմրամիջոցների ազդեցության տակ: Նա գտնվել է կալանքի տակ միայն 2,5 ամիս, որից հետո ազատ է արձակվել: Դատավարությունը դեռ շարունակվում է, սակայն բացառված է, որ նրան ազատազրկեն», – ասաց ֆրանսիացի դատապաշտպանը՝ հավելելով, որ անզգուշությամբ առաջացած հանցագործությունների ժամանակ ազատազրկելը սխալ է:

«Ազատազրկում են, երբ հանցագործությունը միտումնավոր է կատարված: Այդ դեպքում պատժում են մարդուն՝ մեկուսացնելով հասարակությունից, քանի որ նա վտանգ է ներկայացնում», – ամփոփեց Դոզեն:

«Մեդիա կենտրոն»

http://www.youtube.com/watch?x-yt-cl=84411374&v=5P-NjcxAAHA&list=UU9NYtxxtYI4VYd3a6NsR6Jw&x-yt-ts=1421828030