Զորքերի հետքաշումը ելման դիրքեր խնդիրները լուծելու միակ հուսալի հիմքն է. Հայաստանում ՌԴ դեսպան

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այն կարծիքին է, որ զորքերի հետքաշումը ելման դիրքեր միակ հուսալի հիմքը կարող է լինել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները լուծելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սերգեյ Կոպիրկինը նման կարծիք է հայտնել Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքում լրագրողների հետ զրույցում:

Նա նշել է, որ ռազմական բախումների ճանապարհը չի կարող հանգեցնել առկա խնդիրների լուծմանը: « Մենք ելնում ենք նրանից, որ միայն քաղաքական, դիվանագիտական ջանքերը կարող են լուծման բերել»,- ասաց Կոպիրկինը:

Նա հավելեց, որ Ռուսաստանն իրենից կախված ամեն ինչ անում է, որպեսզի քաղաքական կարգավորման գործընթացը, որը գործարկվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, շարունակվի՝ չնայած բոլոր խնդիրներին և հակասություններին: «Մենք շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ, կողմերին աջակցում ենք ընդհանուր մոտեցումների հասնելու հարցում: Դա հեշտ չէ, դա մեծ ջանքեր է պահանջում, բայց մենք դա արել ենք և մտադիր ենք անել հետագայում ևս»,- նշեց ՌԴ դեսպանը:

Անդրադառնալով Հայաստանին ՌԴ-ից զենք մատակարարելու մասին հարցին, Կոպիրկինն ընդգծեց, որ  պատրաստ չէ մեկնաբանել այդ թեման՝ հաշվի առնելով դրա զգայուն լինելը:  «Դա պետք է անեն պրոֆեսիոնալները, բայց դա ոլորտ է, որը մեր դաշնակցային հարաբերությունների մասն է»,- ասաց դեսպանը: