Գորբաչովից Սարգսյան. աղետի գոտու խոստումները

Գորբաչովից Սարգսյան. աղետի գոտու խոստումները
Գորբաչովից Սարգսյան. աղետի գոտու խոստումները

1988թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցավ Սպիտակի ավերիչ երկրաշարժը։ Արդյունքում՝ վնասի գոտու մակերեսը՝ 10․000 կմ քառակուսի‚ ուր ապրում էր 1 միլիոն բնակիչ, 11 ավերված քաղաք, 342 տուժած գյուղ, 514․000 անօթևան, 25․000 մահացած։ Նյութական վնասը՝ 13 մլրդ ռուբլի։

Այժմ տեսնենք, թե իշխողներից ով ինչ է խոստացել աղետից ցայսօր։

ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչյովը, մասնավորապես, խոստացավ 2-3 տարում վերացնել աղետի բոլոր հետևանքները։

Լևոն Տեր-Պետրոսյանն իր նախագահության տարիներին հայտարարեց Սպիտակի ավերիչ երկրաշարժի աղետալի հետևանքների առավելագույն վերացման մասին։ Մասնավորապես, ըստ Տեր-Պետրոսյանի 2000 թվականին աղետի գոտի, որպես այդպիսին, այլևս չէր լինի։

1998 թ.-ի նախագահական ընտրություններից հետո, Ռոբերտ Քոչարյանը հաստատեց իր իսկ կողմից կազմած Աղետի գոտու վերականգման առաջնահերթ ծրագիր։ Վերջինիս համաձայն, 1998-2001թթ. ընթացքում Գյումրիում պետք է վերականգնվեր 14․686 բնակարան, որն ի դեպ 88-ի հետևանքով ավերվածի 44 տոկոսն էր։ Իրականությունը, ըստ պաշտոնական վիճակագրության, ցույց տվեց, որ կատարվեց խոստացվածից 10 անգամ պակաս։

Այնուհետ, Քոչարյանը ծրագիրը երկարացրեց մինչև 2003 թվական։ Սակայն, ըստ ՀՀ կառավարության աշխատակազմի  1998 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 26 պաշտոնական տեղեկագրում գրված տվյալների, մինչև 98 թվականը Գյումրիում վերականգնվել է 8171 բնակարան, իսկ ահա իշխանափոխությանը հետևած հինգ տարիների ընթացքում վերականգնվել է ընդամենը 1143-ը: 2003 թվականին, նա հայտարարեց, որ հայրենիքը չի կարող Աղետի գոտի լինել և աղետի գոտի այլևս չկա։ Սակայն տուժածների կեսից ավելին դեռ անօթևան էին։

Սերժ Սարգսյանը, իր նախորդի նման, բազմաթիվ խոստումներ է տվել Աղետի գոտու բնակիչներին։ Սկսած բնակարանաշինության գործընթացից, մինչև Աղետի գոտին զարգացման գոտու վերածելու մասին տեսլականը։ Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը 2008-ին հայտարարել էր, թե «Հաշված տարիներ հետո կկարողանանք ամբողջովին հաղթահարել աղետի բոլոր հետևանքները: Երբ ասում եմ ամբողջովին, նկատի ունեմ, որ երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքներ չեն լինելու»:

Հաշված տարիներ անց՝ 2012 թվականին, Սերժ Սարգսյանը հայտարարեց․«Շատ մոտ ապագայում այստեղ այլևս բնակարանային խնդիր չի լինի»։

2013 թվականին նա կրկին հայտարարեց, որ շատ շուտով որևէ ընտանիք առանց բնակարան չի մնա։ Նա, մասնավորապես, ասել է․ «Իմ խորին համոզմամբ, «աղետի գոտի» արտահայտությունը գնալով ավելի քիչ է բնորոշում Գյումրի քաղաքը: Այժմ, երբ գրեթե ամբողջությամբ ավարտել ենք Գյումրու բնակարանաշինական ծրագրերը, իշխանությունների համար առաջնահերթ է զարգացման նպատակադրումները»:

Մինչդեռ այսօր՝ ավերիչ երկրաշարժից 28 տարի անց, փաստ է, որ բազմաթիվ ընտանիքներ դեռևս ապրում են տնակներում (հոդվածը տպագրվել է 2016 թվականին։)։ 

Աղբյուրը՝ www.Fip.am