«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը
– Տիկի՛ն Վարդանյան, Նուբարաշենի աղբավայրում կրկին հրդեհ է բռնկվել: Հաշվի առնելով այն, որ տարբեր հետազոտություններ փաստում են, որ Երևան քաղաքում օդի լուրջ աղտոտվածություն կա, կխնդրեմ ասեք, թե աղբավայրում պարբերաբար բռնկվող հրդեհներն ի՞նչ հետևանք կունենան մայրաքաղաքի օդի որակի վրա:
– Անընդհատ խոսում ենք թե՛ խնդրի, թե՛ դրա հետևանքների մասին, ու, ի զարմանս ինձ, Երևանի քաղաքապետը հայտարարում է, թե օգոստոսին ու սեպտեմբերին օդի որակը եղել է լավ կամ գերազանց: Ես չգիտեմ, թե նա ո՛ր քաղաքի մասին է խոսում, որովհետև այն իրականությունը, որի մեջ մենք ապրում ենք, իսկ այն, ինչ հայտարարում է ինքը, լրիվ տարբեր իրականություններ են:
Լինելով հանրային առողջապահության փորձագետ՝ ասում եմ, որ մեր հանրությանը սպառնում են լրջագույն խնդիրներ՝ կյանքի որակի և տևողության հետ կապված: Մարդիկ պետք է շնչելու օդ ունենան, այն ռիսկերը, որոնք կան, ուղղակիորեն անդրադառնում են մեր առողջության վրա: Ամենախոցելին սակայն մեր երեխաներն են, նորածին երեխայի առողջությունն այսօր վտանգված է, ու աղբավայրը ռումբ է, որը դրված է մեր քաղաքում:
Վերջին երկու-երեք տարվա ընթացքում հատկապես հաճախակի են դարձել աղբավայրում բռնկված հրդեհի դեպքերը, այն անդադար կա՛մ մխում է, կա՛մ բաց հրդեհ է սկսվում:
Այս հարցն ի վերջո պետք է լուծվի, որովհետև դա աղբանոց է, այն նույնիսկ աղբավայր չէ, ի վերջո պետք է դառնա սանիտարական ու եվրոպական չափանիշներին համահունչ: Չպետք է թույլ տալ, որ բնակչությունը շնչահեղձ լինի կամ թունավորվի, ինչի հետևանքով կարող են առաջանալ ալերգիկ ու շնչառական հիվանդություններ, չարորակ նորագոյացություններ, հրեշածնություններ, լինել հղիության վաղաժամ ընդհատումներ և այլն, տասնյակ խնդիրներ, որոնք պայմանավորված են օդի աղտոտվածությամբ:
Մեր քաղաքային իշխանությունները պետք է զբաղվեն օդի որակով, սա ամենակարևորն է, որ պետք է անեն: Երրորդ տարին է արդեն, որ Երևանի քաղաքապետարանը «հնձում» է Երևանի բոլոր ծառերը, ծախսում է միլիարդավոր դրամներ Երևանի հետ կապ չունեցող գնդիկ-բոքոնիկ ծառերի համար, ծախսում են միլիարդներ՝ ստանալով զրո արդյունք: Այդ գումարները պետք է ուղղվեն նոր աղբավայրի նախագծի իրականացմանը, 30 տարի է՝ ես լսում եմ Կամո Արեյանից, որ իրենք արդեն սկսել են աղբավայրի հարցով զբաղվել, ի վերջո, մենք կտեսնե՞նք, որ ինչ-որ բան արված է, ինչքան կարելի է առնչվել նույն խնդրին:
– Իսկ քաղաքապետն ի՞նչ տվյալների հիման վրա է հայտարարում, թե օդի որակը լավ վիճակում է, եթե դուք էլ եք պնդում հակառակը:
– Սկսեմ նրանից, որ մենք ընդհանրապես չգիտենք, թե այն գործիքները, որոնցով առաջնորդվում է քաղաքապետը, ո՛ր ռեֆերենս լաբորատորիաներում են ստուգված ու ի՞նչ ճշգրտությամբ են աշխատում, դա ամենակարևորն է: Այն չափիչները, որ ինքը դրել է, վերաբերում են միայն 2,5 միկրոմետր և ավելի փոքր տրամագծով մանրադիսպերս փոշուն և աերոզոլներին՝ PM2.5 մասնիկներին, բայց օդի աղտոտվածությունը միայն այդ մասնիկներով չի որոշվում, տասնյակ այլ խնդիրներ են, որովհետև փոշին համասեռ չէ, ու նրա կազմի մեջ տարատեսակ նյութեր են մտնում:
Ամեն անգամ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տալիս է փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների 2-3 անգամ գերազանցումներ, Երևանի քաղաքապետարանն ասում է, թե դա ընդհանրապես խնդիր չէ: Վերջերս քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի տեղակալը զանգվածային լրատվամիջոցներով հայտարարում էր, թե դա վտանգավոր չէ առողջության համար: Ես զարմանում եմ՝ աշխարհագրագետը արդեն գնահատական է տալիս հանրային առողջապահության մասով այն պարագայում, երբ ունի զրո գիտելիք:
Այն, ինչ տեսնում ենք անզեն աչքով, ու այն, ինչ ասում է քաղաքապետարանը, երկու տարբեր Երևաններ են: Ցանկացած մարդ, որը դուրս է գալիս Երևանից ու վերադառնում Երևան, ակնհայտորեն զգում է փոփոխությունը իր առողջության վրա: Մարդիկ ասում են՝ քաղաքից դուրս գիշերը լավ են քնում, գլխացավ չունեն, առավոտյան անհասկանալի հազ, փռշտոց, արցունքահոսություն չունեն, ու, ի վերջո, կարիք չկա բնակարանի մակերեսները կես ժամը մեկ սրբել, որովհետև փոշի է նստում, էլ չեմ խոսում աղբավայրի խնդրի մասին:
Եթե դու ունես ելակետային սարսափելի ցուցանիշներ ու ռիսկի գործոններ, ապա ինչպե՞ս կարելի է ասել, որ ունես առողջ ու օդի լավ որակ: Աղբավայրում պարբերաբար բռնկվող հրդեհները օդի աղտոտվածության հավելյալ գործոն են: Եթե նայենք ընդհանուր գումարելիների մեջ, ապա անընդհատ ունենք այս վտանգը, որն ունի և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ էֆեկտներ մեր առողջության վրա:
Սա ռումբ է, որի հարցը պետք է լուծել, հրդեհների այս հաճախականությունը նաև աղբավայրի սխալ կառավարման հետևանք է: Այսինքն՝ նորմալ շերտով չի ծածկվում, ինչպես հարկն է տոփանման գործընթացները չեն իրականացվում, դրա համար էլ հրդեհների հաճախականությունը ավելացել է: Այստեղ մենք նաև կառավարման խնդիր ունենք:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















