Ընտրվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմը

Մրցույթային կարգով ընտրվել են Սահմանադրական բարեփոխումների խորհրդում ընդգրկվող հասարակական կազմակերպությունները և արտախորհրդարանական կուսակցությունները:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:ՀՀ վարչապետի որոշման համաձայն՝ Արդարադատության նախարարության կողմից 2021թ․ դեկտեմբերի 21-ին հայտարարվել էր Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամների թեկնածուների մրցույթ։ Մրցույթի մասնակցելու հետաքրքրություն են ցուցաբերել Հայաստանի Հանրապետությունում գրանցված 7 հասարակական կազմակերպություններ և 5 արտախորհրդարանական կուսակցություններ:

Ամփոփելով մրցույթի արդյունքները և հիմք ընդունելով որոշմամբ սահմանված մրցութային ընթացակարգի պահանջները՝ արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերից որոշման չափանիշներին բավարարող ճանաչված 5 հայտերից ընտրվել են ներքոնշյալ թեկնածուները՝

1. «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ (թեկնածու՝ Արթուր Սաքունց):

2. «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ (թեկնածու՝ Դանիել Իոաննիսյան):

3. «Իրավունքի եվրոպա» ՀԿ (թեկնածու՝ Տիգրան Եգորյան):

Արտախորհրդարանական կուսակցությունների կողմից ներկայացված հայտերից որոշմամբ սահմանված չափանիշներին բավարարող են ճանաչվել և ընտրվել են ներքոնշյալ թեկնածուները՝

1. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն (թեկնածու՝ Էդմոն Մարուքյան).

2. «Հանրապետություն» կուսակցություն (թեկնածու՝ Մասիս Մելքոնյան):
Թեկնածուների ցանկը ներկայացվելու է վարչապետի աշխատակազմ և ենթակա է հաստատման Սահմանադրական բարեփոխումների խորհրդի ձևավորման մասին վարչապետի որոշմամբ՝ խորհրդի ամբողջական կազմի հետ միասին։