Ուկրաինայի իշխանությունները նշել են կարանտինի սահմանափակումներն արագ հանելու պայմանները

Ուկրաինայում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի արագ անկման պարագայում հնարավոր կլինի կարանտինից դուրս գալու առաջին փուլից անցում կատարել միանգամից երրորդին և չորրորդին: «Արմենպրես»ի հաղորդմամբ, «Ռիա Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է երկրի գլխավոր սանիտար Վիկտոր Լյաշկոն:

Ավելի վաղ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը ներկայացրել էր կառավարության՝ մայիսի 11-ից կարանտինից դուրս գալու ծրագիրը, որը ենթադրում է 5 փուլ:

«Եթե մենք ունենանք հիվանդների թվի կտրուկ նվազում, ապա կարող ենք առաջին փուլից անցում կատարել հաջորդներին»,-ասել է գլխավոր սանիտարը:

Ուկրաինայի կառավարությունը կորոնավիրուսի բռնկմամբ պայմանավորված՝ մարտի 12-ից երկրում մտցրել է կարանտին: Ապրիլի 6-ից կարանտինի պայմանները խստացվե են. արգելվում է դրսում հավաքվել, զբոսնել այգիներում, անտառածածկ տարածքներում, այցելել մարզական, մանկական հրապարակներ: Ուկրաինացիները պարտավորվել են կրել պաշտպանիչ դիմակներ, տնից դուրս գալուց ունենալ անձը հաստատող փաստաթուղթ: Վարակվածների ընդհանուր թիվը 9 009 է, մահացածներինը՝ 220: