Գեղարքունիքի մարզում մեկնարկեց ամառային զորակոչը

Հուլիսի 1-ին Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից Հայոց բանակ ճանապարհվեց 2020 թվականի ամառային զորակոչի առաջին խումբը: Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատում նորակոչիկներին հաջողություններ մաղթեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գեղարքունիքի մարզային զինկոմ Գեւորգ Մխեյանը, Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը, մարզի ուժային կառույցների ղեկավարներ, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի ներկայացուցիչներ, նորակոչիկների ծնողներ եւ հարազատներ:

Օրհնության կարգ կատարեց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը՝ քաջալերելով նորակոչիկներին եւ նրանց ծնողներին: «Ես մի շատ կարեւոր հորդոր ունեմ բոլորիդ. միջանձնային հարաբերություններ պարզելուց առաջ մտածեք, որ դուք նույն ազգի զավակներ եք, եղբայրներ ու հարազատներ, որ իրավունք չունեք տարբերություն դնել ձեր ծննդավայրերի ու անձերի միջեւ:

Դուք պարտավոր եք անզիջում լինել միայն սահմանից այն կողմ գտնվող հակառակորդի հանդեպ, որպեսզի խաղաղ մնա մեր հայրենիքը եւ անխախտ՝ մեր հայրենի հավատը:

Հիշեք միշտ, որ ձեր ոգին է անպարտ լինելու, այն ոգին, որ սկիզբ է առել Ավարայրից, փոխանցվել Սարդարապատի ու Արցախյան գոյամարտի հերոսներին ու այժմ ձեզ առաջնորդելու է դեպի Սուրբ հայրենյաց սահմանների պաշտպանություն: Մաղթում եմ, որ աշխարհը խաղաղ մնա, իսկ ձեր բազուկները միշտ լինեն զորեղ, անընկճելի»,-նշեց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահը:

Նորակոչիկներին բարի ծառայություն մաղթեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարվա զորակոչն ընթանում է արտակարգ դրության պայմաններում: Նակինի համեմատ թեեւ այն քիչ է հանդիսավոր, մարդաշատ ու տոնական, սակայն նկատելի է նորակոչիկների եւ նրանց հարազատների բարձր տրամադրությունը:

Ելնելով համավարակի կանխարգելման անհրաժեշտությունից՝ խնդրում եմ պահպանել սահմանված կարգը, խուսափել մարդաշատ հավաքներից ու այլ կարգի միջոցառումներից: Ուզում եմ կրկին հիշեցնել ու կարեւորել մեր բանակում հաճախակի նկատված ցավալի դեպքերի մասին, որոնք կապված են միջանձնային հարաբերությունների հետ:

Միշտ հիշեք, որ ձեզ ամեն վայրկյան անհամբեր տանը սպասում են ձեր հարազատները: Ձեզ մաղթում եմ առողջ լինեք, պատվով ծառայեք ու տուն վերադառնաք: Ես ավելի քան վստահ եմ, որ մենք ձեզ կընդունենք ավելի կոփված ու կայացած, կյանքի մեծ դպրոց անցած մարդկանց»,-նորակոչիկներին դիմեց մարզպետը:

Իրենց մաղթանքի խոսքերն ասացին նաեւ նորակոչիկների ծնողները: «Ես այսօր հուզմունքով ու հպարտորեն Հայոց բանակ եմ ճանապարհում իմ որդուն, ով տան մինուճար տղան է՝ չորս քույրերի միակ եղբայրը: Նրա հետ բանակ են մեկնում նաեւ մեր համայնքի այն տղաները, որոնց դպրոցում պատմություն եմ դասավանդել ու հայրենասիրություն քարոզել: Վստահ եմ, որ նրանք կարդարացնեն մեր սպասելիքները եւ պատվով տուն կվերադառնան:Աշխարհին մաղթում եմ խաղաղություն, մեր զինվոր զավակներին՝ բարի, անվտանգ ծառայություն»,-նշեց Վարդենիկի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն, մանկավարժ Թաթուլ Ալոյանը:

Հավաքվածների բուռն ու երկարատեւ ծափահարությունների ներքո նորակոչիկների առաջին խումբը ճանապարհվեց Հայոց բանակ: Հուլիս ամսի ընթացքում նորակոչիկները բանակ կմենկնեն նաեւ մարզային զինկոմիսարիատի Սեւանի, Վարդենիսի, Ճամբարակի, Գավառի բաժանմունքներից: Ամառային զորակոչը մարզում կշարունակվի մինչեւ օգոստոսի 1-ը:

Այս մասին հայտնում են ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանից։