Ուսուցիչ, թե՞ «դաստու». փողը կարևոր է

Ուսուցիչ, թե՞ «դաստու». փողը կարևոր է
Ուսուցիչ, թե՞ «դաստու». փողը կարևոր է

ՀՀ Կառավարությունը հրապարակել է Ծրագրի նախագիծը, որը վերաբերում է մեր կյանքի բոլոր ոլորտներին, այդ թվում՝ կրթությանը: Կրթության համընդհանուր հատվածին գնահատական չէ, որ կուզենամ տալ սույն ակնարկում: Եթե խնդրին ընդհանրական մոտենանք, ապա դրա շատ դրույթներին համաձայն եմ:

Ուշադրությունս գրավեց հետևյալ հատվածը. «դասա­վանդողների կարողությունների զարգացումը, մասնագիտության հեղինակության և սոցիա­լական ապահովության մակարդակի բարձրացումը»:

Սոցիալական ապահովության և մասնագիտական հեղինակության մակարդակի բարձրացում: Մտքերի այս սեղմագիրը չափազանց կարևոր է մեր օրերում: Ավելին, վիճակն այս ասպեկտում, մեղմ ասած, հուսադրող չէ, անմխիթար է: Անցնող իշխանություններն ամեն ինչ արել են, որ մանկավարժի կերպարն ընկալվի որպես կեղծարարի կերպար: Ամեն ինչ արել են, որ մանկավարժի աչքը լինի սովորողի ծնողի ձեռքին, հուսա՝ տնօրենի բարեգթությունը, իսկ հարկ եղած դեպքում՝ ծառայի:

Այս քաղաքականության հետևանքով թացն ու չորը խառնվել են: Տուժել են թե՛ բարեխիղճ ու ազնիվ մասնագետը, թե՛ «յոլա» տանող ծանոթով դիլետանտը: Եթե խորհրդային փուլում գյուղերում խուսափում էին բանակ չգնացածին աղջիկ տալուց, հիմա սա հանգիստ կարող ենք տարածել մանկավարժի աշխատանք կատարող մարդու վրա:

Ի՞նչ ունենք արդյունքում:

Մարդաթափված մարզեր, որտեղ ուսուցիչներ կան, որոնք անգամ աշխատում են 30.000 դրամ: Մայրաքաղաքի ավագ դպրոցներում մաքուր աշխատավարձը, լրիվ դրույք ծանրաբեռնվածության դեպքում, կազմում է 100-120.000 դրամ: Սա, հիշեցնեմ՝ լավագույն դեպքում: Այստեղից արդեն գալիս է մանկավարժի անձի նկատմամբ սոցիալական խտացված ընկալումը, որը հնչում է հետևյալ կերպ. «ախպե՛ր, դաստու է աշխըտըմ»: Ու այդ «դաստուն» շեշտվում է հատուկ բացասական նրբերանգով:

Երկու-երեք անգամ հանցագործության համար դատապարտվածը, որի խոսույթի կեսը հայհոյանք է, մյուս կեսը՝ հայհոյանքների դեգերում, դեռահասի համար շատ ավելի ընդունելի է ու հեղինակավոր, քան իր ուսուցիչը:

Ինչո՞ւ, որովհետև «դաստուն» տուն չի կարող պահել:

Պնդեմ միտքս: Կրթության որակն ուղիղ համեմատական է ստացած աշխատավարձին: Շատ քիչ նվիրյալներ այսօր կմտնեն դպրոց 60-100 հազար դրամ աշխատավարձի պարագայում, եթե դա նրանց միակ եկամուտն է: Պատկերացրեք՝ համընդհանուր սոցիալական խնդիրների պարագայում ինչպե՞ս կարող է այդքան գումար ստացող մարդը նստել ու ինքնակրթվել, նոր որակ կամ նոր խոսք բերել:

Չի՛ կարող, նա դասից հետո պետք է զբաղվի կրկնուսուցմամբ, տաքսի քշելով, հացի փռում աշխատելով կամ եկամտի այլ աղբյուր փնտրելով: Իսկ մարդու ֆիզիկական սպառումն արդեն թույլ չի տալիս այլ բանի մասին մտածել: Նորմալ աշխատավարձի պարագայում կավելանա կրթության ոլորտում աշխատելու գրավչությունը: Կարող ենք խոսել պահանջների և շեմերի մասին: Հարգանքով կարող ենք ներողություն խնդրել վատ մասնագետից՝ նրա փոխարեն հրավիրելով ավելի պատրաստվածին:

Սոցիալական պաշտպանվածությունը միայն փողը չէ: Ազնիվ ու անմեղ են բոլորը, բացի ուսուցիչներից: Ծնողը պահանջում է ուսուցչից, վարչության պետը՝ ուսուցչից, տնօրենը՝ ուսուցչից, երեխան չար է՝ ուսուցիչն է մեղավոր, չսովորեց՝ ուսուցիչն է հանցավոր անգործ ու այսպես շարունակ:

Տնօրեն: Մարդկության պատմության այս սուբյեկտին պետք է առանձին անդրադառնալ: Ցավոք, մեր շատ դպրոցներում դեռ աշխատում են տնօրեններ, որոնք իրենց տիրույթներում բդեշխ են հռչակված:

Որոշ դեպքերում կոլեկտիվների անդամները երանի են տալիս ճորտատիրության փուլի աշխատողներին: Կրթության արյունը ծծող այս մակաբույծներից ոլորտն ազատել է պետք:

Մահակը ձեռքերին, նրանք հանգիստ կարող են աջ ու ձախ նկատողություններ «շռայլել»՝ անգամ պատշաճ չհամարելով որևէ հոդվածի հղում անել: Ուսուցչին պետք է պաշտպանել նաև անբարեխիղճ տնօրենից, իրեն արքայիկ կամ իշխանիկ հռչակած ամենաթողից, որը կրթության համար մեկ թշնամին է:

Խոսեցի խնդիրների շատ փոքր տոկոսի մասին, հուսամ՝ դեռ առիթ կունենամ անդրադառնալու:

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am