«Պեմզաշենում ողբերգական դեպքի գործով Վրույր Բարսեղյանը ամբողջությամբ գիտակցել է՝ ինչ է անում, ինչի համար է անում, չգիտակցված քայլ չի կատարել». Կողմերը՝ վարույթի մասին

Հայաստանի վերաքննիչ քրեական դատարանը Պեմզաշենում 32-ամյա կնոջ և նրա երկու մանկահասակ երեխաների առանձնակի դաժանությամբ սպանության գործով կալանավորված Արկադի Բարսեղյանի կալանքի վերաբերյալ որոշում կայացրել է, սակայն այն պաշտպանին չի հասել: Փաստաբան Վլադիմիր Մինասյանն ասում է՝ Վերաքննիչը գրավոր որոշումը կայացրել է, իրեն զանգահարել են դատարանից և տեղեկացրել, որ պատրաստվում են իրեն ուղարկել համապատասխան գրությունը:

Որոշման բովանդակության մասին փաստաբանն ասում է՝ տեղյակ չէ: «Մեր դատարաններին չգիտե՞ք, չգիտե՞ք ինչ որոշում պետք է կայացնեն»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է փաստաբանը:

Պեմզաշենում նոյեմբերի 9-ին 31-ամյա Զարինե Մելքիսեթյանի և նրա մանկահասակ երկու երեխաների սպանության փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթում երկու մեղադրյալի անուն է հայտնի՝ Վրույր Բարսեղյան և Արկադի Բարսեղյան:

Վրույր Բարսեղյանին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածով՝ առանձնակի դաժանությամբ սպանություն և ավազակություն կատարելու համար: Մյուս հոդվածով նա մեղադրվում է «ընտանեկան դրությամբ կամ հաշմանդամությամբ պայմանավորված` խոցելի վիճակում գտնվող անձի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ» կատարելու համար: Ըստ ոստիկանության՝ Վրույր Բարսեղյանն ունի «անձի էմոցիոնալ խանգարում՝ սուիցիդալ մտքերով» հոգեկան հիվանդություն:

«Մի հատ խնդրում եմ ինձ ասեք՝ էսքան ժամանակ լսե՞լ եք, որ Արկադի Բարսեղյանի մեղավորությունն ապացուցող փաստ հրապարակված լինի»,- հարց է հնչեցնում փաստաբանը: Մեր արձագանքին, որ ոստիկանության պաշտոնական հաղորդագրությամբ նշվում է, որ հենց Արկադի Բարսեղյանն է Վրույր Բարսեղյանին ուղեկցել տվյալ տուն, փաստաբանը պատասխանեց. «Հա, դա հեչ, ասում են՝ էսինչ օրը մտել են, բայց հստակ ապացույց չկա, բայց, ասենք, տեսեք՝ Վրույր Բարսեղյանի վերաբերյալ բազմաթիվ ապացույցներ կան: Իմ պաշտպանյալի մասով հաստատ լսած չկաք: Այս գործը հանրային հնչեղություն ստացած գործ է, շատ նրբություններ չեմ ուզում հանրայնացնեմ, բայց կտեսնեք, որ իմ պաշտպանյալը որևէ կապ չունի կատարվածի հետ»:

Մյուս մեղադրյալ Վրույր Բարսեղյանի փաստաբան Էդուարդ Աղաջանյանը համառորեն չի խոսում քրեական գործի, ընթացող նախաքննության մասին: «Այս պահին որևէ տեղեկություն չեմ կարող հայտնել նախաքննության մասին: Գաղտնի գործընթաց է, թող ամեն ինչ պարզ լինի, նոր ասուլիս կտանք»,- «Մեդիալաբին» ասել է Վրույր Բարսեղյանի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը:

Նա նույնիսկ հրաժարվեց խոսել դատահոգեբանական փորձաքննության եզրակացության մասին, որի համաձայն Վրույր Բարսեղյանը ճանաչվել է մեղսունակ, այսինքն՝ հանցանքը կատարելու պահին գիտակցել է անելիքը:

«Ես փորձաքննության պատասխաններ չեմ ստացել և ոչինչ չեմ կարող ասել: Բացի այդ, իմ պաշտպանյալի կողմից խոսելու լիազորություն չունեմ»,- նշել է փաստաբանը:

Տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Գարիկ Գալիկյանն այս պահին նախաքննությունից դժգոհություն չունի: Տուժող կողմին բավարարել են դատահոգեբանական փորձաքննության արդյունքները, որոնց համաձայն Վրույր Բարսեղյանը ծանր հանցագործության պահին գործել է գիտակցված:

«Բոլորին հուզում էր Վրույր Բարսեղյանի հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունենալու փաստը, և մենք էլ ունեինք որոշակի մտավախություն, որ այդ պատճառով նա կարող է խուսափել քրեական պատասխանատվությունից: Բայց այդպես չի լինի: Ստացել ենք փորձաքննության եզրակացություն, որ անձը մեղսունակ է ճանաչվել: Հանձնաժողովը հստակ տվել է պատասխանը, որ անձը հանցանքի պահին մեղսունակ է եղել և մեղսունակ է նաև հիմա»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է Գարիկ Գալիկյանը:

Փաստաբանը հստակեցնում է՝ Վրույր Բարսեղյանի մոտ նախկինում արձանագրված «անձի էմոցիոնալ խանգարում՝ սուիցիդալ մտքերով» հոգեկան հիվանդության պատճառով նա չի կարող խուսափել պատժից: «Նա ամբողջությամբ գիտակցել է կատարվածը, գիտակցել է՝ ինչ է անում, ինչի համար է անում, այսինքն՝ մարդը որևէ չգիտակցված քայլ չի կատարել»,- նշում է փաստաբանը:

Գալիկյանը չի շտապում մանրամասնել մյուս փորձաքննությունների պատասխանները, քանի որ նախաքննության գաղտնիությունը հարկավոր է պահպանել, սակայն ընդգծում է՝ դրանք շատ հարցերի պատասխաններ կտան:

Անդրադառնալով մյուս մեղադրյալ Արկադի Բարսեղյանի փաստաբանի հայտարարություններին, թե իր պաշտպանյալն ունեցել է ալիբի և չի մասնակցել հանցագործության կատարմանը, Գալիկյանն արձագանքում է. «Հաշվի առնելով անմեղության կանխավարկածը, և եթե իրավական առումով ենք նայում, ապա չունենալով օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, բոլորն էլ այս պահին անմեղ են: Բայց զուտ փաստական տվյալները համադրելով՝ նրանք երկուսն էլ մեղադրյալ են հիմա: Նախաքննության ավարտից հետո արդեն հասկանալի կլինեն հանգամանքները, և շատ հարցերի պատասխաններ կտրվեն: Ասելով չէ»:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am