«Վզից բռնելու ու դուրս շպրտելու մարդիկ կան նաև իշխող կուսակցության մեջ. քաղաքական մշակույթը պետք է փոխվի». Ռուբեն Բաբայան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը

– Պարո՛ն Բաբայան, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ ընտրակաշառքի մեղադրանքով։ Վարչապետը հայտարարեց, որ ժողովրդի կամքի վրա բռնանալու համակարգված ինստիտուտ է բացահայտվում։ Ի՞նչ սպասել այս գործընթացից, քաղաքական դաշտում նոր մշակույթ կձևավորվի՞։

– Ես կարծում եմ՝ ոչ ոք երբևիցե որևէ կասկած չի ունեցել, որ ոչ միայն Ծառուկյանը, այլ նաև բազմաթիվ օլիգարխներ օգտագործել են իրենց ֆինանսական կարողությունները՝ ընտրությունների արդյունքների վրա ազդելու համար։

Սա նոր բան չէ, և կարծում եմ՝ ճիշտ կլիներ, որ չլինեին առանձին-առանձին բացահայտվող դեպքեր, այլ պարզապես պետք է մի կարմիր գիծ քաշվեր, այդ ամենից վերջնականապես հրաժարվեին, որպեսզի սա չդառնար շահարկման թեմա, որ իշխանությունը երբ ուզում՝ օգտագործում է։

– ԲՀԿ-ն սա համարում է քաղաքական հետապնդում։ Այսինքն՝ այո՛, այդ շահարկումները կան։

– Այդ շահարկումները կան, և ես կարծում եմ, որ այդ շահարկումներն այնպես չէ, որ ամբողջովին զուրկ են տրամաբանությունից։ Ես կարծում եմ, որ պետք է արվի հետևյալը՝ նախկին համակարգը պետք է պաշտոնապես դատապարտվի իր բոլոր դրսևորումներով։ Բոլորը, այդ թվում՝ նրանք, ովքեր դրա մեջ խրված են եղել, պետք է ընդունեն, որ դա անընդունելի է։

Եվ այստեղ գալիս է մեկ այլ շատ կարևոր հարց՝ իսկ ո՞վ է դատավորը։ Դատավորը, մեր պարագայում՝ գլխավոր դատախազը, պետք է լինի այնպիսի անձնավորություն, որի անաչառությանը, ճնշմանը չենթարկվելուն և միայն ու միայն օրենքի տառին ծառայելուն հավատան բոլորը։ Այդ ոլորտը պահանջում է նման անձնավորություն։

Ես կարծում եմ՝ այստեղ կան բազմաթիվ հարցեր, որոնք կապված են հիմնականում յուրաքանչյուր մարդու կենսագրության հետ։ Այնպես չի լինում, որ մենք ամեն տարի նորից ենք սկսում մեր կենսագրությունը։

Կենսագրությունը՝ և՛ լավ, և՛ վատ, մեզանից անբաժանելի է։ Եվ մեզ գնահատում են ոչ թե այսօրվա խոսքով ու գործերով, այլ նաև մեր կենսագրությամբ ու անցյալով։ Եթե այս ամբողջ պատմությունն ավարտվի նրանով, որ մենք կփոխենք մեր քաղաքական մշակույթը, դա լավ է։

Մենք տեսանք, որ խոսքը վերաբերում է ոչ միայն այն հանգամանքին՝ կաշառք տրվել է թե չի տրվել, այլև ընդհանրապես սա բացահայտեց այդ ամբողջ մեխանիզմը։ Ես նկատի ունեմ այդ ամբողջ փաստաթղթերը, հավատարմության երդումները, հայհոյանքները՝ սեփական անձի կամ ծնողների հանդեպ, եթե պայմանավորվածությունը չպահեն։

Սա ի՞նչ է, սա քաղաքական հայացքներ չէ, սա քաղաքական մշակույթ է, որից պետք է հրաժարվել։ Եթե մենք շարունակենք այդ մշակույթը պահպանել և առաջնորդվել նրանով՝ մերն է կամ ձերն է, գաղափարակից է կամ գաղափարակից չէ, կմնանք նույն տեղում։

Այդ քաղաքական մշակույթից է պետք հրաժարվել։ Եվ ես կարծում եմ՝ ժամանակը ցույց կտա։ Մենք պետք է տեղափոխվենք ուրիշ մշակութային դաշտ՝ նաև քաղաքական ասպարեզում։

Նա, ով չի կարող փոխվել, տեղ չունի քաղաքական դաշտում։ Ես կարծում եմ՝ այդքան հեշտ չէ փոխվել։ Առավել ևս, երբ խոսքն արդեն տարիքն առած, կենսագրություն ունեցող անձանց մասին է։ Կարող են ձևացնել, ներկայանալ, որ փոխվել են, բայց իրականում այդպես չէ։

Ամենաճիշտն այն է, որ պարզապես պետք է ճանապարհը զիջեն ուրիշներին, ովքեր ուրիշ մշակութային դաշտի մեջ են գտնվում։ Այս պարագայում կարող է պարզապես լինել հետևյալը՝ նրանք, ովքեր շարունակում են դավանել գողական մշակույթի սկզբունքներին, պարզապես նրանց առջև պետք է դուռը փակել։ Եվ կապ չունի, թե դա ով է։

– Վարչապետն ասաց, որ ժողովուրդը նրանց վզից կբռնի ու Ազգային ժողովի դահլիճից դուրս կշպրտի։

– Ես կարծում եմ՝ վզից բռնելու ու դուրս շպրտելու մարդիկ կան նաև իշխող կուսակցության մեջ։ Եվ եթե դա անում ես առաջին հերթին քո համակիրների հանդեպ, քո դիրքերը շատ են ամրանում, երբ դու այդ պահանջը ներկայացնում ես նաև ընդդիմադիրներին։ Էլի եմ ասում՝ սա գաղափարական կռիվ չէ, սա մշակութային կռիվ է։

Ես կարծում եմ, որ առաջիկա ընտրությունները՝ լինեն համայնքային թե հանրապետական, ցույց կտան՝ մենք իսկապես փոխե՞լ ենք այդ մշակույթը։ Մենք հիմա հիմնվում ենք միայն 2018 թվականի ընտրությունների վրա, ինչն այնքան էլ ճիշտ չէ։ 2018 թվականին արդյունքը մոտավորապես պարզ էր, թե ինչ էր լինելու։

Այ երբ կլինի գայթակղություն՝ օգտագործել նաև վարչական լծակները կամ փողը, և դրա դեմ դուռը կփակվի, այդ ժամանակ կարող ենք ասել, որ իսկապես ստեղծեցինք մի համակարգ, որում անթույլատրելի է փորձել որևէ ձևով ազդել ընտրական գործընթացի վրա:

Ռոզա Հովհաննիսյան

Medialab.am