«Իմ պաշտպանյալն ասում է՝ ալիբի ունի, ինչը հաստատվում է տեսանյութերով». միջնորդում են կալանքից ազատել Պեմզաշենի գործով մեղադրյալներից մեկին

Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում 32-ամյա կնոջ և նրա երկու մանկահասակ երեխաների առանձնակի դաժանությամբ սպանության գործով կալանավորված Արկադի Բարսեղյանի պաշտպանը բողոքարկել է նրան կալանավորելու մասին դատարանի որոշումը:

«Կալանքի որոշումը բողոքարկել ենք, սպասում ենք՝ նիստ նշանակվի»,-«Մեդիալաբին» ասում է Բարսեղյանի փաստաբան Վլադիմիր Մինասյանը` շեշտելով, որ իր պաշտպանյալը պետք է ազատ արձակվի:

Պեմզաշենում նոյեմբերի 9-ին 31-ամյա Զարինե Մելքիսեթյանի և նրա մանկահասակ երկու երեխաների սպանության փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթում երկու մեղադրյալի անուն է հայտնի՝ Վրույր Բարսեղյան և Արկադի Բարսեղյան:

Վրույր Բարսեղյանին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածով՝ առանձնակի դաժանությամբ սպանություն և ավազակություն կատարելու համար: Մյուս հոդվածով նա մեղադրվում է «ընտանեկան դրությամբ կամ հաշմանդամությամբ պայմանավորված` խոցելի վիճակում գտնվող անձի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ» կատարելու համար:

Արկադի Բարսեղյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 13-րդ կետերով՝ «Այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով կատարված սպանություն» և 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ՝«Ավազակություն»:

Փաստաբանն ասում է՝ այս պահին նախաքննություն է ընթանում, դրա ավարտի մասին խոսելը դեռ վաղ է: «Նշանակվել են մի շարք բազմաթիվ կարևոր փորձաքննություններ, որոնք ամենայն մանրամասնությամբ կներկայացնեն՝ ինչ է կատարվել այդ տանը իրականում»,- ասում է փաստաբանը:

Նա փոխանցում է իր պաշտպանյալ Արկադի Բարսեղյանի խոսքը. «Իմ պաշտպանյալն ինձ ասում է, որ ինքն ընդհանրապես այդ օրը, այդ պահին այնտեղ չի եղել, եղել է այլ մարդկանց հետ, և դա հաստատվում է շատ տեսանյութերով: Ալիբի ունի: Իր առօրյա գործերով է եղել այդ օրը, այդ մասին մանրամասն ցուցմունք է տվել, և նախաքննական մարմինը, կարծում եմ, ստուգում է այդ ամենը»:

Մինասյանի խոսքով՝ ոստիկանության պաշտոնական հաղորդագրությունը, որում դեպքի վերաբերյալ մանրամասներ են ներկայացվել, ու Արկադի Բարսեղյանին են վերագրվել գործողություններ, ամբողջությամբ խախտում է իր պաշտպանյալի անմեղության կանխավարկածը: «Նման հայտարարությունը վաղաժամ էր: Ոստիկանության մոտ անմեղության կանխավարկածը խախտելը լավ է ստացվում, իսկ դրա մասին տեղեկությունները հերքելը՝ ոչ»,- ասում է Մինասյանը:

Նա ասում է՝ իր պաշտպանյալի մասին կարելի է կարծիք կազմել գյուղում փոքր հարցախույզի միջոցով. «Խնդրում եմ՝ մտեք գյուղ ու հարցրեք՝ էդ տղեն ով է, էդ տղեն ընդունա՞կ էր տենց բան անելու, իրան պե՞տք էր էդ: Հարցրեք տեսեք՝ ի՛նչ կասեն նրա մասին»:

Փաստաբանն ասում է՝ իր համար կան սրբություններ, և կատարվածը իսկապես աններելի սրբապղծություն է, հետևաբար եթե զգար, որ իր պաշտպանյալը փոքր-ինչ կապ ունի կատարվածի հետ, չէր ստանձնի նրա պաշտպանությունը:

«Սա սրբախղծություն է, և աշխարհի ամենավերջին նյութական բարիքներն էլ առաջարկեին՝ չէի վերցնի: Եթե վերցրել եմ այս գործը, ուրեմն մի բան զգում եմ, 15 տարի աշխատել եմ իրավապահ համակարգում, հասկանում եմ ամեն ինչ, հասկանում եմ՝ ինչ կարա լինի, ինչ չի լինի: Թող ապացույցներով հաստատվի, ու թող անմեղ մարդ էս գործով չդատվի»,- նշում է նա:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am