Քայլեր ձեռնարկվեն Արփա-Սևան թունելի անխափան աշխատանքը, Սևանա լճի ջրերի խնայողությունն ապահովելու ուղղությամբ

Գործադիրն ընդունել է որոշում՝ Արփա-Սևան թունելի անխափան աշխատանքի, ինչպես նաև Սևան-Հրազդանյան ջրավազանի ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող համայնքների հողատարածքները ոռոգման ջրով ապահովելու, ինչպես նաև Սևանա լճի ջրերի խնայողություն ապահովելու համար:

Մասնավորապես, նախատեսվում է Սևանա լճի մակարդակի աստիճանական բարձրացման նպատակով թունելով Սևանա լիճ առավելագույն քանակի ջրի տեղափոխմն համար Կեչուտի ջրամբարի, Եղեգիսի հիդրոհանգույցի փականային հանգույցների և ջրաչափական կետերի, «Արփա-Սևան» թունելի ելքամասի ջրաչափական կետերի վերազինում ու արդիականացում: Հիմնավորման համաձայն, նշված հանգույցները շահագործվում են թունելի շահագործման օրվանից և կապիտալ վերանորոգման չեն ենթարկվել:

Ֆիզիկապես և բարոյապես մաշված փականային հանգույցների և ջրի հաշվառքի սարքերի միջոցով իրապես հնարավոր չէ ճշգրիտ կերպով իրականացնել անհրաժեշտ ուղղությամբ ջրի պահանջվող հոսքերի կառավարում, որը ջրի ոչ ճիշտ հաշվառքի և, հետևաբար՝ ոչ նպատակային օգտագործման պատճառ է դառնում: Նախագծանախահաշվային փաստաթղթերի համաձայն նախատեսվում է իրականացնել 107,232.9 հազ. դրամի վերազինման և արդիականացման աշխատանքներ:

Կառավարությունը հաստատել է ՀՀ-ում հողերի դեգրադացիայի չեզոքացման ծրագիրը: Այն կնպաստի հողային պաշարների պահպանության, օգտագործման և կառավարման խնդիրների լուծմանը: Արդյունքում կբարձրանա հողերի կառավարման արդյունավետությունը և անապատացման հիմնախնդիրների ու դրանց լուծման վերաբերյալ հասարակության իրազեկությունը, կընդլայնվի միջազգային համագործակցությունը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից։