Արցախում ամեն ինչ շատ այլ կերպ ես զգում ու տեսնում, այստեղ պարտվել չկա, այստեղ միշտ հաղթում ենք․ Գայանե Աբրահամյան

ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

«Մի քանի օր կապ գրեթե չունեի ու չեմ կարողացել հետեւել ֆեյսբուքյան «ֆրոնտին», փաստորեն այստեղ արդեն հասցրել են պարտվել, հանձնել, դատել, մեղադրել ու ամենածանր, սարսափելի պայմաններում այսօր կռվողներին անգամ` նահանջող դարձրել…

Պատերազմը լակմուսի թուղթ է, բոլոր ժամանակներում է ջրի երես հանում հասարակական գիտակցության թերություններն ու խնդիրները, եւ պարտվել է այն կողմը, որը հենց թիկունքում է թերացել, թիկունքում է նահանջել ու տեղի տվել սադրանքներին։

Պատերազմը հեռվից` որպես ֆուտբոլային խաղ դիտողներից, բազմոցներին թիկնած հայրենասիրական պաթոսախեղդ կոչեր անողներից մի քանիսը երանի մեկ ակնթարթ հայտնվեին առաջնագծում, մեկ անգամ տեսնեին զինվորի` մահ տեսած աչքերը, գեթ մի պահ հասկանային, թե ինչ անպարտելի ուժ կա թշնամու առաջ կանգնած հերոսի մտքում։

Մենք մեր կյանքով ու ամեն րոպե ապրածով պետք է արժանի լինենք նրանց, մեր ապրելու համար այսօր մահանում են կյանքը չտեսած հերոսներ, մեր ապրելու գինն անասելի բարձր է ու այդ ապրելու ամեն վայրկյանը պետք է ծառայեցնել նրանց սխրանքին, մենք նաեւ իրենց չապրածը, չհասցրածը պետք է հասցնենք…

Արցախում ամեն ինչ շատ այլ կերպ ես զգում ու տեսնում, այստեղ պարտվել չկա, այստեղ միշտ #ՀԱՂԹՈՒՄԵՆՔ»