Արուսիկը Մոսկվայից Ամրակից գյուղ՝ երազանքի թևով. «Միշտ իմացել եմ, որ իմ կյանքը Հայաստանից բացի ուրիշ տեղ չեմ պատկերացնում»

Մոսկվայից Լոռու Ամրակից գյուղ Արուսիկ Զեյնալյանը եկավ որպես անգլերենի ուսուցիչ, բայց առաջին բանը, որ սովորեցրեց իր աշակերտներին, երազելն էր:

«Չափազանց անարդար է, որ գյուղում ծնված լինելու հանգամանքը որոշիչ է դառնում երեխաների կրթական, զարգացման հնարավորությունների, երազելու կարողության բացակայության հարցում։ Երբ առաջին անգամ աշակերտներիս հարցրեցի, թե ինչի մասին են երազում, նրանք պատասխան չունեին, և դա սարսափելի տխրեցնում էր ինձ»,– ասում է Արուսիկը։

Զեյնալյանների ընտանիքը Ռուսաստան է տեղափոխվել զավակների ծնվելուց առաջ, բայց դուստրը՝ Արուսիկը, երբեք չի կասկածել՝ իր վերջին հանգրվանը Հայաստանն է։ Հայրենիքի հետ կապը չի ընդհատվել 20 տարուց ավելի․ ամեն ամառ երեխաներն անցկացրել են տատիկ-պապիկների հետ Հայաստանում։ Արուսիկն ասում է՝ ամեն անգամ վերադարձն իր համար անտանելի ծանր էր լինում․ սա միակ տեղն էր, որտեղ ինքը յուրային էր․

«Անգամ շատ փոքր տարիքում միշտ իմացել եմ, որ իմ կյանքը Հայաստանից բացի ուրիշ տեղ չեմ պատկերացնում: Ինձ համար կարևոր էին այստեղ ապրելը, այստեղ լինելը։ Բարձր դասարանների աշակերտ էի, խնդրում էի ծնողներիս, որ ինձ ուղարկեն Հայաստան՝ բուհ ընդունվելու։ 

Ինձ թվում էր՝ այստեղ սովորելը կկապի ինձ Հայաստանին։ Բայց ծնողներս չէին պատկերացնում, թե ինչպես կարող եմ իրենցից հեռու լինել։ Սկզբում վիճում էի, նեղանում, բայց հետո հասկացա՝ չունեմ այլ տարբերակ, քան համաձայնելն է, ուրեմն պետք է ընդունեմ փաստը, որ առաջիկա 5-6 տարիներին ստիպված եմ լինելու ապրել Մոսկվայում։ Արդեն այդ տարիքից իմ բոլոր քայլերն ուղղված էին միայն մի գաղափարի՝ անել ամեն ինչ, որ վերադարձս ավելի շուտ և հեշտ լինի»,– պատմում է Արուսիկը։

Հայրենիքում հաստատվել Արուսիկ Զեյնալյանին հաջողվեց միայն երկրորդ փորձից։ Առաջին անգամ Հայաստան եկավ «Դեպի Հայք» հիմնադրամի աջակցությամբ՝ կամավորական աշխատանքներ կատարելու, իրեն և գործունեության հետագա ոլորտը գտնելու։ Որոշ ժամանակ անց, ընտանեկան խնդիրների պատճառով, ստիպված էր վերադառնալ Ռուսաստան։ Շուրջ 1.5 տարի հետո վերադարձավ՝ հստակ որոշմամբ՝ ուսուցչություն անել հեռավոր գյուղերից մեկում։

«Երբ վերադարձա Հայաստան, դիմեցի «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրին և որպես անգլերենի ուսուցիչ՝ տեղափոխվեցի Լոռու մարզի Ամրակից գյուղ։ 2 շաբաթ անց, երբ արդեն դասղեկ էի, որոշեցի գնալ դպրոցի գրադարան՝ ընդհանուր վիճակը պատկերացնելու։ Այն, ինչ տեսա, անասելի տխուր էր․ գրքերը թափված էին հատակին, պատուհանագոգերին, իսկ գրադարանն ավելի շատ անպետք իրերի պահեստ էր հիշեցնում։ 

Չկարդացող երեխաներից բողոքելու փոխարեն՝ պետք է մտածել՝ ի՞նչ ենք արել մենք՝ մեծերս, որպեսզի երեխաները կարդալու տեղ և գրքեր ունենան, որպեսզի գրադարանը նրանց համար դառնա ոչ թե պատժի կրման, այլ ոգեշնչման, աշխարհն ուսումնասիրելու վայր»,– ասում է Արուսիկը։

Հենց այս գաղափարը, ինչպես նաև լավ գրադարաններում ունեցած անձնական փորձը մարզերում բազմաֆունկցիոնալ գրադարաններ ունենալու ծրագրի հիմքը դարձան, սակայն Արուսիկը վստահ էր՝ դրանք չեն կարող սովորական գրադարան լինել. դրանք պետք է լինեն վայր, ուր երեխաներն ուզում են գալ` կարդալու, երգելու, պարելու, ֆիլմեր դիտելու և զարգանալու:

«Ես որոշեցի, որ գրադարանը նաև գեղեցիկ պետք է լինի, ինձ համար կարևոր էր վայրի ոչ միայն ֆունկցիոնալ, այլև կոնցեպտուալ իմաստը։ Այդ նպատակով էլ դիմեցի մի քանի ճարտարապետների, որոնք կկարողանային նյութական տեսք տալ իմ գաղափարին։ 

Այդպես հանդիպեցի ճարտարապետ Հայկ Զալիբեկյանին, որը ևս հայրենադարձ էր՝ Մոսկվայից։ Ես նրան մի երկար նամակ գրեցի՝ պատմելով գաղափարի, դրա կարևորության, նշանակության մասին, ինչին ի պատասխան նա ուղղակի գրեց՝ այո։ Այդպես նա դարձավ նախաձեռնության համահեղինակներից մեկը»,– հիշում է Արուսիկը։

Կարճ ժամանակ անց դիզայնի նախագիծն արդեն պատրաստ էր, և Արուսիկն ու Հայկը դրամահավաք կազմակերպեցին՝ գաղափարն իրագործելու համար։ Դրան զուգահեռ սկսեցին նաև Ամրակիցի դպրոցի նոր գրադարանի վերանորոգման աշխատանքները, քանի որ գաղափարի իրականացումն իրենց համար կախված չէր դրամահավաքի արդյունքներից։ 

Չնայած դրան՝ պահանջվող 10 հազար դոլարի փոխարեն հավաքվեց 17 հազար, ինչը թույլ տվեց գնել անհրաժեշտ գրքեր, խաղեր, տեխնիկա։ Այսպես Լոռու մարզում ստեղծվեց առաջին «Գրադարակը»։

«Մեր սկզբնական նպատակը և առաջնային խնդիրը մայրաքաղաքից հեռու և դժվար հասանելի գյուղական համայնքներում գրադարանների կառուցումն էր՝ նպատակ ունենալով բարելավել կրթության որակն այդ շրջաններում։ Սակայն քիչ ժամանակ անց պարզ դարձավ, որ դրանք ուղղակի գրադարաններ չեն, այլ համայնքային կենտրոններ, որտեղ երեխաները, երիտասարդները կարող են որակյալ ժամանակ անցկացնել, նոր գիտելիքներ ստանալ, զարգացնել իրենց հմտությունները։ 

Բացի այդ, մենք չենք բացառում նաև դպրոցների հետ համագործակցելու հնարավորությունը։ Առաջին հերթին մենք մասնակցում ենք հենց դպրոցական գրադարանների հիմնանորոգման կամ դպրոցում առկա այլ սենյակների հիման վրա գրադարանի կառուցման գործընթացին։ 

Հենց դպրոցներն են հնարավորություն տալիս իրականացնել նախագծի երեք հիմնական գործառույթները։ Գործնականում «Գրադարակը» միայն կառուցում, սարքավորում և ապահովում է գրադարանը գրքերով՝ բացառելով իր ֆինանսական ներկայությունը հետագա շահագործման ընթացքում, քանի որ դպրոցներում հնարավոր է լիարժեք ապահովել գրադարանի ներգրավումը կրթական գործընթացի մեջ և արդյունքում այն հասանելի դարձնել երեխաներին ու նրանց ծնողներին»,– ասում է Արուսիկը։

Սկզբում նախատեսվում էր, որ «Գրադարակներ» կլինեն բոլոր մարզերում։ Այսօր արդեն կա գործող 5 գրադարան երեք մարզում՝ Լոռու, Տավուշի և Արագածոտնի, ևս 4-ի վրա աշխատանքները շարունակվում են։ Գաղափարն այնքան լայն տարածում գտավ, որ առաջին 4 գրադարանների ստեղծումից հետո այլևս դրամահավաքի կարիք չկար․ տարբեր կազմակերպություններ և դոնորներ իրենք էին առաջարկում իրենց աջակցությունը։

Արուսիկն ասում է՝ գրադարան բացելով՝ իրենց առաքելությունը չի ավարտվում․ տեղում կատարվող ուսումնասիրություններով պարզում են համայնքների կարիքները, գույքագրում խնդիրները և մարդկանց ակնկալիքները, ինչը թույլ է տալիս առավել արդյունավետ դարձնել գրադարանի աշխատանքը համայնքում։

Հայկական գյուղն Արուսիկի համար նոր չէր․ մանկությունը պապական գյուղերում է անցել, սակայն մինչ օրս զարմանալու առիթներ է ունենում՝ օտարի նկատմամբ զգուշավորությունը, այլ ճշմարտություն չտեսնելու համառությունը։ Բայց, միևնույն է, հայրենիքում գտածն ավելի շատ է։ Արդեն շուրջ 5 տարի Արուսիկն ապրում է Հայաստանում, ունի իր ընտանիքն ու մեծացնում է դստերը․ 

«Միայն գյուղում հայտնվելուց հետո հասկացա, թե ինչ լավ մանկություն եմ ունեցել, ինչքան ջանք են գործադրել իմ ծնողները՝ մեզ այդ կյանքը տալու համար։ Ես տեսնում էի երեխաների, որոնց կյանքը կանխորոշված էր, որովհետև նրանք ծնվել էին գյուղում, որտեղ կրթության որակն է ուրիշ, հնարավորությունները։ 

Եվ դա անարդար է։ Բայց հենց դա է ինձ մոտիվացնում, որպեսզի ես անեմ ինչ-որ բան, որը կբարելավի նրանց կյանքի որակը։ Ես ուզում եմ, որ մարդիկ գյուղում ապրեն, ոչ թե որ ուրիշ տարբերակ չունեն, այլ իրենց ընտրությամբ։ Ես վերադարձա՝ շատ լավ գիտակցելով, որ Հայաստանում ծանր վիճակ է։ Մարդիկ այդ նույն պատճառով գնում էին Հայաստանից, իսկ ես մտածում էի՝ այդքան գնացողների փոխարեն մյուսներն էլ պետք է հետ գան։ Եվ ես հետ եկա՝ հստակ համոզումով՝ այլևս երբեք չեմ գնալու»,– ասում է Արուսիկ Զեյնալյանը։

Սոնա Մարտիրոսյան

MediaLab.am