Լեւոն Զուրաբյան. «Այսօր գալիս է պահը, երբ ժողովուրդը նորից պետք է մտնի խաղի մեջ»

Ընդդիմադիր Հայ ազգային Կոնգրեսի համկարագող քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իշխանությունները սեպտեմբերին պետք է կողմնորոշվեին արտահերթ ընտրությունների հարցում, ու թեեւ տեխնիկապես դեռեւս ժամանակ կա, բայց ինքը չի կարծում, որ «Հայաստանում որեւէ մեկը պատրանք ունի, թե իշխանությունները պատրաստ են որեւէ զիջումների»:
«Իշխանությունները պատրաստ էին զիջումների` մեր գարնանային հզոր հանրահավաքների ճնշման ներքո եւ նրանք գնացին բավականին լուրջ զիջումների:

Ակնհայտ է, որ իշխանությունները կանգ են առել ճանապարհի կեսին եւ այլեւս որեւէ զիջման չեն գնա: Նրանք համարում են, որ լարվածությունը թուլացել է եւ հետագա զիջումների կարիք չկա: Իշխանությունները չեն հասկանում, որ լարվածությունը թուլացել է հենց այն պատճառով, որ ժողովուրդը սպասում է, որ նրա պահանջները կկատարվեն երկխոսությամբ: Հենց դա էր պատճառը, որ մենք որպես ընդդիմություն` ժողովրդի ձայնը փորձեցինք հասցնել իշխանություններին, սակայն այսօր ստիպված ենք եզրակացնել, որ իշխանությունները սթափ չեն ըմբռնում ստեղծված վիճակը: Ուստի, այսօր գալիս է պահը, երբ ժողովուրդը նորից պետք է մտնի խաղի մեջ եւ իշխանություններին իր ձայնը հասցնի արդեն լրիվ ուղիղ կերպով`հանրահավաքները բազմամարդությամբ, վճռականությամբ եւ կոնկրետ գործողություններով»,- հայտարարեց Զուրաբյանը:

Զուրաբյանի խոսքով` «քանի որ այդ պահը հասունացել է, ընդդիմությունը կոչ է անում ժողովրդին սեպտեմբերի 30-ին ներկայանալ համապետական հանրահավաքի, որը նորից պետք է գործի որպես ժողովրդի ինքնակառավարման ֆորում եւ որոշումներ կայացնի ընդունելով մեր հետագա անելիքների հստակ ծրագիր»:

«Կոնգրեսում տեղի են ունեն ինտենսիվ խորհրդակցություններ` կուսակցությունների, հ/կ-ների, ակտիվիստների, սոցիալական խմբերի, անհատ ակտիվիստների հետ: Սեպտեմբերի 30-ին մենք պետք է բեկում մտցնենք մեր հանրահավաքների մարդաշատության առումով եւ մենք կոչ ենք անում բոլոր մեր քաղաքացիներին`առաջարկություններ ներկայացնել ժողովրդավարության հաստատմանն ուղղված միջոցառումների ծրագրի մշակման համար, ինչպես նաեւ ուղակի մասնակցել այդ ծրագրի ընդունմանը` գալիք հանրահավաքում»,- հայտարարեց Զուրաբյանը:

© Medialab.am